Ինչ է պատմում պատերազմի բովով անցած կապիտանը
ՀասարակությունԻրավունքների ու պարտականությունների իմացությունը ներկայումս կարեւորագույն խնդիր է մեզանում: Հատկապես երիտասարդների շրջանում անհրաժեշտություն կա իրավագիտակցության մակարդակի բարձրացման: Դրա ջատագովներից մեկը ներկայումս զորամասերից մեկի սոցիալ-իրավական աշխատանքների գծով սպա կապիտան ԱՐՏԱՇԵՍ Վոլոդյայի ԽԱՉԱՏՐՅԱՆՆ է: Մարդ, ով 2008թ-ին ավարտելով Երեւանի պետական համալսարանի «Իրավագիտություն» բաժինը, մասնագիտական որակների եւ գիտելիքների շնորհիվ անմիջապես աշխատանքի անցավ Հյուսիսային համալսարանում, որպես ավագ դասախոս, որտեղ էլ առաջին անգամ հանդիպեցինք, ես որպես ուսանող, ինքը՝ որպես դասախոս: Նրանից սովորելու բան միշտ կար, ամեն թեմա պատմում ու ներկայացնում էր որպես օրինակ՝ օգտագործելով հենց քեզ, ավելի պատկերավոր ու հասանելի դարձնելով յուրացվելիք նյութը:
Երկար տարիներ չէինք շփվել, միայն գիտեի, որ Արցախում է ծառայության անցել ու ընդամենը օրեր առաջ պատահաբար հանդիպեցինք փողոցում: Ամբողջովին նույնն էր` ժպիտը դեմքին, միշտ կոկիկ ու դասական հագնված, բարյացկամ ու սուր հումորով: Չնայած նրան, որ երկուսս էլ շտապում էինք, սակայն կարողացա համոզել, որ երկար տարիների բացթողումը մեկ գավաթ սուրճ խմելով լրացնենք: Շատ բան էր փոխվել նախկին դասախոսի եւ ներկայիս սպայի կյանքում: Ծառայությունն Արցախում ավարտվել է պատերազմով, սակայն իր առաքելությունը շարունակում է սահմանային գոտում:
Երբ հարցրի՝ որպես իրավաբան, այլ ոչ թե զինվորական ի՞նչ կարողացավ անել պատերազմի օրերին, իրեն բնորոշ քմծիծաղ տվեց եւ շարունակեց. «Սովորական առօրյա ծառայության մեջ, մենք փորձում ենք զբաղվել իրավագիտակցության մակարդակի բարձրացմամբ, արատավոր երեւույթների կանխարգելմամբ, զինծառայողների իրավունքների ու պարտականությունների մանրակրկիտ ուսումնասիրմամբ ու բացատրական աշխատանքներով, իսկ արդեն մարտական գործողությունների ընթացքում իրավիճակը բոլորովին այլ է: Միայն իրավական աշխատանքներով չես կարող հասնել արդյունքի: Կարեւոր է, որպեսզի յուրաքանչյուր օրենք ու հրաման, իրավունք եւ պարտականություն բացատրվի հոգեբանորեն նուրբ ու տվյալ պահին համապատասխան ձեւով: Այդ օրերին տիրում է լարվածություն, խառնաշփոթ, տարակուսանք, յուրաքանչյուրի ներսում յուրովի զգացողություններ ու ապրումներ կան, որոնք ճիշտ գնահատելով՝ պետք է կարողանաս զրուցել ու բացատրել, որ անկախ ամեն ինչից յուրաքանչյուր սխալ քայլ կարող է ճակատագրական դառնալ: Այնուամենայնիվ բարդ էր, ինչ խոսք, այդ պահին դու միայն իրավաբան չես, առաջին հերթին մարդ ես ու ծնող, ով պարտավոր է սխալից ու վտանգից հետ պահել անփորձ ու տարակուսանքի մեջ հայտնված դեռահասներին»:
Խաչատրյանը բացատրում էր, ես` ուշադիր լսում: Պակասում էր միայն նախկին լսարանը, որպեսզի նորից գրի առնեի նրա մտքերն ու հաջորդ օրը պատասխանեի: Սակայն հետ գալով իրականություն, որոշեց չխոսել տխուր թեմաներից: Զրուցեցինք ներկայից, հին ու բարի համալսարանական օրերից: Էլի իր սուր հումորով հիշեց մի քանիսիսն, որտեղ էլ հասկացա, որ տարիները Խաչատրյանի կողքով են անցնում:
Մերօրյա սպայի օրագրից
