Պարադոքս է, որ Մոսկվան չի հերքում Շառլ Միշելի հայտարարությունները. Մարկեդոնով
ԹեմաՄիջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (MGIMO) առաջատար գիտաշխատող, ռուսաստանցի քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԱՐԿԵԴՈՆՈՎԻ գնահատմամբ` Արցախի հարցում արեւմտյան քաղաքական գործիչների հռետորաբանությունից այնպիսի տպավորություն է ստանում, որ Ռուսաստանն առհասարակ այդ գործընթացում մասնակցություն չի ունեցել:
– Արեւմուտքը դադարել է Ռուսաստանի հետ համագործակցել հայ–ադրբեջանական եւ Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Մինչդեռ արցախյան հարցի կարգավորման գործընթացը միշտ եւ էապես տարբերվել է, այդ թվում նաեւ հետխորհրդային տարածքի հակամարտություններից եւ Արցախի հարցով Ռուսաստանն ու Արեւմուտքը միշտ համագործակցել են:
– Այդուհանդերձ, ի՞նչ կասեք հայ–ադրբեջանական բանակցությունների ներկա փուլի մասին, մասնավորապես` Եվրոպայի խորհրդի նախագահի հովանու ներքո տեղի ունեցող Փաշինյան–Ալիեւ հանդիպումների մասին:
– Սա պարադոքս է` այն առումով, որ Մոսկվան չի հերքում Շառլ Միշելի հայտարարությունները: Պարզապես Եվրոպայի խորհրդի հովանու ներքո ընթացող գործընթացում տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանն ընդհանրապես չի եղել եւ չկա բանակցություններում: Մինչդեռ հարցի կարգավորման գործընթացում ՌԴ–ն առավել շատ գաղափարներ ունի:
– Ըստ Ձեզ` աշխարհաքաղաքական զարգացումներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վրա:
– Հնարավոր զարգացումները պայմանավորված են տարածաշրջանում զարգացումների դինամիկայով, մասնավորապես` Սիրայի հարցում ՌԴ–ի եւ Թուրքիայի պայմանավորվածություններով: Կարեւոր է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ուղղակի հակամարտության մեջ չմտնեն: Բայց նման առճակատման պարագայում, համոզված եմ` Արեւմուտքը կսատարի Թուրքիային` անկախ բազում այլ հացերում եղած տարաձայնություններից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
