Մշակույթը` սահմանին. Ոսկեվանում կիթառի խումբ է բացվել
ՄշակութայինՏավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում կիթառի խումբ է բացվել.
«Նպատակս մեր գյուղերի հետ շփվելն էր, այս գեղեցիկ գույները մեր ամենահեռավոր ու սահմանապահ գյուղեր հասցնելը։ Արդեն մտածում էի, թե ինչպես դա կազմակերպեմ, երբ առաջարկ ստացա Ոսկեվանի Մշակույթի տան տնօրեն Արթուր Մելքոնյանից՝ գյուղում կիթառի խումբ բացելու համար։ Անմիջապես համաձայնեցի, քանի որ դա համընկնում էր իմ նպատակների հետ։ Այդ նույն գյուղում մանկությունս անց եմ կացրել՝ կիթառի մասին երազելով։ Եվ, երբ գյուղի երեխաների աչքերի փայլը տեսա՝ կիթառիս նայելիս ու լսելիս, որոշեցի ամեն գնով նրանց տալ այդ հնարավորությունը։
Արթուր Մելքոնյանի հետ պայմանավորվեցինք, որ կարող են հաճախել նաև հարակից գյուղերի երեխաները։ Այս պահին խմբի մեծամասնությունը Ոսկեվանից է, բայց ունեմ սաներ նաև Բաղանիսից և Կոթիից։ Քանի որ ցանկացողները սպասվածից շատ էին, գյուղացիների վճարունակությունը՝ ցածր, իսկ կիթառի առկայությունը ուսուցման ընթացքում՝ պարտադիր, հասկացա, որ շատերը այդ պատճառով գուցե դուրս մնան խմբից։
Որոշեցի դիմել սրտացավ և գաղափարակից մարդկանց, որ հնարավորության դեպքում օգնեն գործիքով կամ գումարով։ Ռուսաստանաբնակ ոսկեվանցի Գայանե Սաֆարյանը անմիջապես արձագանքեց և առաջարկեց իր, Կարինե և Սաթի Մարտիրոսյան քույրերի գումարային աջակցությունը։ Գումար փոխանցեցին նաև հարազատներս և ընկերներս։ Գնեցինք երկու շրջիկ կիթառ, որպեսզի չունեցողները խմբերի բաժանվեն և հերթով պարապեն, իսկ ով էլ որ կարողացավ կիթառ ձեռք բերել, նրան էլ մի փոքր օգնեցինք հավաքված գումարով։
Այսպիսով իրականություն դարձավ Ոսկեվանի կիթառի խումբը: Գյուղում արձագանքը հրաշալի էր, ոգևորությունը՝ անսահման: Կիթառի խումբը գյուղերում առաջին հերթին կփոխի տրամադրություն, ապա ճաշակ, մտածելակերպ, կբացահայտի տաղանդներ, որն էլ իր հերթին կապ կստեղծի գյուղի և մեծ քաղաքների միջև՝ իր բոլոր դրական հետևանքներով։ Անսահման շնորհակալ եմ Արթուր Մելքոնյանին իր նվիրումի, կարճ ժամանակում գյուղի մշակութային կյանքը բուռն կերպով ակտիվացնելու և մարդկային բարձր որակների համար»,- 1or.am-ի հետ զրույցում պատմում է կիթառահարուհի Կարինե Ալեքսանյանը:
https://1or.am/?p=110182&l=am
