«Սիրահարված եմ Հայաստանի երեխաների տաղանդին». ՄԱՐԹԵՆ ՅՈՐԳԱՆՑ
ՄշակութայինՀունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այս առիթով "Իրավունքը" զրուցեց մանկական երգերով իր կատարումներով հայտնի, ֆրանսահայ երգիչ եւ կոմպոզիտոր ՄԱՐԹԵՆ ՅՈՐԳԱՆՑԻ հետ:
– Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Դուք շատ երգեր եք նվիրել երեխաներին: Ի՞նչ տեղ են զբաղեցնում երեխաները Ձեր կյանքում:
– Ես երեխաների տաղանդը` մանավանդ Հայաստանի մեջ, շատ լավ տեսա, իրենց տաղանդին սիրահարվեցի եւ հորինեցի նրանց նվիրված երգեր: Մինչեւ հիմա էլ աշխարհի չորս կողմում շարունակում եմ նրանց համար երգել: Մոտ ժամանակներս Հայաստան պետք է այցելեմ եւ երբ գամ, անպայման իրենց համար պետք է դարձյալ երգեմ: Հայաստանի երեխաները տաղանդավոր են: Եվ այսօր իմ ֆեյսբուքյան էջում երգ եմ նվիրել Հայաստանի երեխաներին:
– Առաջիկայում երբ այցելեք Հայաստան, համերգային ծրագիր կլինի՞:
- Այո, հունիսին կամ սեպտեմբերին տասնհինգ օրով կայցելեմ Հայաստան: Եվ հավանաբար «Վաղարշապատ» համույթի պստիկների, «Արեւիկի» փոքրիկների եւ այլ խմբերի հետ միասին կկազմակերպվի համերգ` նվիրված երեխաներին: Եվ հունիս ամսվա մեջ նոր երգ կնվիրեմ նրանց:
– Եվ վերջում` ի՞նչ կմաղթեք մեր երեխաներին:
– Մեր երեխաներին կմաղթեմ, որ լավ ուսում ստանան: Եվ երբ մեծանան, Հայաստանի համար օգտակար երիտասարդներ լինեն, որովհետեւ այսօր Հայաստանն այդ երիտասարդների կարիքն ունի, որոնք կներկայացնեն Հայաստանը աշխարհի չորս կողմերում: Հայաստանի փոքրիկները հրաշք են, եւ իրենք պետք է փրկեն մեր հայրենիքը` ազատ եւ անկախ:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
