Ինչ է տեղի ունեցել հրապարակից վրանները հավաքելու նախորդ առավոտը
ԹեմաՖրանսիայի հրապարակի ընդդիմադիր հարթակից երեկ հայտարարվեց, որ այսօր կհավաքեն վրանները` որդեգրելով հետագա պայքարի այլ գործիքակազմ: Իսկ թե ինչ էր տեղի ունեցել նախորդ առավոտ, ուշագրավ մանրամասներ պատմեց արցախյան երեք պատերազմների մասնակից, ազատամարտիկ ՇԱՀԵ ԱՃԵՄՅԱՆԸ:
– Առավոտյան ժամը 6:00-ին, չգիտեմ ինչպես, որ կողմից, մի ավտոմեքենա էր մտել հրապարակ եւ վրաններից մեկին խփելով` փախել էր: Վերջին տեղեկությունով` գիտեմ, որ ոստիկանությունը կարողացել է բերման ենթարկել: Մեքենայի մեջ եղել է երեք հոգի: Ի դեպ, ընդհանրապես միշտ ես այդ վրանում էի լինում, վրանին խփած ճիշտ այդ տեղում, աթոռ էի դնում ու նստում: Չեմ կարող ասել, թե որն է եղել իրենց նպատակը, միգուցե ուղարկված են եղել, միգուցե մտածել է, որ մեծ «քաջագործություն» է անում, երեւի կպարզվի: Ուղղակի կապիկություն է այս ամենը, հիմա բռնվեցին, հետո փոխհատուցո՞ւմ են տալու, նոր վրա՞ն են առնելու: Եվ այս ամենին զուգահեռ իշխանությունն ամեն ինչ անում է, որ վախի մթնոլորտ լինի: Քաղբանտարկյալներին ազատ չեն թողնում, հավելյալ մարդկանց են ձերբակալում, շինծու գործեր են հարուցում: Իրենց թվում է, որ վախեցնելով շարժումը կմարեն: Բայց իրենք սխալ հաշվարկների մեջ են: Մեզ չեն կարող վախեցնել: Սա ուժասպառ, հոգեվարքի մեջ գտնվող իշխանության գործելաոճ է: Նիկոլն էլ մտածում է, եթե հրաժարական տամ, ինձ դատելու են, փախնելու տեղ չունեմ: Երեւի պետք է ընդդիմությունն իրեն երաշխիքներ տա, որ հրաժարական տա, որպեսզի կարողանանք Հայրենիքը վերականգնել: Նիկոը շատ է սուտ խոսել, թող մի անգամ էլ ընդդիմությունը սուտ ասի, որ քեզ չենք դատելու, Նիկո՛լ, գնա՛, ուրիշ բան չենք ուզում:
– Ի՞նչ կասեք «Դիմադրություն» շարժման մասին, ճի՞շտ էին իշխանության կանխատեսումները, որ այն մարելու է:
– Ընդհակառակը` ավելի պետք է ուժեղանա, որովհետեւ հայ ժողովուրդը արդեն սկսել է հասկանալ: Հարեւաններս, շրջապատս, մտերիմներս, որոնք նիկոլական էին, այսօր Նիկոլ են հայհոյում, նրա դեմ են խոսում: Նոր արթնանում են մարդիկ, որովհետեւ Հայաստանը գնում է դեպի թրքացում: Վաղը մյուս օր ամեն 100 մետրի վրա մի մզկիթ կլինի, Հայաստանի տնտեսությունը կդառնա թուրքերի ձեռքի գործ, մենք ի՞նչ ենք լինելու, ստրո՞ւկ, թե՞ Եվրոպայի պես աղավաղելու են մեր փոքրիկ, մոնո Հայաստանը, որ մնացել է հազարամյակներով: Մի բուռ հայ ենք մնացել, գան մեզ հետ ապրե՞ն ու մեզ ստորացնե՞ն: Այդպես չի լինելու, եւ մարդիկ սկսել են հասկանալ այս ամենը: Մի բան պետք է փոխվի, հույսով եմ` պայքարի նոր մարտավարությունը, ճանապարհային քարտեզն իրեն կարդարացնի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
