Այս էտապում բրյուսելյան պայմանավորվածությունները կասեցվել են, բայց... Էդգար Ղազարյան
ԹեմաԼեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ հիշեցնում է, որ Բրյուսելում մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը պայմանավորվեցին եւ մայիսի 23-ին ստեղծեցին սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովներ, իսկ մայիսի 24-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ադրբեջանական կողմը ներկայացնող Շահին Մուստաֆաեւը հանդիպեցին Երասխում եւ պայմանավորվեցին, որ արդեն Մոսկվայում պետք է լիներ հանձնաժողովների համատեղ նիստ:
– Բայց Մոսկվան չի ընդունել համատեղ նիստը. այնտեղ հանդիպել են ոչ թե հանձնաժողովներն ամբողջ կազմով, այլ միայն ՀՀ, Ադրբեջանի եւ ՌԴ փոխվարչապետերը: Օրակարգը ոչ թե բրյուսելյան օրակարգն էր, այլ տրանսպորտային ապաշրջափակման նիստ էր: Բրյուսելյան պայմանավորվածության մեջ ՌԴ չկա, իսկ այս ձեւաչափով մասնակցում էր նաեւ ՌԴ փոխվարչապետը: Այսինքն` գոնե այս էտապում բրյուսելյան պայմանավորվածությունները կասեցվել են: Առաջ են ընթանում ռուսական նախաձեռնությամբ պայմանավորվածությունները: Բայց անգամ այս դեպքում ձեռք բերված հանդիպման պաշտոնական հաղորդագրությունը մեզ համար մեծ վտանգներ է պարունակում: Արձանագրվել է, որ կողմերը մոտեցրել են իրենց դիրքորոշումները` տրանսպորտային ապաշրջափակման ուղիների հետ կապված: Նշվում է, որ հստակեցվել է, թե որտեղով պիտի անցնեն Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանին կապող ճանապարհները: Այսօրվանից սկսած Մհեր Գրիգորյանը պետք է որոշակի տեղեկատվություն տա այդ պայմանավորվածության մասին. ի՞նչ ճանապարհի մասին է խոսքը, աշխատանքները որտեղո՞վ պիտի անցնեն, ի՞նչ ռեժիմ գոյություն պիտի ունենա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
