Սուրբ Սարգսի փոխարեն, ո՞ւմ են եզդիները համարում սիրո բարեխոս եւ ինչպես են տոնում այն
Արխիվ 16-20
Խդր Նաբիյի եւ Խդր Էլյազի տոնը եզդիների ամենագեղեցիկ տոներից է համարվում, որը շատ հաճախ նմանեցվում է հայկական Սուրբ Սարգսի տոնի հետ, քանի որ ինչպես Խդր Նաբիին են եզդիները համարում սիրո հովանավոր, այնպես էլ Սուրբ Սարգիսն է համարվում երիտասարդների ու սիրո բարեխոսը, սակայն այս տոների միջեւ կան տարբերություններ: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց Միդիա-Շանգալ Եզդիների Ազգային Միավորում ՀԿ ներկայացուցիչ, «Եզդի ազգի ցեղասպանությունը կամ Շանգալի մղձավանջը» գրքի հեղինակ ՌՈՄԱՆ ԱՎԴՅՈՅԱՆՆ ու մանրամասնեց. «Նմանատիպ տոն աշխարհում շատ ազգեր են նշում: Խդր Էլյազի տոնը եզդիները նշում են փետրվարի 13-ին հաջորդող առաջին ուրբաթ օրը, այսինքն՝ փետրվար ամսվա օրերից հանում ենք 13 օր եւ գալիք առաջին ուրբաթը տոնում ենք այն: Ինչպես ընդունված պայման է գրեթե բոլոր կրոնական ծիսակարգերին, Խդր Նաբիի տոնին նույնպես նախորդում է եռօրյա ծոմ: Ծոմը սկսվում է փետրվարի 13-ին հաջորդող առաջին երեքշաբթի օրը եւ ավարտվում հինգշաբթի երեկոյան: Հնում (հիմա այնքան էլ ընդունված չէ) կային մարդիկ, ովքեր ծոմը սկսում էին երկուշաբթի օրվանից: Երկուշաբթի ծոմ են պահում բոլոր նրանք, ովքեր այդ տարի հարազատ են կորցրել կամ ընտանիքի անդամներից մեկին: Երկուշաբթի օրը ծոմ պահողներին ասում են բարվա ռադվըն, այսինքն՝ նրանք առաջինն են դիմավորում այդ սուրբ տոնը»:
Ռ. Ավդոյանը տեղեկացրեց, որ տոնը նշում են նաեւ Իրաքում գտնվող եզդիներն ու առավել մեծ շուքով՝ գլխավոր սրբավայր Լալըշա Նուրանիում. «Օրերի մեջ տարբերություն չկա, եւ այնտեղ նույնպես տոնը հաշվարկում են նույն կերպ: Ինչպես բոլոր տոներին, այս տոնին նվիրված ծոմն էլ է սկսվում առավոտյան ժամը 5-ից եւ ավարտվում երեկոյան մինչեւ արեւի մայր մտնելը: Ծոմ պահողը պետք այդ երեք օրերին նախքան ծոմը ավարտելը, լվանա իր ձեռքերն ու երեսը, ապա նոր սեղան նստի: Չորեքշաբթի օրը տան տիկնոջ կողմից պատրաստվում են ավանդական ուտեստներ, որոնք պետք է յոթ համերից բաղկացած լինեն: Ուտեստների մեջ կարեւորվում է հատկապես գրարը (սպաս), կայսին: Հինգշաբթի օրը բոլոր չամուսնացած աղջիկներն ու տղաները «տոտկա շոռ» (աղի բլիթ) են ուտում, որպեսզի երազում տեսնեն իրենց երկրորդ կեսին: Աղի բլիթը պատրաստում են եզդի չամուսնացած աղջիկները՝ չորեքշաբթի օրը մյուս ուտեստների հետ միասին»:
Ի դեպ, ինչպես նշեց մեր զրուցակիցը, չնայած տոնը նվիրված է երիտասարդներին, բայց չեն մոռանում նաեւ մահացածներին: Եվ եթե այդ տարի ինչ-որ մի ընտանիքում կորուստ է եղել, ապա բոլոր մոտ հարազատները պետք է այցելեն հանգուցյալի ընտանիքի անդամներին՝ ցավակցելու հարազատներին ու նաեւ շնորհավորելու հանգուցյալի տոնը. «Հանգուցյալի ընտանիքին ամենամոտ հարազատներն այցելում են հինգշաբթի երեկոյան՝ ծոմի ավարտից հետո: Ուրբաթ օրն արդեն համայն աշխարհի եզդիները մեծ շուքով նշում են Խդր Էլյազի տոնը: Տոնը շատ հաճախ անկացվում է ավանդական եզդիական երաժշտությամբ, հնչում են հայրենասիրական երգեր, բոլորը շնորհավորում են միմյանց: Բայց դա արվում է միայն այն դեպքում, եթե այդ տարի ընտանիքում կորուստ չի եղել: Այցելությունները միմյանց տներ տեւում է մինչեւ կիրակի օրը բուն տոնը սկսվում է ուրբաթ օրը, ավարտվում՝ կիրակի): Եզդիներն ասում են՝ Այդ, Արաֆաթ, Շարաֆաթ»:
Անդրադառնալով հարցին, թե ովքեր են Խդր Նաբին եւ Խդր Էլյազը, Ռ. Ավդոյանը պատմեց, որ նրանց անձի շուրջ մինչ օրս լեգենդներ են պտտվում եզդիների շրջանում. «Վերջնական պարզ չի դառնում՝ ինչո՞ւ Խդր Նաբի եւ Խդր Էլյազ: Հիշեցնեմ, որ Նաբի անվանում են նրանց, ովքեր օժտված են գերբնական ուժով եւ սրբացվում են: Ոմանք համոզված են, որ Խդր Նաբին եւ Խդր Էլյազը միեւնույն կերպարն են, որին ուղղակի երկու անունով են կոչում: Ոմանք հակառակն են պնդում։ Եվ սա շարունակում է քննարկման նյութ դառնալ շատերի համար: Իրաքի հյուսիսային մասում՝ գլխավոր սրբավայր Լալըշից ոչ շատ հեռու գտնվող Բաադեր (միրերի գյուղ) գյուղի մոտ կա երկու նիշան (սրբություն), որոնցից մեկը կոչվում է նիշանա Խդր Նաբի, իսկ մյուսը՝ նիշանա Խդր Էլյազ: Իրաքի եզդիների գերակշռող մասը համոզված է, որ այս կերպարները տարբեր են եւ երկուսն են, որոնք համարվում են եղբայրներ»:
Ըստ մեր զրուցակցի, այդպես մտածելու համար հիմք է տալիս այն փաստը, որ եթե մեկ կերպար լիներ, ապա չէին լինի տարբեր սրբավայրեր՝ ամեն մեկի անունով, այն էլ կողք-կողքի, այլ կլիներ ընդամենը մեկ սրբություն, որը կկոչվեր նիշանա Խդր Նաբի կամ Խդր Էլյազ. «Շեխ Շամս հրեշտակին նվիրված կավլերից մեկում ասվում է, որ Խդր Նաբին «Շամսանի» շեխերի կաստայից է, ով համարվում է պըսե մալակ Շեխ Շամս (հրեշտակ Շեխ Շամսի լույսից ստեղծված հրեշտակ) եւ եզդիական պանթեոնում հանդես է գալիս որպես միլաքատ: Ըստ եզդիների պատկերացումների՝ Խդր Նաբին եւ (կամ) Խդր Էլյազը սուրբ հեծյալ է(են), ով միշտ շրջում էր իր սպիտակ ձիով: Խդր Նաբի եւ (կամ) Խդր Էլյազ կերպարը(ները) հիշատակվում է(են) նաեւ Ալեքսանդր Մակեդոնացու (Իսկանդարե Զոկոռնա) ժամանակաշրջանում: Մեծն առաջնորդը մահանում էր, երբ նրան ասում են, որ նա կարող է հավերժ ապրել, եթե խմի «կենդանի ջուրը»: Այդ ջուրը ըստ լեգենդի, Մակեդոնացուն կարող էին բերել Խդր Նաբին եւ Խդր Էլյազը: Եվ Խդր Նաբին ու Խդր Էլյազը ճանապարհ են ընկնում կենդանի ջուրը բերելու ու հանդիպում են բազում փորձությունների: Խդր Նաբին կուժի մեջ է հավաքում ջուրը եւ նորից ճանապարհ ընկնում: Ճանապարհին ձիթապտղի ծառի տակ որոշում են հանգստանալ, եւ կուժը կախում են ծառի ճյուղից, որ ջուրը չթափվի: Մինչ նրանք քնած էին, ագռավը վերեւից իջնում է, կտուցը մցնում կուժի մեջ ու խմում այդ ջրից: Կուժը ընկնում է ցած, կոտրվում, իսկ ջուրը սկսում թափվել: Քանի որ այլեւս հնարավոր չէր ջուրը հասցնել Մակեդոնացուն, կուժի մեջ մնացած ջուրը խմում են Խդր Նաբին եւ Խդր Էլյազըն ու անմահանում»:
Եզրափակելով թեման՝ Ա. Ավդոյանը վերջում հավելեց. «Իրաքի եզդիները համոզված են, որ Խդր Նաբին համարվում է սիրո հովանավոր եւ երազանքներն իրականացնող (եզդ. մրազբախշ) հրեշտակ (միլաքատ), իսկ Խդր Էլյազը՝ ճանապարհորդների, ինչպես նաեւ ազատությունից զուրկ մարդկանց հովանավոր հրեշտակն է: Եզդիներից ոմանք Խդր Նաբի եւ (կամ) Խդր Էլյազ կերպարը, ինչպես նախապես նշեցի, հաճախ նմանեցնում է(են) Սուրբ Սարգսի հետ, իսկ հրեաների մոտ Խդր Նաբի կերպարը նմանեցվում է Իլյա Մարգարեին»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ