Տիեզերքում չգտնվեց մի թիվ, որը, ըստ դատավոր Մնացականի, կզսպի վատառողջ Վերմիշյանին
ԹեմաՔաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի փաստաբան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՉՈՒԲԱԵՎԸ երեկ հերթական անգամ դատարանին միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ` առաջարկելով 20 միլիոն դրամի գրավ:
«Ուզում եմ դատարանից սպառիչ լսել` առհասարակ չկա՞, օրինակ, որեւէ թիվ, որը կարող է զսպել պարոն Վերմիշյանի անհրաժեշտ եւ ցանկալի վարքագիծը: 100 միլիոն դոլարը կարո՞ղ է զսպել, թե՞ չի կարող: Չեմ ուզում մշտապես այս հարցը բարձրացնել` 3 միլիոնից սկսել ենք, հետո ասում ենք` 5 միլիոն, ասում եք` չէ, 10 միլիոն, 15 միլիոն, 18 միլիոն` էլի չէ: Այս փակ շղթային պետք է վերջ տալ: Դատարանը պետք է կամ ծանր որոշում կայացնի, որ առհասարակ չկա այս տիեզերքում մի թիվ, որը կարող է զսպել Վահագն Վերմիշյանի անհրաժեշտ եւ ցանկալի վարքագիծը, կամ արձանագրի, որ կա մի թիվ եւ սահմանի այն իր որոշմամբ»,- ընդգծեց փաստաբանը:
Իսկ դատավոր Մնացական Մարտիրոսյանը վերադարձավ խորհրդակցական սենյակից` միջնորդության մերժումով` ըստ էության, փաստելով, որ, իրոք, տիեզերքում չգտնվեց մի թիվ: Մինչդեռ Վ. Վերմիշյանը առողջական խնդիրներով տեղափոխվեց հիվանդանոց` առանց խափանման միջոցի փոփոխության:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
