«Այսօր մեզ պետք է Կիլիկիո արքայի նման մեկը, ով կառաջնորդի հայ ժողովրդին»
Մշակութային«Մետրո» թատրոնում կայացավ Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի Ուսանողական թատրոնի «Կիլիկիո արքան» ներկայացման առաջնախաղը: Սփյուռքահայ հայտնի արձակագիր, դրամատուրգ Մուշեղ Իշխանի «Կիլիկիո արքան» պիեսի հիմքում ազգային ինքնության պահպանման խնդիրն է:
«Ուսանողական թատրոնի առաջին ներկայացումը ցանկացա բեմադրել հենց Մուշեղ Իշխանի «Կիլիկիո Արքան», քանի որ բացի գեղագիտական արժեքներից, պիեսն այսօր արդիական է, արծարծած գաղափարներն այս պիեսում այսօրվան շատ համահունչ են: Բացի այդ, այն ունի ազգային դաստիարակչական նշանակություն: Ուզում եմ` այս ներկայացումով կարողանանք համախմբել ժողովրդին, միակարծիք դարձնել: Որքան համախմբված լինենք, այնքան ավելի լավ կլինի մեր ժողովրդի եւ ազգաբնակչության համար: Հուսով եմ` հայ ժողովուրդը գոնե հիմա դասեր կքաղի մեր պատմությունից եւ գալիք սերունդների համար ապագան մի փոքր ավելի լավը կդարձնի»,- մեզ հետ զրույցում ասաց բեմադրության հեղինակ, քոլեջի Ուսանողական թատրոնի ղեկավար, դերասան, դոցենտ ՀԱՄԼԵՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ:
Ներկայացման մեջ զբաղված են Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տարբեր մասնագիտություններում սովորող ուսանողները:
«Օրինակ, ներկայացման վերջաբանում, որտեղ հնչում է Արթուր Մեսչյանի «Ֆիդայու մահը» կատարումը, քոլեջի «Պարարվեստ» մասնագիտության ուսանողուհիները, դասախոս Նելլի Աբովյանի գեղեցիկ պարային բեմադրությամբ, եկեղեցի են կառուցում, հետո այն քանդվում է, կրկին նորն են վերակառուցում` վերջում գմբեթին դնելով խաչը»,- պատմում է Ուսանողական թատրոնի ղեկավարն ու շեշտում, որ իրեն զարմացնում է այսօրվա երիտասարդության ազգասիրությունը.
«Տեսակով` թե՛ գիտական ու թե՛ մշակութային ոլորտում ունենք շատ ազգասեր երիտասարդներ, բայց նրանց կողքին էլ, որքան էլ զարմանալի է, կա երիտասարդների որոշակի քանակ, որոնք բացարձակ անտարբեր են ոչ միայն արվեստի, գիտության ու կրթության նկատմամբ, այլեւ՝ իրենց շուրջը կատարվողի հանդեպ»:
Կիլիկիո արքային մարմնավորած ԱՐՄԵՆ ՓԱՆՈՍՅԱՆԸ, ով սովորում է քոլեջի «Ռեժիսուրա» մասնագիտության 3-րդ կուրսում, համոզված է, որ իր կերպարից հանդիսատեսն իր հետ կարեւոր ասելիք կտանի. «Ներկայացումը բեմադրել ենք Կիլիկիո արքայի սիմվոլիկայով, այսինքն` Կիլիկիո արքան ոչ թե հենց արքան է, այլ հենց այն հավաքական կերպարը, որին տանջում է հայրենիքը, հայրենի հողերը վերադարձնելու միտքը: Մեր նպատակն է, որ մարդիկ հասկանան, գիտակցեն, որ արժե հայրենիքի ու հողերի համար պայքարել: Այսօր մեզ պետք է Կիլիկո արքայի նման մեկը, ով կառաջնորդի ու հայ ժողովրդին այդ գիտակցությանը կբերի»:
Երեւանի Շ. Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ վստահեցրեց, որ ներկայացումը դուրս կգա ոչ միայն քոլեջի պատերից դուրս, այլ մտադիր են ներկայացումը խաղալ մարզերի եւ Սփյուռքի հանդիսականի համար. «Այն ներկայացումները, որոնք ազգային մտածողություն ունեցող բնույթ են կրում, պետք է անպայման ներկայացնել Սփյուռքի հանդիսատեսին»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
