Այն, որ Սարյան փողոցում «լրիվ 2018-ի ոգին էր», համակարծիք են հնդիկները, իրանցիներն ու մի գնդապետ
ԹեմաՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեռ կես բերան չասած, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը դառնալու է պաշտպանության նախարարին ենթակա` տեղակալի կարգավիճակով, արդեն իսկ ԳՇ-ում սկսվել է իշխանական ներկայացուցիչների մոտ ենթակայից ավելի ենթակա դառնալու ջիգերը:
Այսպիսով` ՀՀ ԶՈՒ ԳՇ տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ ՍԱՄՎԵԼ ԱՍԱՏՐՅԱՆԸ ջանասիրաբար Ֆեյսբուք սոցիալական ցանցում հավանության նշան է դրել, այսպես ասած, «լայքել է» ո՛չ ավել, ո՛չ պակաս կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի քաղաքական գրառմանը` Սարյան փողոցում տեղի ունեցած գինու փառատոնին` Նիկոլ Փաշինյանի մասնակցության վերաբերյալ: Ա. Հարությունյանը մասնավորապես նշել էր. «Վերջին մեկ ժամում վարչապետը երկու մետր է առաջ գնացել: Մարդիկ մոտենում են, նկարվում, զրուցում... Լրիվ 2018-ի ոգին է»:
Ու այս մտքի հետ համամիտ են ոչ միայն գինովցած հնդիկներն ու իրանցիները, այլեւ գնդապետ Ասատրյանը, ով ընդամենը մեկ տարի առաջ նույնքան ջանասիրաբար հրապարակում էր ԶՈՒ Գլխավոր շտաբի գեներալիտետի հայտարարությունը` նույն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ: Թե արդյոք նրա առօրեական ջանքերը կգնահատվեն, ըստ արժանվույն, եւ նա կդառնա, օրինակ, Պաշտպանության նախարարության «Արծրուն 2»-ը, ցույց կտա ժամանակը: Բայց, այդուհանդերձ, նրանից փորձեցինք հստակեցնել, թե գուցե միամի՞տ է հավանել Արայիկ Հարությունյանի քաղաքական գրառումը, բայց նա կարդաց ու չպատասխանեց, ոչ էլ հավանության նշանը հանեց:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
