«ՃԱՇԱԿԻ ՈՒ ԻՆՏԵԼԵԿՏԻ ՊԱԿԱՍԸ ՄԵՐ ԵՐԳԱՐՎԵՍՏԻ ԱՄԵՆԱՑԱՎՈՏ ԽՆԴԻՐՆ Է».ՄԱՎՐ ՄԿՐՏՉՅԱՆ
ՄշակութայինՍտեղծագործական նորությունների եւ ամառային հանգստի հետ կապված ծրագրերի մասին «Իրավունքը» զրուցել է ժողովրդական երգիչ ՄԱՎՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:
— Խաչիկ Մանուկյանի խոսքերի եւ Մարգարիտ Սարգսյանի երաժշտության հիման վրա նոր երգի պրեմիերա ունեք, որը կոչվում է «Երկնատուն»: Կպատմե՞ք այդ երգի ստեղծման պատմությունը:
— Երկնատուն երգի ամբողջ մտահղացումը Մարգարիտինն է Սարգսյան, ով՝ լինելով մեր լավագույն կոնցերտմայստերներից մեկը, այսօր բազմաթիվ հրաշալի երգերի հեղինակ է: Կարդալով Խաչիկ Մանուկյանի խոսքերը՝ առաջին տպավորության տակ գրել էր այս երգը եւ, իր ասելով, գրելուց պատկերացրել էր հենց իմ ձայնի համար: Երգը նվիրված է 44–օրյա պատերազմում զոհված հերոս Վաչագան Մանուկյանի հիշատակին, ով Խաչիկ Մանուկյանի ավագ որդին է: Եվ ես գիտեմ, թե ինչքան կարեւոր է այս երգը Խաչիկ Մանուկյանի համար: Առաջին անգամ լսելով երգը, հասկացա, որ գործ ունենք մեր նոր գոհարներից մեկի հետ, եւ Մարգարիտի հետ որոշեցինք մինիմալ, նմանատիպ լուծում տալ…
— Ըստ Ձեզ, ո՞րն է ամենացավոտ խնդիրն այսօրվա երգարվեստում:
— Ճաշակի ու ինտելեկտի պակասը, նմանատիպությունն ու պրիմիտիվիզմը…
— Առաջիկայում ի՞նչ նոր ծրագրեր ունեք:
— Ծրագրեր շատ ունեմ, կապված հայ երգի, Կոմիտասի, ժող. երգերի հետ, բայց երեւի անեմ, հետո կիսվեմ դրա մասին:
— Հանգստանալու չեք պատրաստվո՞ւմ մեկնել:
— Առայժմ, ցավոք, չեմ կարողանում ժամանակի մեջ տեղավորվել, բայց օգոստոսին կփորձեմ գոնե 10 օրով կազմակերպել:
— Իսկ եթե մեկնում եք, որտե՞ղ եք նախընտրում անցկացնել հանգստյան օրերը:
— Իմ ամենահանգիստը ես միշտ գտնում եմ իմ Ջավախքի տանը, բայց կփորձեմ մի քանի օրով ծով էլ գնալ:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
