Եթե չեք կարողանում փախստական համայնք պահել, պատրաստվո՞ւմ եք մեզ արտահանձնել որեւէ այլ երկրի խնամքին. Հայրյան
ԹեմաԿառավարության դիմաց երեկ կրկին հավաքվել էին արցախցի փախստականները: Նրանք հստակ հարցեր ունեն իշխանության քաղաքական վերնախավին, ինչի վերաբերյալ զրուցեցինք «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ, Մեծ Թաղերի նախկին գյուղապետ, Արցախի նախկին պատգամավոր ԼԵՎՈՆ ՀԱՅՐՅԱՆԻ հետ:
— Նախ ցանկանում ենք երկրի իշխող ուժի պատասխանատուներից հարցնել, թե արդյոք մեզ մեր հայրենիք վերադարձնելու են եւ եթե` ոչ, ապա ինչո՞ւ: Սա նաեւ կապվում է Արցախի կարգավիճակի հետ, որովհետեւ եթե Արցախին կարգավիճակ չտան, մենք ոչ միայն չենք վերադառնա Արցախ, այլ պետք է աշխատենք մեր հայրենակիցներին հանել այնտեղից, որպեսզի չդառնան ապագա ցեղասպանության մսացու: Երկրորդ` պատրաստվո՞ւմ են մեզ փախստականի կարգավիճակ տալ, եթե` ոչ, ապա ինչո՞ւ: Սա նույնպես կապված է Արցախի կարգավիճակի հետ, որովհետեւ 2020 թվականի նոյեմբերի 9–ի փաստաթղթում գրված է, որ փախստականները վերադառնում են իրենց բնակության վայրերը: Մինչդեռ եթե մեզ փախստականի կարգավիճակ չտան, վաղը Ալիեւն ասելու է, թե մենք Հայաստանից Արցախ տեղափոխված ժամանակավոր քաղաքացիներ էինք եւ հիմա վերադարձել ենք մեր հայրենիք: Երրորդ` մինչեւ այս հարցերը լուծելը երկարատեւ ժամկետում պատրաստվո՞ւմ են արդյոք բնակավայր սարքել ՀՀ–ում` փախստականներին տեղավորելու համար եւ եթե` ոչ, ապա ինչո՞ւ: Եվ եթե այս բոլոր հարցերի պատասխանները «ոչ» են, պետք է բարձրացնենք չորրորդ հարցը, որ եթե չեք կարողանում փախստական համայնք պահել, պատրաստվում եք արդյոք մեզ արտահանձնել որեւէ այլ երկրի խնամքին: Այս հարցերի պատասխանները ուզում ենք ստանալ կառավարությունից եւ ունենք նաեւ հինգերորդ լրացուցիչ հարցը` ինչպե՞ս են իրենք պատկերացնում իրենց պաշտոնավարումը, եթե չեն կարողանում ապահովել հայ ազգաբնակչության պահանջները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
