Ցուցարարին խեղդող ոստիկանի պաշտոնը բարձրացրել են. «Հրապարակ»
Մամուլի տեսություն«Դիմադրության շարժման ընթացքում հանրահավաքների եւ երթերի մասնակիցների նկատմամբ բռնություններ գործադրած ոստիկաններին պատժելու պահանջներին ընդառաջ, դատախազությունը հաղորդագրություններ տարածեց, թե նյութեր են նախապատրաստվում, քրեական գործեր են հարուցվելու, բոլոր դեպքերը քննության են առնվելու։ Անգամ եվրոպական երկրների դեսպաններն ու Անդրեա Վիկտորինը հայտարարեցին, թե հորդորել են իշխանություններին՝ բոլոր այդ դեպքերը քննության առնել եւ պատժել մարդկանց՝ հավաքներ անելու սահմանադրական իրավունքին խոչընդոտող ոստիկաններին։
Այդ դեպքերից մեկը շատ մեծ աղմուկ առաջացրեց․ խոսքն այն մասին է, երբ կարմիր բերետավորը երկու ձեռքով խեղդում էր ցուցարարին։ Կադրում հստակ երեւում է, թե ով է խեղդողը, եւ ինչպես է երկու մատով փորձում շնչահեղձ անել իր զոհին։ Մինչ հասարակությունը սպասում է, որ բռնարար ոստիկանները կպատժվեն, իսկ այդ ցանկում առաջին տեղում պետք է լիներ հենց այս կարմիր բերետավորը, մենք տեղեկացանք, որ կոնկրետ այս դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է։
