Ալեն Սիմոնյանը չի տրամադրվում. թիրախում Իշխանն է, բայց` ոչ Սաղաթելյան
ԹեմաԱԺ նախագահ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ թեպետ տրամադրված է ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորներին բացակայությունների համար մանդատներից զրկելու հարցում, բայց չի շտապում։ Նա ասաց, որ պատրաստվում է դիմել ԱԺ խորհրդին:
«Ընդհանուր առմամբ, որոշում չկա, սա ամրագրենք, ես խոսում եմ իմ տրամադրվածության մասին։ Կարծում եմ` չի կարելի` երբ ուզեն գան նիստի, երբ ուզեն` չգան: Առավել եւս, որ այդ պատգամավորները վաղուց անցել են թույլատրելի սահմանները», - դպրոցի դասղեկի ոգեւորությամբ` ընդգծեց Ալեն Սիմոնյանը։
Իսկ թե ովքեր են թիրախում, «Իրավունքն» ուշագրավ մանրամասներ է պարզել: Օրենսդիրներից ամենաշատ բացակայությունն ունի ո՛չ ավել, ո՛չ պակաս ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը լքած պատգամավոր Իշխան Զաքարյանը, ում կարելի է դիտարկել ոչ թե ընդդիմադիր, այլ նիկոլականներից ավելի նիկոլական համատեքստում: Նա ունի 137 բացակա: Նրան իր բացականերով չի զիջում նաեւ մեկ ուրիշ Զաքարյան: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանն ունի 141 բացակա, բայց չի բացառվում, որ բացակաները կուտակվել են նրա կալանավորման հետեւանքով, ինչը եթե ոչ հարգելի, ապա մեղմացուցիչ հանգամանք է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
