«Ժողովրդավարության բաստիոնում» պատգամավորին հետեւից խեղդում են. Վարդեւանյան
ԹեմաԲացի նրանից, որ ոստիկանները մայիսի 30-ին առանձնակի բռնի էին ցուցարարների, պատգամավորների եւ անգամ լրագրողների նկատմամբ իրենց գործողություններում, նաեւ բերման ենթարկվածների վրա փորձել են խուլիգանության հոդված «կարել»: Ընդ որում, ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԻ, բավական շինծու ձեւով:
– Նույն ոստիկանը միաժամանակ իրարից բավական մեծ հեռավորության վրա գտնվող ցուցարարների է կարողացել նույնականացնել, ինչը ֆիզիկապես անհնար է: Կա՛մ այս ոստիկանները, որոնք այդ թղթի տակ ստորագրում են, գերմարդ են, որոնք կարողանում են թռչել եւ վերեւից տեսնել ամեն ինչ, կա՛մ իրականում այդ մարդկանց փաստի առաջ են կանգնեցնում ու կեղծ թղթեր են ստորագրել տալիս։ Ասեմ, որ երկրորդն է: Դրա վերաբերյալ դեռ կմանրամասնեմ, որովհետեւ մի քանի հետաքրքիր հանգամանքի ինքս եմ ականատես եղել եւ կարծում եմ` այդ դեպքով ինքս ականատես-վկա եմ լինելու: Այսպիսի բռնարարքներով ոստիկանությունը շատ վատ բան է անում եւ դրա պտուղները քաղելու է: Պատասխանատվությունը միշտ անխուսափելի է լինում: 2018-ին ոստիկանները պատգամավորներին չէին քաշքշում։ Դե գիտեք, 2018-ին Հայաստանը «բռնապետական» ռեժիմ էր, բայց, օրինակ, չեմ հիշում, որ Արարատ Միրզոյանին հետեւից գային ու խեղդեին, նման բան չեմ հիշում։ Բայց 2022թ.-ին, երբ մենք վերջապես հասել ենք «ժողովրդավարության բաստիոնին», գալիս են պատգամավորին հետեւից խեղդում են, անչափահասի ձեռքն են կոտրում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
