Ինչ անուն էլ կրեք, արյուն է հոսելու ձեր երկրի անվանումից. Ալլա Հակոբյանը՝ Թուրքիայի անվանափոխության մասին
Միջազգային
«Այսօրվա լրահոսից տեղեկանում ենք, որ Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հավանություն է տվել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի խնդրանքին՝ երկրի անվանումը օտար լեզուներով փոխելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Անտոնիո Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է նամակի ստացման մասին եւ հավելել, որ փոփոխություններն ուժի մեջ են մտնում դիմումը ստանալու պահից։ Այնպես որ, «Republic of Turkey»-ն վերանվանվել է «Republic of Türkiye»-ի:
Հիշեցնենք, որ դեռ 2021 թվականի դեկտեմբերին Էրդողանը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի՝ երկրի արտահանման նոր ապրանքանիշը, որն ուղղված է ամբողջ աշխարհում իր արտադրանքի ճանաչելիության բարձրացմանը, կլինի Türkiye։
«Գործընթացը, որը մենք սկսել ենք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ՝ մեր երկրի ապրանքանիշի հեղինակությունը բարձրացնելու համար, մոտենում է ավարտին», - ընդգծել է Չավուշօղլուն։
Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Անկարան ցանկացել է փոխել երկրի անվանումը հնչեղության պատճառով։ Բացի այդ, անգլերենում «Turkey»-ն նշանակում է «հնդկահավ»:
Շատ ճիշտ է նշված, որ «ապրանքանիշի հեղինակությունը բարձրացնելու» նպատակով այսուհետ այն կլինի ոչ թե «Turkey», այլ «Türkiye», քանզի երկրի՛ հեղինակությունը չեք կարող բարձրացնել՝ համենայն դեպս մինչ այն պահը, երբ վերջապես կընդունեք Օսմանյան Կայսրությունում՝ հայերի, հույների, ասորիների, եզդիների հանդեպ պետական մակարդակով կազմակերպված եւ իրագործած ցեղասպանությունը: Այնպես որ, ինչ անուն էլ կրեք, արյուն է հոսելու ձեր երկրի անվանումից, եւ դա ոչ թե մորթված հնդուհավի, այլ միլիոնավոր մարդկանց արյունն է...
Հ.Գ.- Ոչ միայն Թուրքիային, այլ այսօրվա ՄԱԿ-ի շատ անդամներին արժի կարդալ Ի. Ա. Կռիլովի «Քառյակ» առակի տեքստը. «А вы, друзья, как ни садитесь, всё в музыканты не годитесь»: Ի դեպ, այն գրվել է ավելի քան երկու դար առաջ՝ 1811 թվականին, եւ վերաբերում է ո՛չ պրոֆեսիոնալ պետական գործիչների կատարած աշխատանքին, ում միակ գործը այս, կամ այն դեպարտամենտում նստելն է», - գրել է գրող, հրապարակախոս ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ: