ԵՄ-ն փորձում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման միջնորդական առաքելությունը խլել Մոսկվայից. Արցախցի քաղաքագետ
Ներքաղաքական
Բրյուսելյան պայմանավորվածությունների, դրանց հետեւանքների, Արցախի ապագայի եւ հայաստանյան արձագանքների շոււջ զրուցել ենք արցախցի քաղաքագետ ԺԻՐԱՅՐ ԱԶԻԶՅԱՆԻ հետ:
-Պարոն Ազիզյան, ինչպե՞ս կգնահատեք Բրյուսելում ընդունված որոշումները: Շառլ Միշելի` հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության են եկել տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ` արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի, Ադրբեջանի տարածքով` Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաեւ երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ: Ի՞նչ է սա նշանակում:
-Ինչպես գիտեք, սա արդեն երրորդ հանդիպումն է բրյուսելյան հարթակում և ըստ էության արևմուտքը հանձինս ԵՄ-ի փորձում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման միջնորդական առաքելությունը խլել Մոսկվայից, բայց սա իհարկե այդքան էլ հեշտ խնդիր չէ, քանի որ Ռուսաստանը ռազմական ներկայություն ունի հակամարտության գոտում, ինչն էլ քաղաքական առումով ավելի մեծ հնարավորություններ է ապահովում վերջինիս համար։ Սա շատ կարեւոր հանգամանք է, որը կարծում եմ հաշվի են առնում նաև ԵՄ-ում, բացի այդ Եվրոպական խորհրդի նախագահի պատրոնաժով կազմակերպված նախավերջին հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման հետևողականության ու ընթացքի տրամաբանությունն այդքան էլ հստակ երաշխիքներ չեն ապահովում այս հանդիպման արդյունքների կատարողականի առումով։
Ինչ վերաբերում է հաղորդակցությունների վերաբացմանը, ապա սա ևս քննարկվում է ինչպես բրյուսելյան, այնպես էլ մոսկովյան հարթակներում, բայց ինչպես տեսնում ենք այս հանդիպման ավարտից հետո Ադրբեջանը առաջին մակարդակով շարունակում է սուբյեկտիվորեն մեկնաբանել Նախիջևանի հետ հաղորդակցության ապահովման դրույթը` հիմքում դնելով տրամաբանությունը, ինչը կարծում եմ նպատակ ունի փակուղի տանելով նվազեցնել հարաբերությունների քաղաքական կառավարելիության մակարդակն ու հնարավորինս ակտիվացնել ռազմական էսկալացիայի սպառնալիքը։
-Իր հայտարարության մեջ Շառլ Միշելը չօգտագործեց «ռազմագերի» տերմինը: Ի՞նչ կասեք այս մասին:
-Շառլ Միշելը ոչ միայն չօգտագործեց ռազմագերի բառը, այլ նաեւ լեռնային Ղարաբաղ բառակապակցությունը, առաջինի դեպքում ինչ որ տեղ տրամաբանական կարելի է համարել քանի որ Ալիևն ասում է ռազմագերի չունենք, քանի որ պահվող անձանց կարգավիճակը արդեն իսկ հարմարեցրել են սեփական քաղաքական շահերին, ուստի այդ պահանջը ձևակերպելիս պետք է հնարավորինս զգուշությամբ օգտագործենք այդ բառամթերքը, ինչ վերաբերում է լեռնային Ղարաբաղ բառակապակցությանը, ապա կարծում եմ դա Ալիևի պահանջն է եղել, որը բավարարվել է, բացի այդ Միշելը զգուշությամբ ու նրբանկատությամբ է խոսում այն հարցերի մասին, որոնք կարող են Ալիևի ապակառուցողական դիրքորոշումների ձևավորման պատճառ դառնալ։
-Ձեր գնահատմամբ` ինչո՞ւ է Արեւմուտքն այդքան շտապում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանագրի կնքման հարցում:
-Արևմուտքի նպատակը ոչ թե հայ-ադրբեջանական հարաբերությունների շուտափույթ կարգավորումն է, այլ Ռուսաստանին ռեգիոնից դուրս մղելը, իսկ երկու ոխերիմ հարեւանների հարաբերությունների կարգավորումը ընդամենը միջոցն է դրան հասնելու համար։ Գործնականում անհնար է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն առանց ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման, քանի որ հենց դա է եղել երկու երկրների միջև հարաբերությունների հիմնական որոշիչ գործոնը և այսօր հաշվի առնելով Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներն ու անհամաչափ պոտենցիալը, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունների արդյունքում Ադրբեջանը որպես էներգետիկ այլընտրանք դիտարկելու փաստը և շատ այլ հանգամանքներ արեմուտքը պարզապես փորձում է հարցը լուծել Ադրբեջանի օգտին։
-Համակարծի՞ք եք, այն տեսակետի հետ, որ Բրյուսելում Արցախը հանձնվեց Ադրբեջանին, Հայաստանը՝ Թուրքիային:
-Հայաստանի մասով հստակ ասել չեմ կարող, կարծում եմ դուք ավելի լավ կիմանաք, բայց ես հենց հիմա գտնվում եմ Ստեփանակերտում և դե ֆակտո Արցախը մնում է անկախ, իսկ ներքաղաքական մոտիվներով տարբեր մեկնաբանությունների ու թեզերի հեղինակներին կոչ անում վերադառնալ քաղաքական իրականություն։ Առնվազն անգրագիտություն է նման պնդումներ անել, երբ դեռ չկա վերջնական փաստաթուղթ, իրականում կարծում եմ չի էլ լինելու, համենայնդեպս կարճաժամկետ հեռանկարում։
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ