ԱՐՑԱԽՅԱՆ ԵՐԳԵՐԸ «ԱԿՈՒՆՔԻ» ՀԱՄԱՐ ՉԷ՞
Մշակութային«Իրավունքը» զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, Արցախի այա ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆԻ հետ:
— Տիկին Ասրյան, աշխատում եք «Ակունքում»: Ինչպե՞ս է ազգագրական համույթի վիճակն այսօր:
— Ես հիմա չեմ աշխատում «Ակունք» ազգագրական համույթում:
— Ինչո՞ւ …
— Որովհետեւ այդտեղ էլ են ոչնչացնում մշակույթը: «Ակունք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Արթուր Շահնազարյանը եկավ եւ ասաց, որ արցախյան երգեր «Ակունք»–ում չպետք է երգեն: Իսկ ես գնացել եմ այդ համույթ, որպեսզի արցախյան երգեր երգեմ: Այնպես չէ, որ ես միայն արցախյան երգեր եմ երգում, բայց ես պե՛տք է երգեմ արցախյան երգեր: Արցախն ինձ համար ամեն ինչ է` կարոտ ու սեր է: Եվ ինքը, առանց խղճի խայթի, շատ քաղաքավարի ձեւով ինձ հասկացրեց, որ ես այնտեղ անելիք չունեմ, եւ իմ հաստիքը կրճատեց: Ամո՛թ է, այդպես չի կարելի վարվել, չէ՞ որ ես 45 տարի բեմում եմ…
— Այս ամենին կա՞ որեւէ տրամաբանական պատասխան:
— Այո, իհարկե, կա… Մինչեւ հաստիքս կրճատելն Արթուր Շահնազարյանը մի օր եկավ եւ ասաց` այստեղ մարդ կա, որ չպետք է աշխատի: Ու մի քիչ մնաց եւ հավելեց՝ գնում եմ «Սասնա ծռերի» ժողովին: Եվ դա համընկել էր այն օրերին, որ ես «Սասնա ծռերի» մասին մեկնաբանություն էի գրել, որ նրանք սորոսական են եւ ազգայինի անվան տակ հակազգային գործողություններ են կատարում: Հետո, բանից պարզվեց, որ Արթուր Շահնազարյանը սորոսական է եւ «Սասնա ծռերից» է: Ես շատ ափսոսում եմ, որ նման մարդը կոմիտասագետ է: Փաստորեն, Կոմիտասի անունը շահարկում է եւ հակազգային քաղաքականություն է վարում: Եթե «Սասնա ծռերից» է, ուրեմն՝ սորոսական է: Եթե սորոսական է, ուրեմն՝ հակազգային է:
— Այսինքն՝ այսօր Դուք անձնական հաշվեհարդարի զո՞հ եք:
— Այո, երբ ես Արթուր Շահնազարյանին ասացի` արցախցի եմ դրա համա՞ր եք ինձ այսպիսի դրության մեջ գցում: Ասաց` մի՛ քաղաքականացրեք: Ասացի` ոչ թե ես, այլ` Դուք եք քաղաքականացնում: Ու այդպես` ես աշխատանքից ազատվեցի եւ այսօր չեմ աշխատում: Ավելացնեմ նաեւ, որ «Ակունքը» վտանգված է՝ նման գեղարվեստական ղեկավար ունենալով:
— Ի դեպ, Դուք ակտիվ մասնակցում եք ընդդիմության հանրահավաքներին: Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ մեր երկրում այդպես էլ կտրուկ փոփոխություններ չեն լինում:
— Այո, մենք մեր անելիքն անում ենք, բայց մենք մարդկայնորեն ենք մոտենում: Եվ այսօր, երբ դուրս ենք եկել փողոց՝ հավատով, որ ինչ–որ բան կփոխենք, մարդկային նորմաների մեջ է: Իսկ այն, որ չի փոխվում, սա ոչ նորմալ վիճակ է: Այսինքն` այս իշխանության աթոռին նստածները անմարդկային են: Քարին, սարին այդքան անպատվեին, հայհոյեին քարը, սարը կճաքեին: Բայց իրենք այնքան ստոր են, որ թքած ունեն, թե ով ինչ կխոսի իրենց մասին: Իրենք իրենցն անում են՝ ոչնչացնելով ամբողջ ազգայինը, հայկականը: Բայց, միեւնույնն է, իրենց իշխանությունից հեռացնելու ճարը կգտնվի: Երբ 2018 թվականին նա եկավ իշխանության եւ ասաց՝ զրոյից եմ սկսելու: Ես սարսափեցի: Եվ նույնիսկ իմ մեկնաբանություններում գրեցի` սա ոչնչացնելու է ազգին եւ զրոյից ինչ–որ բան է անելու, թե ինչ` չգիտեմ… Այսքան զոհերն ու հողերի կորուստը, որ եղան, արդեն ասվածի ապացույցն է: Մարդիկ, որոնք 2018 թվականին իմ ասածի համար հակադարձում էին ինձ, արդեն զանգում եւ ներողություն են խնդրում: Փաստորեն, Նեռը եկավ ոչնչացնելու հայկականը…
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
