Կոչումով հաղթող. Կարեն Սմբատյան 90
ՄշակութայինՄայիսի 6-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ գեղանկարիչ Կարեն Սմբատյանի 90-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը։ Գրեթե մեկ շաբաթ ցուցասրահը եղել է լեփ-լեցուն, իսկ այցելուների առաջին շարքերում եղել են երիտասարդ արվեստասերներ։ Ցուցահանդեսի փակմանը ներկա էին գեղանկարչի որդիները՝ Տիգրան և Դավիթ Սմբատյանները, թոռը՝ Մհեր-Դավիթը, ովքեր փորձում էին վարպետի ֆիզիկական բացակայության ընթացքում բավարարել հետաքրքրասերների հարցասիրությունը։ Եվ ինչպես նշեց գեղանկարչի թոռը՝ կտավները նրա ներկայության լավագույն ապացույցներն են։ Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված էին 79 աշխատանքներ, որոնք Տիգրան Սմբատյանը բնորոշեց որպես գեղանկարչի «ոսկե ֆոնդի» կտավներ, քանի որ դրանք ուրիշ այլ տեղ չեն ցուցադրվել։
Կարեն Սմբատյանն առաջին հայ գեղանկարիչն էր, ով համարձակվեց Սովետական միության շրջանում նկարել Գարեգին Նժդեհին։ Հետագայում՝ Հայաստանի անկախացումից հետո շատերը պատկերեցին և՛ Նժդեհին, և՛ այլ հերոսների, բայց Սմբատյանը առաջինն էր, ով վտանգավոր շրջանում ապացուցեց հայրենասիրությունը։
Լինելով իր առաջին դատավորը՝ Սմբատյանը մշտապես պայքարի մեջ է եղել կտավի հետ և հաղթող դուրս եկել։ Գեղանկարչությունը իր զենքն էր, որով նա պայքարում ու հաղթում էր։

Սմբատյանը հպարտ ու հաղթող էր արվեստում, համեստ՝ կյանքում։ Չունենալով ոչ մի կոչում, չէր էլ ձգտում դրան։ Ծննդյան 75-ամյակի առթիվ ստացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալը, որն էլ դժվարությամբ էր ընդունում։Իսկ իր օրագրում կոչումների մասին խոսել էր այսպես. «Հանրապետության վաստակավոր և ժողովրդական կոչումներ։ Մխիթարություն, տրված ճարպիկ-անտաղանդներին»։

Մեզ հետ զրույցում որդին՝ Դավիթը , անդրադառնալով այդ թեմային, նշեց, որ Կարեն Սմբատյանին ոչ միայն կոլեգաներն էին հարգանքով ու ակնածանքով վերաբերում, այլև երկրի կարևոր պաշտոն զբաղեցնողները։ Նա հեշտությամբ կարող էր ստանալ կոչումներ։ Բայց լինելով ուղղախոս ու արժանապատիվ, երբեք չի օգտվել առիթից, չի փորձել պարծենալ։ «Ինձ համար կոչումը՝ Աստծո շնորհն է տրված ինձ, որ ես կարողանում եմ նկարել», -ամփոփելով մեր զրույցը՝ մեջբերեց հոր վաղեմի խոսքերը Դավիթ Սմբատյանը։
Անյա Հարությունյան
