Կեղծիք է, սուտ. Վիգեն Խաչատրյանը` իշխանական պատգամավորների` ընդդիմադիրների հետ բանակցելու մասին
Հասարակություն«Իշխանության ներկայացուցիչներից, առավելեւս պատգամավորներից եւ որեւէ մեկը չի գնացել եւ չի ցանկացել բանակցել, Դուք ասում եք ընդդիմադիր, ես ասում ռեւանշիստ խմբակի հետ»,-«Իրավունքի» հարցին, թե որքանո՞վ են համապատասխանում լուրերն առ այն, որ իշխանական պատգամավորներից երեքը գնացել եւ երաշխիքներ են խնդրել ընդդիամդիրներից իրենց միանալու համար, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՎԻԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ընդգծելով.
-Սովորական կեղծիք է, սուտ, որին մենք արդեն սովորել ենք, որ ռեւանշիստները կեղծիք տարածելով են մարդ հանում փողոց, բայց դա էլ արդեն չի ստացվում:
-Պարոն Խաչատրյան, փողոց են դուրս եկել նաեւ Ձեր կառավարության արդեն նախկին անդամներ, ինչպես օրինակ Վալերի Օսիպյանը, ՊԵԿ նախկին նախագահը, ԱԳՆ նախկին նախարար Արա Այվազյանը եւ այլ պաշտոնյաներ:
-Դա իրենց գործն է, չեմ ցանկանում նրանց վերաբերող ոչինչ առհասարակ մեկնաբանել:
-Պարոն Խաչատրյան, լավ, ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի ելքը, հնարավո՞ր է նոր ընտրությունների գնալու որոշում կայացվի:
-Գիտեք, ռեւանշիստները, հավանաբար, լուրջ միջոցներ են ծախսել մարդկանց փողոց հանելու համար, վստահ եմ նաեւ, որ նրանք շատ բաների ունակ են: Բայց նաեւ վստահ եմ, որ պետությունը ուժ կգտնի իր մեջ կանխելու ցանկացած երեւույթ, որը դուրս կգա օրինականության սահմաններից: Այսքանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
