Պայքարն աստիճանաբար կարող է վերածվել քաղաքական զբոսանքի. Բադալյան
ԹեմաԱնդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժման ձեռքբերումներին եւ բացթողումներին` քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆՆ ընդգծում է, որ առաջին փուլում խնդիրը «լաոյին արթնացնելն» էր: Այսինքն` ունենալ հասարակության մի զանգված, որը պատրաստ է պայքարի օրինական գործողություններ կատարելու, ինչը ստացվել է: Բայց, ըստ Բադալյանի, դրան հաջորդած երկրորդ փուլում «արթնացած լաոյին» պետք էր հզորացնել:
– Ցավոք, դա տեղի չունեցավ: Ի՞նչ պետք է արվեր, որ չարեցին: Եթե առաջին փուլի համար կարելի էր ասել, որ շարժումը ինքնաբուխ եւ քաոտիկ ձեւով էր առաջնորդվում, երկրորդ փուլում արդեն անհրաժեշտ էր ունենալ շարժման ինստիտուցիոնալ կառուցվածք, ինչը նշանակում է, որ շարժումը պետք է հստակ ունենար ղեկավար խորհուրդ, որի անդամներին պետք է մարդիկ ճանաչեն, իմանան` ովքեր են պատասխանատուները: Այդ խորհուրդը պետք է ունենար մասնագիտական բաժանում: Այսինքն` մեկ մարդը չպետք է լինի ամեն ինչի պատասխանատուն, այլ ամեն մեկը պատասխանատու պետք է լինի կոնկրետ ոլորտի համար: Շարժումը պարտադիր պետք է ունենա մամուլի պատասխանատու, խումբ, որը պետք է զբաղվի շարժման իրազեկմամբ, նպատակները, գործողությունները ներկայացնի հատկապես միջազգային հանրությանը`կազմակերպություններին, լրատվամիջոցներին: Պետք է լինի փաստահավաք խումբ: Այսքան բռնություն է կիրառվել: Ցուցարարը պետք է իմանա, թե իր նկատմամբ բռնության դեպքում ում դիմի, պետք է իմանա, որ միայնակ չի մնա, եւ իր թիկունքին ուժ կա կանգնած: Պետք էր տեղերում հստակ կազմակերպել մարզային կառույցների աշխատանքը, ունենալ համակարգող խորհուրդներ: Ի վերջո, սա Երեւանի կենտրոնի շարժում չէ: Պետք է ակտիվորեն մարզերը ընդգրկել, այլ ոչ թե Երեւանից գնալ այնտեղ: Եթե չի ստեղծվում ինստիտուցիոնալ կառույց, պայքարը աստիճանաբար կարող է վերածվել քաղաքական զբոսանքի ու մարել: Մարդկանց մեջ հարց է առաջանալու` մի՞թե մինչեւ 2026 թվականը պետք է քայլենք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
