Անթույլատրելի է վրաերթի ենթարկված հղի կնոջը անօգնական թողնել. Թագուհի Թովմասյան
Հասարակություն«Անթույլատրելի է վրաերթի ենթարկված հղի կնոջը անօգնական թողնել։ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ, նախնական տվյալներով՝ երեկ՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երեւան քաղաքի Պարոնյան եւ Լեո փողոցների խաչմերուկում «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Ցավով եմ տեղեկանում, որ նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը եւ հեռացել: Ընդդիմադիր Նիկոլը կասեր՝ «մարդասպան կորտեժ»․․. Ցավակցում եմ մեր քաղաքացու հարազատներին։ Հուսով եմ՝ մեղավորները կստանան արժանի պատիժ օրենքի ամբողջ խստությամբ։ Հետեւողական եմ լինելու», - գրել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ եւ, որպես հետգրություն, հավելել. «Արցախում կառուցվող «Թեւեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավար Սոնա Մնացականյանն էր մահացողը: Բացառիկ հայրենասեր ու հոգատար կին»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
