ԱՆԺԵԼԱ ՏԵՐՅԱՆ. «Այսօր ազնվականը իսկական մտավորական հայն է»
Մշակութային«Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք Երևանի պատմության թանգարանի հնագիտության և միջնադարյան պատմության բաժնի վարիչ, պատմաբան ԱՆԺԵԼԱ ՏԵՐՅԱՆԻ հետ:
- Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր մասնագիտական ուղին:
-Դպրոցում սիրում էի պատմություն առարկան, բայց չէի կարծում, որ ավարտելուց հետո կընդունվեմ համալսարանի պատմության ֆակուլտետ ու կդառնամ պատմաբան: Նաև չէի կարծում, որ լուրջ կզբաղվեմ հայոց պատմության հնագույն շրջանի ուսումնասիրությամբ: Կարծես ամեն ինչ ի վերուստ նախապես որոշված էր և շա տ հեշտ սկսվեց իմ ստեղծագործական ուղին: Սկսեցի լրջորեն զբաղվել: Կարդում էի, ուսումնասիրում և 1995թ. լույս տեսավ իմ առաջին «Ար Աստծո պաշտամունքը Հայաստանում» ուսումնասիրությունը:
- Կխոսե՞ք Ձեր ստեղծագործական ձեռքբերումներից:
-Սկզբում գրում էի հոդվածներ, որոնք տպագրվում էին թերթերում ու ամսագրերում: Արձագանքներից հասկացա, որ լավ են ընդունվում դրանք: Որոշեցի տպագրված նյութերը հավաքել և գիրք հրատարակել: Ուումնասիրություններս ու հետաքրքրություններս շարունակվում էին և առաջին գրքին հաջորդեցին մյուսները: Արդեն հարատարակվել են տասնյակ գրքեր, այդ թվում ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն նաև թուրքերեն լեզուներով: Արձագանքներ կան ոչ միայն հայ ընթերցողներից, այլև օտարներից: Իռլանդացիների մասին Անգլիայում նկարահանվող փաստագրական ֆիլմում նկարահանվելու առաջարկ եմ ստացել: Սա ուրախացնող փաստ է, որը ստիպում է նորից ու նորից աշխատել:
- Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ:
- Յուրաքանչյուր մարդ ինչ-որ առաքելություն ունի: Պարզապես մեկին հաջողվում է իրագործել այն առաքելությունը կամ ծրագիրը, որն իր համար նախատեսված է, մեկ ուրիշին դա չի հաջողվում: Երջանկություն է, երբ կարողանում ես ինչ-որ բան անել այն ազգի համար, որի զավակն ես: Ես հայ ազգի մի մասնիկն եմ ու շատ եմ սիրում իմ ազգը: Հայ ազգը եզակի ազգ է: Սա ասում եմ, որպես պատմաբան, որը տասնամյակներ շարունակ ուսումնասիրում է Առաջավոր Ասիայի հնագույն ցեղերի ու ժողովուրդների պատմությունը: Ինձ բախտ է վիճակվել ուսումնասիրել ու ներկայացնել հայ ազգի նմանը չունեցող եզակի պատմությունը: Հայ մարդը քաղաքակրթություն ու մշակույթ է տարածել ու շարունակում է տարածել աշխարհում: Այս մասին մեզնից լավ գիտեն օտարները, այդ թվում թշնամիները, որոնք անում են ամեն ինչ թաքցնելու մեր պատմությունը և՝ մեզնից և՝ աշխարհից: Հայ պատմաբանների առաքելությունն է Արարատ երկրի՝ Հայքի եզակի պատմությունը ըստ արժանվույն ներկայացնել աշխարհին:
-«Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:
-Բոլոր ժամանակների համար շատ ճիշտ է ասել Մխիթար Գոշը: Կրթված կինը խաղաղության ու կայունության կողմնակիցն է: Կինը ավելի համարձակ է, հետևողական, շուտ չի ընկճվում: Կրթված ու նպատակասլաց կինը կարողանում է իր ուզածին հասնել և´ հասարակության մեջ, և´ ընտանիքում և´ քաղաքականության մեջ: Հասարակությունը միայն շահում է կրթված կանանց ներկայությունից: Իսկ եթե կրթված կանայք ղեկավարեին աշխարհը, կարծում եմ այսքան շատ պատերազմներ ու դաժանություններ չէին լինի:
- Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:
- Իսկական հայը իր գենի ու արյան միջոցով ստանում է ինֆորմացիա իր ծագման, հնագույն ազգի զավակ լինելու և զարգացած մշակույթի ժառանգորդ լինելու մասին: Դա մենք գիտենք, իսկ երբ օտարն է այդ ամենը հասկանում ու բարձրաձայնում, շատ կարևոր է: Շլիմանը լինելով հնագույն քաղաքակրթությունների գիտակ ու պեղելով Տրոյան, հասկացել էր, որ քաղաքակրթության բնօրրանը Հայքն է, որն այնքան էլ հեռու չէր Տրոյայից: Շլիմանը հաստատում է այն, ինչ մենք գիտենք ու դա շատ կարևոր է ոչ միայն մեզ, այլև աշխարհի համար: Պարզապես մենք դեռ չենք կարողանում աշխարհին լսելի ու հասկանալի դարձնել մարդկությանն ուղղված Շլիմանի ուղերձը:
- Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:
-Արարատ երկրի՝ Հայքի փառքի վերականգնումը: Հայ մարդու խաթարված գենի, գիտակցության ու արժանապատվության վերականգնումը: Իսկ դա կարելի է անել լավ կրթության ու դաստիարակության միջոցով: Ասորեստանի թագավորները իրենց արձանագրություններում հային բնութագրում էին որպես քաջ, հպարտ ու հանդուգն մարտիկներ: Ազնվական հայեր միշտ ծնվել ու ծնվում են: Որքան էլ օտարները տարբեր միջոցներով փորձել են վերացնել ազնվական հային, չեն հաջողել, որովհետև նրանք շատ են ու բոլոր ժամանակներում ծնվում են: Ազնվական լինելը միայն փաստաթղթով ազնվականը չէ: Հայտնի է, որ ազնվականին թագավորը փաստաթուղթ տալիս էր նրա որևէ լավ արարքի համար: Դա կարող էր լինել նրա որևէ հերոսական արարքը, ռազմական սխրանքը, ծառայությունը հայրենիքին և այլն: Այսօր իսկական մտավորականն է ազնվական հայը: Նրանք միշտ կան: Պարզապես պետք է տեսնել նրանց, որովհետև նրանք են հայության շարժիչ ուժը:
- Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործությունների կոնտեքստում:
- Այսօրվա իրականությունը ծանր է ազդում բոլորիս վրա: Մեծ փոփոխություններ են կատարվում աշխարհում: Ուզում եմ հուսալ, որ փոփոխությունները մեզ համար շատ ծանր չեն լինի: Բոլոր ժամանակներում հզոր անհատներն են պատմութուն կերտում և ոչ հասարակությունը կամ ժողովուրդը: Հայտնվում է հզոր մի անհատ, որը կարող է մարդկանց ու պետությունների ճակատագրերը փոխել ու պատմություն կերտել: Այդպիսի կիրթ, հայրենասեր, ազգասեր հզոր անհատի կարիք ունենք մենք: Պատմության մեջ բազմաթիվ են օրինակները, երբ փոքր պետությունները հզոր անհատների նպատակասլաց, եռանդուն ջանքերի շնորհիվ դարձել են հզոր պետություններ: Կան նաև հակառակ օրինակները: Հետևաբար պետք է դաստիարակել կիրթ, ազգասեր ու հայրենասեր սերունդ: Բայց պետք է նաև կարողանանք պահպանել այդ սերունդը...:
- Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները ռեալիզացնելուն:
-Խանգարող հանգամանքներ կան. խորհրդային մտածողությամբ կաղապարված մանագետներ, բարձր գիտական կոչում ունեցող անձի կողմից նոր տեսակետ ու նոր գաղափար չընդունելը, մարդկային սովորական նախանձը, բայց եթե ուժեղ ես, գիտես անելիքդ, համոզված ես արածիդ ճշմարտության վրա, ոչինչ չի խանգարում: Աշխատում եմ, գրում եմ, հրատարակում եմ գրքեր, որոնք վերաբերում են հայոց պատմության հնագույն շրջանին: Ուսումնասիրելով պատմությունը ցավով նկատում եմ, որ պատմությունը անընդհատ կրկնվում է: Կրկնվում են հատկապես սխալները: Հայ ժողովուրդը էությամբ ազնիվ է, բարի, այլոց հետ հարաբերություններում անկեղծ է, չի խաբում, չի ստում, հավատարիմ է: Սրանք այն հատկություններն են, որոնք մեր դեմ օգտագործել են մեր թշնամիները, բայց դրանք նաև այն հատկություններն ու որակներն են, որոնց շնորհիվ մենք կանք:
- Ձեր վերաբերմունքը այսօրվա իրականությանն ինչպիսին է։
-Այսօրվա իրականությունը 30 տարվա վաղեմություն ունի: Մեր շարժման գլուխ կանգնեցին մարդիկ, որոնք միտումնավոր սխալ ուղղությամբ տարան հայ ժողովրդի արադար պահանջը Արցախի ու հայաբնակ մյուս տարածքների հարցում: Իսկ դա նշանակում է, որ այսօրվա ծանր ու դաժան իրականության հիմքերը դրվել են 1988թ. գարնանը: Այսօրվա իրականությունը նաև հետևանք է այն իրողության, որ չեն պատժվում դավաճանները: Հիշենք, որ հնում, հատկապես մինչքրիստոնեական Հայքում դաժան դատաստան էին տեսնում դավաճանների հետ, վերացնելով ամբողջ տոհմեր ու ընտանիքներ: Հասկանալով դավաճանության ծանր հետևանքները, Տիգրան Մեծը նույնպես չխնայեց իր դավաճան զավակներին: Նույն կերպ էին վարվում նաև պարսիկները, արաբներն ու թուրքերը: Պատմությունը վկայում է, որ ներքին դավաճանը առավել վտանգավոր է քան արտաքին թշնամին: Հետևաբար պետք է պատժել դավաճաններին ու պատահականորեն իշխանության մեջ հայտնված անհայրենիք մարդկանց:
- Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:
-Որ նրանք այլևս փողոց դուրս չգան իշխանություն փոխելու պահանջով: Որ զբաղվեն միայն խաղաղ ստեղծագործ աշխատանքով: Հավատում եմ, որ այդպես է լինելու: Մենք դուրս ենք գալու այս իրավիճակից: Ունենալու ենք մեր երազած ազատ և ուժեղ երկիրը: Վկան հաջողություններով ու սխալներով մեր ազգի անցած ավելի քան 6-7 հազար տարվա պատմությունն է:
Ք. Աբրահամյան
