«Բազմաձայն երկիր Վրաստան» գրքի շնորհանդեսը` Թիֆլիսի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում
ՄշակութայինՄայիսի 28-ին` Թիֆլիսի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի` «Մենք եւ աշխարհը» գրքերի շարքի հերթական ժողովածուի «Բազմաձայն երկիր Վրաստան» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, Գրողների միության ղեկավարներից` Բաղաթեր Արաբուլին, Վրաստանի, հայ համայնքի եւ Հայաստանի գրական աշխարհի ներկայացուցիչներ: Այնուհետեւ մայիսի 29-ին Էդվարդ Միլիտոնյանն արժանացավ Վրաստանի գրողների միության ՏԻՑԻԱՆ ՏԱԲԻՁԵԻ անվան մրցանակին: Այս առիթով «Իրավունքը» զրուցեց նրա հետ:
– Պարոն Միլիտոնյան, արժանացել եք Վրաստանի գրողների միության Տիցիան Տաբիձեի անվան մրցանակի, որի համար շնորհավորում ենք: Վերջերս նաեւ տեղի ունեցավ «Բազմաձայն երկիր Վրաստան» նոր գրքի շնորհանդեսը: Կմանրամասնե՞ք:
– Շնորհակալություն, շատ լավ ձեռնարկ էր: Գնահատվեց գրքի բովանդակությունը` մեր դասական եւ ժամանակակից գրողների ստեղծագործությունները` Վրաստանի մասին: Եվ ամենակարեւորը, որ ես իմ խոսքի մեջ նշեցի, դա այն է, որ մենք ամեն տարի փորձում ենք հայ-վրացական գրական կապերն ամուր պահել: Հովհաննես Թումանյանի ժառանգած այդ մեծ ավանդը պահպանել եւ նոր, հետաքրքիր ձեռնարկներով միմյանց գրական մթնոլորտը լավ պահել: Այդ ավանդը շարունակել` նշանակում է նաեւ թարգմանություններ, գրական ստեղծագործություններ, հանդիպումներ ձեռնարկել, որը փաստորեն վերջին երկու տարվա համավարակի հետ կապված, արգելակվել էր: Սակայն ե՛ւ «Բազմաձայն երկիր Վրաստան» գիրքը ե՛ւ նաեւ տարբեր գրական հանդեսներում տպագրելը մեր եւ վրացի գրողների` խոսում է այն մասին, որ գրական աշխատանքը կանգ չի առել, եւ գրականությունն ամենամեծ կապող ուժն է:

– Մրցանակը սպասելի՞ էր Ձեր կողմից:
– Իրենք հաշվի են առել իմ գործունեությունըª նաեւ Թումանյանի տուն-թանգարանի աշխատանքների հետ կապված: Եվ ընդհանրապես ամբողջ կյանքում ինչ-որ արել ենք իրար հետ` հայ-վրացական մշակութային, գրական կապերը ամրապնդելու համար ենք արել: Անցկացրել ենք բազմաթիվ միջոցառումներ: Հիմնական միջոցառումներից մեկը, կարելի է ասել, մայիսի 29-ին տեղի ունեցած ամենամյա Վարդատոնն էր` նվիրված Սայաթ-Նովային, որտեղ ես իմ բացման խոսքում ասացի. «Իհարկե, համավարակը խանգարեց, բայց մեր սերը գրականության, մշակույթի, ժողովուրդների բարեկամության հանդեպ մի մեծ սոսինձ է, որն ամրացրել է դարերով մեր երկու ժողովուրդներին: Եվ այսօր շարունակվում է այդ գործընթացը մշակույթի տարբեր բնագավառներում: Գրքի այդ ծնունդը առհավատչյան էր հայ- վրացական սերտ գրական հարաբերությունների»: Եվ, իհարկե, այդտեղ Մաղվալա Գոնաշվիլին իր խոսքում նշեց մեր համատեղ աշխատանքների մասին եւ նաեւ անձնավորված, թե ինչ ավանդ եմ ներդրել ես հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման համար, եւ մրցանակը հանձնեց ինձ: Այնուհետեւ ելույթ ունեցան հայ եւ վրացի պաշտոնյաներ, արվեստի գործիչներ, որն էլ ուղեկցվեց համերգային ծրագրով:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
