Շուշիի ազատագրման 30-ամյակն առանց Շուշիի. Ինչպես են արցախցիները տոնելու մայիս 8-ը. Մանրամասնում է ԱՀ ԱԺ պատգամավորը
Հասարակություն
Մոտենում է մայիսի 8-ը` Շուշիի ազատագրման օրը, որը արդեն երկրորդ տարին կլրանա օկուպացված է թշնամու կողմից: Ինչպե՞ս են արցախցիները նշելու մայիսի 8-ը կամ առհասարակ նշելո՞ւ են հարցի պատասխանը փորձեցինք ԱՀ ԱԺ պատգամավոր ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆԻՑ, ով նախ նկատեց.
Այս տարի Շուշիի ազատագրման 30-ամյակն է, ցավոք սրտի, այսօր Շուշին բռնազավթված է, բայց մենք չպետք է ձեռնպահ մնանք եւ որեւէ պետական միջոցառում չանենք: Համոզված եմ, որ մեր վերաբերմունքը պետք է լինի նույնը ինչ որ մինչեւ 2020թվականն էր: Անցած տարի, հասկանալի պատճառներով, մենք զերծ մնացինք որեւէ միջացառում կազմակերպելուց, բայց հանուն Արցախի, հանուն ապագայի` պարտավոր ենք մեր օրակարգում պահել Շուշիի ազատագրումը: Հենց այդ պատճառով էլ մայիսի 9-ը պետք է նշվի, որպես եռատոն, այդ թվում Շուշիի ազատագրման օր:
-Արդեն ինչ-որ նախապատրաստական աշխատանքներ իրականացվո՞ւմ են:
-Մենք ունենք որոշակի գաղափարներ եւ առաջարկություններ, առաջարկել ենք նաեւ պետական այրերին համապատասխան ձեռնարկ կազմակերպել: Դեռեւս վերջնական պատասխան չունենք: Ասեմ, որ մեր տոնացույցում մայիսի 9 որեւէ փոփոխության չի ենթարկվել, ինչը նշանակում է, որ ունենալու ենք համապատասխան վերաբերմունք:
-Հավատո՞ւմ եք, որ մի օր կրկին Շուշիում կլինենք:
-1988 թվականին ազգաին ազատագրական պայքարը նախանշեց մեր ուղղին: Այդ ճանապարհին ունեցանք բազմաթիվ վայրիվերումներ` հաջողություններ, կորուստներ, այդ թվում մարդկային: Այսօր էլ մեր նպատակները չեն փոխվել, համոզված եմ, որ հաղթանակները սարերի հետևում չեն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
