Ինչու են բանկերը դոլարը կանխիկացնելիս 3 տոկոս պահում. «Հրապարակ»
Մամուլի տեսություն«Ռուս-ուկրաինական պատերազմից հետո, երբ աշխարհում ֆինանսական խառնաշփոթ սկսվեց, Հայաստանում եւս ֆինանսական անհասկանալի եւ անկայուն իրավիճակ ստեղծվեց։ Եվ Կենտրոնական բանկը սկսեց որոշակի գործիքներ կիրառել, որպեսզի, իբրեւ թե, կայունացնի ֆինանսական շուկան, այդ թվում՝ հատկապես դոլար-դրամ հարաբերակցությունից բխող բացասական հետեւանքները։ Բայց բազմաթիվ տնտեսվարողներ, հատկապես ՝ Ռուսաստանից ժամանածներ, հայկական արտահանողներ սկսեցին դժգոհել ոչ միայն դոլարի կուրսի կտրուկ նվազումից, այլեւ հաշիվներ բացելիս ստեղծված լրացուցիչ դժվարություններից, դոլարի կանխիկացման դեպքում 3 տոկոս միջնորդավճար պահելուց եւ այլն։
Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը դա բացատրում է ԿԲ-ի կողմից ֆինանսական կայունությունն ապահովելուն միտված պարտավորությամբ, որի իրավունքը ԿԲ-ն ունի։ Քանի որ ՌԴ-ի նկատմամբ կիրառված սանկցիաների հետեւանքով Ռուսաստանում դոլարի դեֆիցիտ է առաջացել, ու այսօր շատերը նաեւ Հայաստանից են փորձում դոլար կանխիկացնել եւ տանել ռուսական շուկա, ուստի այդ ամենը կանխարգելելու, Հայաստանում դոլարի մասով ռիսկերն ապահովագրելու համար, ըստ Արամյանի, ԿԲ-ն որոշել է 3 տոկոսի չափով կանխիկացման միջնորդավճար սահմանել, որպեսզի դժվարացնի կամ նվազ շահագրգիռ դարձնի դոլարի կանխիկացումը, որը հետո կարող է փոխադրվել Ռուսաստան։
Հարցին՝ Կենտրոնական բանկն այդպիսի իրավասություն ունի՞, որ բոլոր բանկերի մասով նմանատիպ որոշում կայացնի եւ պարտադրի, Արամյանն ասաց․ «Եթե Կենտրոնական բանկը ռիսկեր է տեսնում ֆինանսական կայունության հետ կապված, ապա ԿԲ-ն ունի լիազորություն եւ մանդատ՝ ցանկացած սահմանափակում կիրառել ֆինանսական շուկայում։ Եվ սա աշխարհի փորձն է։ Օրինակ՝ 2002-ին Արգենտինայում Կենտրոնական բանկը սահմանափակում մտցրեց, որ բանկերն ընդհանրապես արտարժույթ չտան, որովհետեւ ֆինանսական կայունության լուրջ խնդիր կար»։
Մեր դիտարկումը, թե դրանից տուժում են ոչ թե այդօրինակ մախինացիաներով զբաղվողները, այլեւ նրանք, ովքեր արտահանմամբ են զբաղվում եւ դրսից դոլար են ստանում, եւ հիմա այս որոշման արդյունքում էապես տուժում են ու դա գնահատում են որպես հերթական հարկատեսակ, այս դեպքում՝ բանկային հարկ, Արամյանն այսպես բացատրեց․ «Ես հասկանում եմ եւ ըմբռնումով եմ մոտենում, բայց նմանատիպ էքստրաօրդինար իրավիճակներում դու չես կարող անհատների հարց կարգավորել»:
