Ամենաբարդ վիճակում Աշխարհագրությունն է
ՄշակութայինՀուլիսի 26-ին ավարտվեց բուհերի թափուր տեղերի համար հայտեր ներկայացնելու ժամկետը։ Շուրջ 800 դիմորդներ դուրս են մնացել մրցույթից։ Եվ նրանց հնարավորություն է տրվում ներկայացնել 6 հայտ այն մասնագիտությունների գծով, որոնցում թափուր տեղեր են առկա, և քննությունները համընկնում են։ Սա մի շարք բուհերի և մասնագիտությունների համար վերջին հնարավորությունն է՝ համալրելու առկա բաժնի տեղերը։
Այս տարի ամենածանր վիճակում էին հայտնվել Ագրարային համալսարանը և Մանկավարժական համալսարանը, որտեղ ընդունվողների թիվը կտրուկ նվազել էր։ Պատճառներից մեկն այն էր, որ այս տարի նախարարությունը որոշել էր դիմորդներից պահանջել առնվազն երկու քննություն, ինչի արդյունքում այս բուհերի առանց այն էլ սակավաթիվ դիմորդների մեծ մասն անբավարար ստացավ։
Սակայն թափուր տեղերի մրցույթն առանձնապես չօգնեց այս բուհերին, քանի որ առաջին հայտով դիմողների թիվը շատ քիչ է։ Ագրարային համալսարանի ուսանողների թիվը կավելանա մի քանի հոգով, իսկ Մանկավարժական համալսարան կընդունվեն մի քանի տասնյակ դիմորդներ։
Քննությունների ընդհանուր ֆոնին առանձնանում է Աշխարհագրություն մասնագիտության և առարկայի վիճակը։ 2013թ.-ին Աշխարհագրություն առարկայից միասնական քննություն էր հանձնել 339 դիմորդ, 2021թ.-ին՝ 176, իսկ այս տարի՝ 127։ Այսինքն՝ 9 տարում ունենք դիմորդների թվի շեշտակի կրճատում։ Իսկ անցած տարվա համեմատ Աշխարհագրություն հանձնած դիմորդների թիվն այս տարի կրճատվել է շուրջ 30%-ով։
https://168.am/2022/07/31/1739403.html
