«Ընկե՛ր Նիկոլ, հարգիր մեծերին, որ հարգվես».ՎԼԱԴԻՄԻՐ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Մշակութային«Իրավունքը» զրուցեց դերասան Վլադիմիր Կոստանյանի հետ:
– Հիմա ինչպե՞ս եք: Կանգնած էիք բնակարանը կորցնելու խնդրի առջեւ, ի՞նչ ավարտ ունեցավ:
– Ֆիզիկապես այդքան էլ լավ չեմ, որովհետեւ ունեմ առողջական խնդիրներ, իսկ տան հարցն էլ` երկու միլիոն դրամ է մնացել, որ փակեմ:
– Աշխատանքի առաջարկներ կա՞ն:
– Ոչ մի առաջարկ էլ չկա: Տանն եմ ամբողջ օրը: Հայկական խոսք կա` եղունգ ունես, գլուխդ քորի:
– Ունեցել եք շատ ընկերներ, այցելո՞ւմ են Ձեզ:
– Այն ընկերները, որոնք կորել են, նրանց վերադարձ չկա: Եթե ուզեն էլ, ես չեմ ընդունի, որովհետեւ ինձ իրենք էլ պետք չեն: Բայց ունեմ մոտավորապես տաս ընկեր, որոնց հետ շփվում եմ:
– Այսօր դուրս են եկել փողոց եւ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ դուք ի՞նչ դիրքորոշում ունեք:
– Ես ֆիզիկապես չեմ կարող գնալ:
– Իսկ հոգեպե՞ս...
– Ճիշտ է, ես իրենց հետ չեմ, սակայն համաձայն եմ, որ պետք է փոխվի այս իշխանությունը, բայց նաեւ համաձայն չեմ հների վերադարձի հետ:
– Ի՞նչ կարծիք ունեք այսօրվա հեռուստատեսային սիթքոմների, հումորային ծրագրերի մասին: Հավանո՞ւմ եք:
– Ամենացավոտ հարցն եք տալիս: Այսօր ինչ նայում ես, լացդ է գալիս, ոչ թեª ծիծաղդ: Հետո այն մարդիկ են հումոր անում, որոնց ընդհանրապես պետք չէ հեռուստատեսություն թողնել: Այդ մարդիկ հեռուստատեսությամբ երեւալու համար իրենց էլ են ճղում: Նայում ես` հաղորդման մեջ կան հումորային համով բաներ, բայց կա նաեւ գռեհիկ հումոր: Դա ո՞նց կարելի է ցուցադրել հեռուստատեսությամբ: Երեխաները կրկնում են այդ բառերը: Նրանք դրանով երեխաներին փչացնում են: Այս ի՞նչ է անում հեռուստատեսությունը... Ամո՛թ է... մի նորմալ ծրագիր տեսնո՞ւմ եք դուք: Ով տեղից դուրս է գալիս, հումոր է անում: Թող նայեն Աշոտ Ղազարյանին, նոր իմանան, որն է իսկական հումորը: Առաջ ցենզուրա կար: Նայում էին, թե ինչ կարելի է հեռուստատեսությամբ թողարկել, ինչը` ոչ: Այսօր "բարդակ" է: Այդ ամեն ինչին պետք է հետեւի հեռուստատեսության տնօրենը կամ գլխավոր պրոդյուսերը:
– Ունեք առողջական խնդիրներ, որպես թոշակառու դերասան, ընդառաջո՞ւմ են:
– Ուրոլոգիական խնդիրներ ունեմ, ինձ տվել են պետպատվերի թուղթ: Չորս անալիզ պետք է տամ: Երկուսը`«Աստղիկ» հիվանդանոցում: Շնորհակալ եմ, երկուսը արեցի: Ասացին` մնացածն էլ վճարովի պետք է անես: Ես երկրորդ կարգի հաշմանդամ եմ: Եթե երկուսը կարող են ընդառաջել, ինչո՞ւ մնացած երկուսն էլ չեն ընդառաջում: Առողջապահության նախարարության թեժ գիծը այնպիսի արհամարհանքով է խոսում հետս: Ուր զանգում եմ, ասում են` մենք պետպատվերով տեղ չունենք, կամ էլ ասում են` պետպատվերով տեղ չունենք, մինչեւ դեկտեմբեր սպասեք: Եթե մարդը հիվանդ է եւ պետք է շտապ վիրահատվի, մինչեւ դեկտեմբեր ո՞նց ապրի այդ մարդը: Նախկինների ժամանակ, երբ թեժ գիծ էիր զանգում, հոգատար վերաբերմունք էին ցույց տալիս: Նույնիսկ ասում էին` անջատեք, մենք կճշտենք, կզնագենք: Հետո զանգում էին, ասում էին` հայրիկ ջան, այսինչ տեղը գնա, որ քեզ հարմար լինի: Պետպատվերի վերջանալը ո՞րն է: Բա սա երկի՞ր է: Ինձ նման հազարավոր մարդիկ կան, որ այս վիճակում են գտնվում: Դեռ Կտակարանում է ասվում` հարգեք մեծերին, որ հարգվեք: Ընկե՛ր Նիկոլ, ախր դու չես հարգում այս երկրի տարիքավոր մարդկանց, մշակույթի գործիչներին, պրոֆեսորներին: Եթե այսօր գիտությունների դոկտոր-պրոֆեսորը ստանում է տասնհինգ-քսան հազար դրամ թոշակ, այդ մարդը ո՞նց ապրի, չէ՞ որ քո երկրի համար շատ բան է արել: Տեր չեք կանգնում, հետո ասում են` Արցախը տվեցինք: Այսպիսի ղեկավարության ձեռքով Արցախն էլ կտան, բանակն էլ կվերացնեն:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
