Շեղվել ժողովրդական երգից ինձ համար կլինի ուղղակի դավաճանություն. Մոնիկա Նազարյան
ՄշակութայինԵրգչուհի ՄՈՆԻԿԱ ՆԱԶԱՐՅԱՆԸ կոտրեց բոլոր այն կարծրատիպերը, թե ժողովրդական երգն ինչ–որ փուլում կարող է իր դիրքերը զիջել ժամանակակից ռիթմերին: Ամիսներ առաջ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած Կարեն–Սեւակ բենդի ընկերակցությամբ՝ նրա մենահամերգն անցավ լեփ լեցուն հանդիսատեսով, ավելին՝ նույնիսկ կային մարդիկ, որոնց այդպես էլ չհաջողվեց տեղավորվել դահլիճում: Սկզբում Մոնիկա Նազարյանը գրավեց հեռուստադիտողի սերը՝ մասնակցելով «Ժողովրդական երգիչ» հեռուստանախագծին, այնուհետեւ դարձավ համացանցի հազարավոր հետեւորդների ամենասրտամոտ ձայնը, իսկ այժմ նա համերգներով հանդես է գալիս ոչ միայն Հայաստանում, այլ Արեւմուտքից մինչեւ Արեւելք: «Իրավունքի» հետ զրույցում նա խոսեց ոչ միայն երգարվեստի մասին, այլ նաեւ չխուսափեց անձնական կյանքի մասին հարցերից:
— Ստեղծագործական ի՞նչ նորություններ ունեք՝ նոր երգի, տեսահոլովակի, համերգային ծրագրերի սպասե՞նք:
— Քանի որ մեծ մենահամերգ ունեցա, եւ հսկայական աշխատանք է իրականացվել, այն պատրաստվում ենք ներկայացնել հանրության ավելի լայն շրջանակներին: Դեռ սպասում եմ համերգի մոնտաժային, միքս–մաստերինգի աշխատանքների ավարտին: Սա շատ ծավալուն գործընթաց է, որը շարունակվում է արդեն երեք ամսից ավելի: Դրանից հետո նախատեսում եմ հյուրախաղերով հանդես գալ արտասահմանում՝ Եվրոպայում, ԱՄՆ–ում, Ռուսաստանի Դաշնությունում եւ, իհարկե, Հայաստանի տարբեր քաղաքներում:
— Այդուհանդերձ, ի՞նչ եք կարծում՝ ժողովրդական երգը մեր օրերում սկսե՞լ է զիջել 50 Cent–ներին:
— Այդպես չեմ համեմատի, որովհետեւ ժողովրդական երգը շատ տարբեր է ոճային առումով: Պարզ է, որ ժողովրդական երգ ու 50 Cent լսող հանդիսատեսը նույնպես տարբեր է ու ոչ միայն ճաշակի հարցում: Ցանկացած մեկը, ով լսում է 50 Cent, իր տեսակով ուրիշ է, նույնիսկ հագուկապով է այլ, իսկ ժողովրդական երգը լսողներն ուրիշ տեսակի ու աշխարհի մարդիկ են: Կարող եմ ասել, որ շատ մեծ առաջընթաց կա, եւ հիմա շատ են երիտասարդները լսում ժողովրդական երգեր: Վստահ եմ՝ գալու է ժամանակ, երբ առանց վարանելու կընդգծեմ, որ ժողովրդական երգն ունի չափազանց մեծ լսարան հենց երիտասարդների կողմից: Քիչ–քիչ մոտենում ենք դրան: Եթե մի քանի տարի առաջ այն շատ հեռու էր իրականություն լինելուց, հիմա կարող եմ ասել, որ շատ մոտ ենք:
— Ինչո՞վ է պայմանավորված այդ լավատեսությունը:
— Ժողովրդական երգն առաջին պլան է մղվում, որովհետեւ դուք էլ նկատած կլինեք, որ տարբեր ժանրերի երգիչ–երգչուհիները փորձում են իրենք էլ ժողովրդական երգ ներկայացնել՝ կլինի ռեմիքսի տեսքով, թե օրիգինալ տարբերակով: Սա նշանակում է, որ կամաց–կամաց ժողովրդական երգն իր ճիշտ տեղն ու դիրքն է գրավում:
— Հնարավո՞ր է ժանրային փոփոխություն, թե՞ հավատարիմ եք մնալու ժողովրդական երգին:
— Ժողովրդական երգը ծնված օրվանից լսում եմ եւ երգել եմ շատ փոքր տարիքից: Երբեք չեմ շեղվել այդ ուղուց, որովհետեւ ինձ համար լավագույն երաժշտությունը մեր ազգայինն ու ժողովրդականն է: Կարծում եմ՝ շեղվել դրանից ինձ համար կլինի ուղղակի հանցագործություն: Ինչպե՞ս բացատրեմ… Այնքան նվիրված եմ այս երաժշտությանը, որ դավաճանություն կհամարեմ ժանրային փոփոխությունը: Հակառակը՝ այնպես եմ անելու, որ այն երգիչները, ովքեր երգում են ուրիշ ժանրերում, իրենց երգացանկում շարունակեն ընդգրկել ժողովրդական երգեր՝ տեսնելով, որ պահանջարկը մեծ է: Ժողովուրդը, միեւնույնն է, շատ է սիրում ժողովրդականը: Ընդ որում՝ խոսքս միայն մեծահասակների մասին չէ, ժամանակին ռադիոյով ու հեռուստատեսությամբ նրանց ականջին այնքան շատ է հնչել ժողովրդական երգը, որ կուզենային հիմա էլ լիներ, բայց այսօր նաեւ երիտասարդների շրջանում կա մեծ հետաքրքրվածություն ժողովրդական երգի հանդեպ: Ունենք բազմաթիվ երիտասարդներ, ովքեր երգում են ժողովրդականը, տարածում են այն: Սա շատ կարեւոր է մեզ համար այս ծանր ժամանակաշրջանում: Մենք պետք է ամբողջ աշխարհին ներկայացնենք ոչ միայն ժողովրդական երգն ու երաժշտությունը, այլեւ ցանկացած ոլորտում ազգայինը:
— Ո՞ւմ հետ կցանկանայիք զուգերգով հանդես գալ, կամ կա՞ն նման մտադրություններ:
— Հիմա այդպիսի մեկը չկա, ում հետ շատ կուզենայի զուգերգ ունենալ: Եթե հնարավոր լիներ ժամանակի անիվը հետ շրջել, կցանկանայի ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արաքսյա Գյուլզադյանի հետ զուգերգ կատարել: Ոչ թե պրոֆեսիոնալ ձայնագրված զուգերգ լիներ ու տեսահոլովակ, այլ, ուղղակի, նստեինք իրար հետ ու երգեինք, ուրիշ ոչինչ…
— Ի՞նչն է այսօր Ձեզ անհանգստացնում երգարվեստում, որո՞նք են ամենացավոտ խնդիրները:
— Այսօրվա երգարվեստում միակ ցավոտ խնդիրն այն է, որ ժողովրդական երիտասարդ երգիչներին, որոնք ձայնային լավ տվյալներ ունեն, շատ հնչեցնեն ռադիոյով ու հեռուստատեսությամբ, տարբեր երաժշտական հաղորդումներով: Միակ ցանկությունս այն է, որ շատ հնչեն մեր ժողովրդական, աշուղական, կոմպոզիտորական երգերն ու քաղաքային ֆոլկլորը, մնացածն անկախ ամեն ինչից լինելու է: Այսօր կա համացանց, որտեղ ցանկացած մեկը կարող է իր երգերը ներկայացնել ժողովրդին: Արդեն ժողովուրդը պետք է ընտրի՝ ում լսել եւ ում լսարանը մեծացնել: Քանի որ ինքս բողոքական մարդ չեմ, չկա կոնկրետ որեւիցե մի բան, ինչից բողոքեմ: Ես ունեմ իմ մեծ լսարանը, որն օր օրի ավելի է շատանում: Ամեն ինչ անում եմ դրա համար եւ շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր ինձ սիրում են ու իմ կողքին են: Միայն մտածում եմ շատ երգեր ձայնագրելու եւ հանրությանը ներկայացնելու մասին, որովհետեւ ես դրանով ապրում եմ: Ուրիշ որեւիցե մի բացասականի վրա չեմ ուզում կենտրոնանալ:
— Արդեն երկու տարի է, ինչ ամուսնացած եք, հետաքրքիր է՝ ընտանեկան նոր կարգավիճակը օգնո՞ւմ է, թե՞ խանգարում է շարունակել զբաղվել երգարվեստով:
— Այնպես է ստացվել, որ չի խանգարում այդ փաստն իմ կարիերային, որովհետեւ ունեմ լավ ընտանիք, եւ ամուսինս իմ կողքին է: Շնորհակալ եմ Աստծուն, որ նման կողակից է ինձ բաժին հասել, որովհետեւ արվեստագետի համար շատ կարեւոր է իրեն հասկացող կողակից ունենալը: Նա ինձ օգնում է ամեն հարցում եւ, կարելի է ասել, ինձնից շատ է մտածում, ոգեւորվում, ամեն–ամեն հարցում իմ կողքին է: Մեկ վայրկյան անգամ ինձ խոչընդոտ չի հանդիսացել ամուսնության փաստը, այլ միմիայն ստիմուլ ու ուրախություն է պարգեւել:
— Ի՞նչ եք կարծում՝ Ձեր դուստրը՝ փոքրիկ Վիկտորյան, կգնա՞ մայրիկի ճանապարհով, թե՞ ընտանիքում մեկ երգչուհին բավական է:
— Ի դեպ, ասեմ, որ աղջիկս շատ երաժշտական է ու անընդհատ սիրում է լսել իմ երգերը: Հետաքրքրական է այն, որ հատկապես շատ է սիրում լսել բարդ ստեղծագործությունները: Կարծես իմ երաժշտական տեմբրից հանգստանում է, եւ իր ոգեւորվածությունը, չարաճճիությունը, էներգիան, որը հատուկ է երեխաներին, մի քանի րոպեում հանդարտվում են այդ երաժշտության ներքո: Երբ պատրաստում եմ նրան քնեցնելու, երբեմն միացնում եմ իմ երգերից որեւիցե մեկը, որպեսզի ավելի հանգիստ քնի: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, չգիտեմ, թե ինչպիսի ապագա կունենա՝ երգչուհի կդառնա, թե որեւիցե ուրիշ գծով կշարունակի, բայց եթե լավ է երգելու, անպայման կխրախուսեմ ու կօգնեմ: Իսկ եթե զգամ, որ նա թերի է երաժշտության եւ երգի ասպարեզում, հաստատ չեմ ցանկանա, որ այդ ուղիով շարունակի: Ինքս սիրում եմ լինել գործի մեջ վարպետ, եւ ցանկացածն իր գործի մեջ պետք է լինի վարպետ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
