Ինքը կարող է զիջել իր սեփականությունը, բայց ոչ մեր պատմությունը․ Էստեղ մենակ հողի հարց չի, մենք գերեզմաններ ունենք, սրբություններ ունենք․ Աղավնոյի գյուղապետ
Ներքաղաքական<<Ոչ ոք Նիկոլին իրավունք չի տվել, առավել ևս` նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության խախտմամբ, Քաշաթաղի միջանցքը և այնտեղ գտնվող բնակավայրերն Ադրբեջանի վերահսկողությանը հանձնել կամ նույնիսկ այդ մասին հայտարարել, ինչը պետք է գնահատել որպես լիազորությունների ակնհայտ գերազանցմամբ պետական դավաճանության նախապատրաստման դրսևորում: Նիկոլ Փաշինյանը կարող է այդ զիջողական դիրքն ընդունել իր սեփական տան մեջ, բայց իրենք ո՛չ նրան, ո՛չ էլ որևէ մեկին թույլ չեն տալիս իրենց փոխարեն որոշում կայացնել>>,- անդրադառնալով Աղավնոյի հանձնմանը, ասաց Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանը, ընդգծելով․
-Դա Նիկոլի ու Ալիևի ցանկությունն է, և մենք չենք պատրաստվում իրականացնել նրանց այդ ցանկությունը։ Նիկոլի դիրքը միշտ զիջողական դիրք է, ինչին մենք դեմ ենք, մենք որևէ բան չենք պատրաստվում զիջել՝ այն էլ մեր հաշվին։ Եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, ապա կարող է զիջել իր սեփականությունը։ Մենք նրան այդ իրավունքը չենք տվել, որ մեր հաշվին գնա զիջումների։ Լուրջ չեմ ընդունել, չեմ ընդունում, հաշվի էլ չեմ առնելու։ Տան տերը ես եմ, իմ տունը չեմ զիջի, քառակուսի մետրի, տան մասին չէ խոսքը։ Մենք նաեւ նախորդ պատերազմի ժամանակ կորցրել ենք հարազատներ, որ մնա այս ամեն ինչը։ Էստեղ մենակ հողի հարց չի, մենք գերեզմաններ ունենք, սրբություններ ունենք, մենք ոնց թողենք ու գնանք։ Ինչ-որ մե՞կը պիտի որոշի մենք ուր ապրենք, ոնց ապրենք…Միշտ ասում էին՝ Արցախը մեզ պետք չէ, այսինքն` այս զիջողական դիրքը Հայաստանի իշխանության, ընդունելի չէ…Նիկոլ Փաշինյանը, որ անընդհատ հողեր է զիջում, էդ մանդատը իրեն ոչ մեկ էլ չի տալիս, ոչ էլ մենք թույլ ենք տալիս, որ ինքը մեր ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնի: Արցախի հողը համահայկական հող է, պատկանում է հայաստանցուն, Սփյուռքին, արցախցուն: Արցախը չի կարող իր սեփականությունը լինել: Նիկոլ Փաշինյանը թող միայն իր սեփականության վրա որոշումներ կայացնի…Իսկ Արցախը կա ու միշտ կլինի: Նաեւ Հայաստանը կա եւ կմնա։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
