«ԽԵՆԹՈՒԹՅՈՒՆՍ ՈՐ ԲՌՆՈՒՄ Է, ՍԱՀՄԱՆ ԵՎ ԱՐԳԵԼՔ ՉԿԱ».ԱՎՈ ԱԴԱՄՅԱՆ
Մշակութային«Իրավունքը» զրուցել է երգիչ, դերասան ԱՎՈ ԱԴԱՄՅԱՆԻ հետ:
— Երկու բառով ինչպե՞ս կբնութագրեք Ձեզ:
— Նորմալ մարդ եմ, ուղղակի` մի քիչ խենթ:
— Ինչպե՞ս են արտահայտվում Ձեր խենթությունները:
— Խենթությունս որ բռնում է, սահման եւ արգելք չկա:
— Հանգստի ե՞րբ եք պատրաստվում մեկնել:
— Ամիսուկես առաջ եմ վերադարձել: Ամռանը զբաղվածության պատճառով չեմ կարող մեկնել, բայց աշնանն անպայման կգնամ: Այս տարի ուզում եմ Էֆելյան աշտարակի վրա շամպայն խմել կնոջս հետ:
— Ռոմանտի՞կ եք:
— Ռոմանտիկան ինձ մոտ պայմանավորված է տրամադրությունից եւ աուրայից: Եթե ռոմանտիկ չլինեի, ինչպե՞ս կարող էի այդքան սիրո երգեր երգել:
— Եթե ձեզ առաջարկեին ընդմիշտ տեղափոխվել որեւէ երկիր ապրելու, կմեկնեի՞ք:
— Բազմիցս եղել են եւ մինչեւ հիմա էլ կան առաջարկներ, բայց՝ ոչ…
-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:
— Շատ են ծրագրերը` նոր երգեր, տեսահոլովակներ, համերգներ, շրջագայություններ… Շուտով հեռուստադիտողների դատին կհանձնվի «Սերը թակարդում» հեռուստանովելը, որի սցենարիստն է Անուշ Պետրոսյանը, որտեղ ես հանդես եմ եկել գլխավոր հերոսի` Արամի դերում: Առաջիկայում կլինի նաեւ իմ նոր երգի պրեմիերան: Շատ սիրուն երգ է եւ կոչվում է «Թող այսօր սիրտդ մնա ինձ մոտ…»: Բառերի հեղինակը Դիանա Մարդանյանն է, երաժշտությունը Սյուզի Հարությունյանինն է: Գործիքավորումը եւ ինժեներական բոլոր աշխատանքներն արվել են Ռուսաստանում: Նկարահանման աշխատանքները արվել են Եվրոպայում: Նկարահանման աշխատանքները կատարել է «Վան Մեդիան»` Վահե Հարությունյանը:
— Ֆինանսավորման առումով շա՞տ են ծախսերը:
— Իհարկե, հատկապես երբ խենթությունդ բռնում է, եւ ուզում ես Հայաստանից դուրս մի սիրուն բան նկարահանել, ծախսերը մեծանում են:
— Իսկ ծախսված գումարները վերադառնո՞ւմ են: Դրանից Ձեր ֆինանսները չե՞ն տուժում:
— Այո, որ չվերադառնար, չէինք կարող այդպիսի ծախսեր անել:
— Բայց ասում են՝ Հայաստանում եկամտաբեր չէ շոու-բիզնեսով զբաղվելը:
— Մեր երկրում ամեն ինչ էլ կա: Մնում է, որ մենք պահենք եւ մեր ուզածը ստեղծենք:
— Երգարվեստում կա՞ մի ժանր, որով երբեք հանդես չեք գա:
— Երբեք չեմ ասում երբեք, որովհետեւ չգիտեմ, թե վաղն ինչ կլինի: Հիմա երգում եմ ժողովրդական, էստրադային երգեր ու իմ ուրույն ոճն ունեմ: Եվ մեր հին, բարի երգերը իմ կատարմամբ, նոր մոտեցումներով եմ ներկայացնում: Այդ երգերին կյանք եմ տալիս նորովի, ու ամբողջ Սփյուռքը, մեր հայությունը շատ են հավանում:
— Հին երգերը նորովի երբ ներկայացնում են, երբեմն երգիչը արժանանում է քննադատության: Ձեզ հետ այդպիսի դեպքեր եղե՞լ են:
— Դեռեւս քննադատության չեմ արժանացել, որովհետեւ ես երգի արմատին հավատարիմ եմ մնացել: Երբ մի քանի տարի առաջ լուսահոգի Արթուր Գրիգորիչի «Դու նոր տարի» երգը ռեմիքս տարբերակով ներկայացրի, որտեղ նաեւ զուռնայով Կամո Սեյրանյանն էր նվագակցել, սիրուն, տոնական երգ էր ստացվել, շունչս պահած սպասում էի, թե մաեստրոն ինչ գնահատական կտա: Մաեստրոն լսեց ու ասաց` գնա երգի ու բոլորին կասես, որ ես քեզ թույլ եմ տալիս, որ ցանկացած հայկական հին երգի դիպչես…
— Եկեք անդրադառնանք Ձեր հյուրախաղերին…
— Նոր եմ վերադարձել հյուրախաղերից` ՌԴ-ից եւ Եվրոպայից: Աշնանն էլի համերգներով կլինեմ Եվրոպայում: Եթե ամեն ինչ լավ լինի, համերգներով կմեկնեմ նաեւ ԱՄՆ:
— Մենահամերգ ունենալո՞ւ եք:
— Մենահամերգս եղավ ապրիլին: Մայիս ամսին էլ պետք է լիներ մեծ մենահամերգ, բայց չհասցրի: Երկու մեծ մենահամերգ եմ ունեցել, ու երկուսի ժամանակ էլ բոլոր տոմսերը սպառվել էին: Ավելացնեմ նաեւ, որ Ռուսաստանում էլ 95 տոկոս իմ համերգների տոմսերը սպառված են եղել:
— Եվ վերջում՝ ի՞նչ խոսքերով կավարտեք մեր հարցազրույցը:
— Կուզենայի, որ մեր երկրում ամեն ինչ լավ լիներ: Ամենքս մեր տանը ստեղծագործեինք, ապրեինք…
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
