Հիմա էլ ընդդիմությանը պառակտել «սեւերի ու սպիտակների», ճիշտ չեմ համարում. Վարդանյան
Ներքաղաքական
Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության հեղինակած նախագծի շուրջ ՀՅԴ գրասենյակում տեղի է ունեցել քննարկում` մի շարք կուսակցությունների ղեկավարների հետ: Սակայն այդ հանդիպմանը ներկա չէր ԱԺ վերջին ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, ինչի մասին «Իրավունքը» զրուցեց նրա հետ:
– Ինչո՞վ էր պայմանավորված, որ ներկա չէիք արտախորհրդարանական ուժերի քննարկմանը:
– Մեր կուսակցությանը հրավեր չի եղել: Անգամ տեղյակ չէի, որ նման քննարկում է լինելու: Ինչպես մամուլի անդրադարձից նկատեցի, ընդամենը մի քանի կուսակցությունների ղեկավարներ էին ներկա: Ինձ համար անհասկանալի է Արցախի վերաբերյալ քննարկմանը չհրավիրելը մի կուսակցության, որի անդամները մասնակցել են 44-օրյա պատերազմին, իրենց ջանքն ու եռանդն են ներդրել` հանուն Արցախի պաշտպանության: Միգուցե, իրենք իրենց ձեւաչափն ունեն, բայց կարծում եմ` ժամանակն է տարբերակել, թե որոնք են, այսպես ասած, էլիտար կուսակցությունների կամ իշխանության արբանյակները, եւ ովքեր` ինքնուրույն ղեկավարվող քաղաքական ուժեր, որոնք իսկապես ազգային արժեքներով են առաջնորդվում եւ ոչ թե այս կամ այն ճամբարում հայտնվելով` փորձում են իրենց համար գտնել ավելի հարմար տեղ եւ ինքնահաստատվել: Համենայնդեպս, մենք այդ մասին չենք պատկանում:
– ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ բացառել են մի քանի կուսակցությունների, ովքեր ՔՊ-ից ավելի ՔՊ են, իսկ մնացած գրեթե բոլոր կուսակցություններին առնվազն տեքստն ուղարկվել եւ ասվել է, որ դիրքորոշում հայտնեն...
– Շատ խիստ սխալվում է Իշխան Սաղաթելյանը: Զարմացած եմ, որովհետեւ այդ հանդիպմանը ներկա էին նաեւ այնպիսի կուսակցությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, որոնք, բառիս բուն իմաստով, ժամանակին աջակցել են Նիկոլ Փաշինյանին եւ ընդդիմադիր են եղել նույն այսօրվա «Դիմադրության» շարժման ղեկավարներին: Ավելին` նրանց հասցեին ամենատարբեր պիտակավորող հայտարարություններն են արել: Մնացածը թող հրավիրողները վերհիշեն:
– Գուցե ժամանակին սխալվել են իրենց գնահատականներում, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի հարցում, իսկ հիմա, այսպես ասած, դարձի՞ են եկել:
– Երբ մի ուժ սխալվում է մեկ-երկու անգամ, հասկանում եմ, որովհետեւ յուրաքանչյուրը կարող է սխալվել: Բայց երբ մարդիկ սխալվում են շարունակաբար չորս եւ ավելի անգամ, սա ոչ թե սխալմունք է, այլ` խրոնիկ բնավորություն:
– Այդուհանդերձ, ի՞նչ դիրքորոշում ունեք` մասնավորապես Արցախի հարցում խորհրդարանական ընդդիմության հեղինակած նախագծի վերաբերյալ:
– Չնայած նախագիծն այսօր ԱԺ պատգամավորներն են ներկայացնում, բայց դրա բովանդակության շեշտադրումը կա արդեն 30 տարի: Բանաձեւը, որ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում, ներդրել է նաեւ հայրս` արցախյան առաջին պատերազմում կյանքը զոհած Վալերիկ Վարդանյանը եւ բոլոր այն տղաները, որոնք իրենց արյունով ու քրիտնքով ազատագրել են Արցախը, իսկ 44-օրյա պատերազմում` պաշտպանել այն: Եվ հիմա էլ ես եմ հստակ ընդգծում` Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, եւ եթե անհրաժեշտ է, հերթական անգամ զենք կվերցնենք եւ կկռվենք ընդդեմ թշնամու: Թող ոչ ոք դրանում կասկած չունենա` ո՛չ այն էլիտար ուժերը, որոնք այսօր փորձում են Արցախը «փրկել», ո՛չ էլ նրանք, ովքեր իշխանության հետ համատեղ փորձում են Արցախը դարձնել խաղաքարտ` սակարկությունների համար: Սա չի՛ լինելու երբեք: Ի դեպ, այս մասին բարձրաձայնել եմ նաեւ Ազգային ժողովում` Արցախի վերաբերյալ հրավիրված լսումների ժամանակ: Մեր կուսակցությունն իր ստեղծման հենց առաջին իսկ օրից խոսել է Արցախի հայկական լինելու, ինքնորոշման իրավունքի եւ Արցախի անկախության փաստի մասի, ինչը բանակցությունների ու քննարկման ենթակա չէ: Արցախն իր կարգավիճակը որոշել է դեռ 90-ականներին` անկախության հանրաքվեով: Հիմա ինչ-որ բան հաստատելու կամ քննարկելու ոչինչ չկա:
– Փաստորեն, կարո՞ղ ենք արձանագրել, որ, ըստ էության, համերաշխ եք առնվազն «Դիմադրություն» շարժման առաջ քաշած նախագծի հետ:
– Նախագծի հեղինակներին հաջողություն եմ մաղթում: Կարծում եմ` այն պետք է իրականում ունենար բոլոր կուսակցությունների եւ կազմակերպությունների աջակցությունը, ինչի համար պետք է բոլորին հնարավորություն տրվեր` իրենց խոսքն ասելու: Հիմա էլ ընդդիմությանը պառակտել «սեւերի ու սպիտակների», ճիշտ չեմ համարում: Եթե կա համաժողովրդական շարժում, ուրեմն` այն պետք է լինի բոլորինը, այլ ոչ թե ում ճանաչում են, իրեն էլ կանչեն, ում չեն ճանաչում, ասեն` մեզ պետք չէ, ում հետ գժտված են, համարեն` անցանկալի: Իսկ ընդհանրապես գտնում եմ, որ ժամանակն է, որպեսզի այդ շարժման կազմակերպիչներն ազատ թողնեն այն դաշտը, որը զբաղեցրել են: Արտախորհրդարանական ուժեր կան, որոնք չունեն այդ ռեսուրսը, որին տիրապետում են իրենք, բայց նրանք ի վիճակի են անել քայլեր, ինչն ընդունելի կլինի ժողովրդի համար, որովհետեւ, իսկապես, կարող են խոսել ժողովրդի անունից եւ սրտացավ մոտեցում ցուցաբերել այն խնդիրներին, որոնք այսօր ծառացել են մեր երկրի առաջ: Այսօր հրապարակում են նաեւ այնպիսի մարդիկ, որոնք հենց այս իշխանության հետ միասին աշխատել են գործադիրում: Մինչդեռ մենք այն նույն ժողովրդի մասն ենք, ովքեր պատերազմի ժամանակ արյունաքամ էր լինում, որոնցից եւս հարկեր են գանձում, եւ որոնք պատրաստ են պայքարել եւ իրենց կյանքի գնով պաշտպանել այն ժառանգությունը, որը կոչվում է Հայրենիք: Եվ սա խոսքեր չեն, որովհետեւ մենք 44-օրյա պատերազմի ժամանակ զենք ենք վերցրել եւ մասնակցել Արցախի պաշտպանությանը: Նույնիսկ մեկ ամիս առաջ կուսակցության անդամներով բարձրացել ենք դիրքեր, ինչը չեմ կարող ասել «Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չպետք է լինի» գոռացողներից որոշների մասին, ովքեր այդ խոսքերից բացի` ոչինչ չեն նվիրել հանուն Արցախի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ