«Հիսուսի կատուն» արժանացել է Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան մրցանակի
ՄշակութայինՀայ ժամանակակից գրող Գրիգը (Գրիգոր Շաշիկյանը) իր «Հիսուսի կատուն» գրքի համար գերմանական Քոբուրգ քաղաքի Էրենբուրգ ամրոցի մեծ դահլիճում արժանացավ գերմանացի հայտնի բանաստեղծ, լեզվաբան եւ թարգմանիչ Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան մրցանակին: Մրցանակը ստացել են նաեւ գրքի թարգմանիչներ Անահիտ Ավագյանը եւ Վիբկե Ցոլմանը:
Միջոցառման ընթացքում Քոբուրգի թատրոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային քառյակի կատարմամբ հնչել է հայկական երաժշտություն: Մրցանակաբաշխությանը ներկա են գտնվել նաեւ Քոբուրգի երկրորդ քաղաքապետ Հանս Հերբերտ Հարտանը, Ֆրիդրիխ Ռյուկերտի ժառանգը՝ Կլաուս Ռյուկերտը, եւ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:
Մրցանակաբաշխությունից առաջ Գրիգը հյուրընկալվել է Ռյուկերտի տուն-թանգարանում եւ թանգարանին հանձնել Ռյուկերտի՝ Հովհաննես Թումանյանի կողմից թարգմանված «Մի երգ կա մանկուց…» բանաստեղծության ձեռագրի պատճենը, որը տրամադրել է Հովհաննես Թումանյանի թանգարանը:
Հիշեցնենք, որ 2021 թվականին Գրիգի «Հիսուսի կատուն» գրքի գերմաներեն թարգմանությունը ընդգրկվել էր գերմանական Hotlist անկախ հրատարակիչների մրցույթի տարվա լավագույն տասը գրքերի շարքում:







