Ով է գալկինին եւ ողջ Ռուսաստանին ցնցած հայ փոքրիկը
Արխիվ 16-20Օրերս Ռուսաստանի առաջին ալիքով «Բոլորից լավը» շոուի շրջանակներում Երեւանից Մաքսիմ Գալկինին հյուրընկալված 10-ամյա քանոնահարուհի ՄԵՐԻ ՄՈՒՍԻՆՅԱՆԸ հիացրեց ոչ միայն հանդիսականին իր նվագով, այլ նաեւ եւս մեկ անգամ հայ հասարակությանը հիշեցրեց գրեթե մոռացված, սակայն` ազգային կարեւոր նվագարանի` քանոնի մասին: Փոքրիկ վիրտուոզի կատարումը, ինչպես հաղորդման ժամանակ Մ. Գալկինն անվանեց հայուհուն, ոգեշնչեց հաղորդավարին` եթերում Ե. Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից քառատող արտասանելու: «Իրավունքը» պարզեց, որ Մերին սովորում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում` պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի դասարանում:
«ՆՐԱ ՎԻՐՏՈՒՈԶ ՆՎԱԳԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆՔ ԺԱՄԵՐՈՎ ՊԱՐԱՊԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ»
Մեզ հետ զրույցում ԾՈՎԻՆԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ շեշտեց, որ ընդհանրապես Հայաստանում է, որ չեն ճանաչում Մերիին, քանի որ փոքրիկը ճանաչում ունի դրսում:
- Գիտեք` ինչն է հետաքրքիր, երբ նա բեմ է բարձրանում, սկզբում հանդիսատեսը նայում է ուրախությամբ` որպես փոքրիկի` մեծ գործիքով: Բայց հենց սկսում է նվագել, զարմանքն է պատում մարդկանց, իսկ վերջում` հիացմունք, անխնա բրավոներ ու ծափահարություններ: Ես Մերիի մոտ տեսնում եմ շատ խիստ արտահայտված անհատական արտիստիզմ, իսկ իր մեջ եղած բնածին երաժշտականության մասին էլ չեմ խոսում: Նրա վիրտուոզ նվագը մենք ստանում ենք երկար, ժամերով պարապելու արդյունքում: Նա փոքրիկ է, բայց խելացի է, գիտի որ միայն պարապելով կարող է հասնել շատ բեմերի, որն իր երազանքն է»:
- Մերին հաղորդման ընթացքում նվագեց Ձեր «Էքսպրոմտ» ստեղծագործությունը. նախօրոք պայմանավորվե՞լ էիք:
- Մենք արդեն մենահամերգի ծրագիր ենք պատրաստել, մենք ունենք կոնցերտ, ջազ, շատ ստեղծագործություններ` Խաչատուր Ավետիսյանից, Սայաթ-Նովայից, Կոմիտասից... Նա ամեն ինչ նվագել է, բայց ինչպես միշտ, այս անգամ էլ հրավիրող կողմի ընտրությունը կանգ է առել «Էքսպրոմտի» վրա: Այդ փաստից մի քիչ նեղվում եմ, կարծում եմ, կմտածեն այս երեխան միայն էքսպրոմտ է նվագում: Իհարկե ասեմ, այն հատվածը, որ Գալկինը իբրեւ սովորում էր քանոն նվագել, այդ դրվագի տակ էլի Մերին էր նվագում Խաչատուր Ավետիսյանի «Անընդհատ շարժումը»: Երեւի թե, «Էքսպրոմտը» փոքրիկ երեխայի վիրտուոզությունն է ցույց տալիս, դրա համար են այդպես ուզում: Ի դեպ, ելույթի ժամանակ իմ կոնցերտմեյստեր Աղավնի Հովհաննիսյանն էր դաշնամուրի մոտ նվագում:
«ԳԱԼԿԻՆԻՆ ՀԱՅԵՐԵՆ ՍՈՎՈՐԵՑՐԻ` ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ»
ՄԵՐԻ ՄՈՒՍԻՆՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ հաճելի է, երբ Հայաստանը հաջողությունների է հասնում տարբեր ասպարեզներում, հատկապես հաճելի է եղել իր համար, որ ռուսական Առաջին ալիքի եթերում ներկայացրել է հայկական գործիք, առավելեւս, որ Գալկինին, բացի իբրեւ քանոն «նվագելուց», մի քանի հայերեն բառեր է սովորեցրել:
- Երկրորդ անգամ երբ գնացի, Գալկինին հայերեն սովորեցրի` Շնորհավոր Ամանոր, եւ բոլորին զարմացրի, որ քանոնով ջազ եմ նվագում:
- Հայերեն Չարենց արտասանելն է՞լ էիր դու սովորեցրել Գալկինին:
- Ոչ, նա այսպես անակնկալ արեց, որ իբրեւ հայերեն խոսել ինքն էլ գիտի:
- Մերի, ինչո՞ւ ես այդքան շատ սիրում քանոնը:
- Չգիտեմ, իր նուրբ ձայնը, նախշերը գրավեցին ինձ միանգամից: Առաջին անգամ երբ ծանոթացա քանոնի հետ` ուսուցչուհուս` պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի շնորհիվ, նրանից թույլտվություն խնդրեցի, որ քանոնին դիպչեմ մատով: Շոյեցի ու միանգամից գրավեց ինձ, եւ որոշեցի գնալ քանոնի, կստացվի ինձ մոտ` կշարունակեմ, չի ստացվի` մի ուրիշ բանով կզբաղվեմ: Այդպես 6 ամիս անց, Կամերային երաժշտության տանն առաջին անգամ ելույթ ունեցա ֆրանսիացիների մոտ, նրանք շատ հավանեցին ու գովասանքի խոսքեր ասացին: Առաջին ելույթից առաջ հուզված էի, ուսուցչուհիս ասաց` մի՛ հուզվիր, ազատ կնվագես, եւ ինքս ինձ ասացի. «Մերի ջան, ամեն ինչ լավ է ու դուրս եկա ժպիտով, բայց ներքուստ հուզված էի: Նվագեցի ու հասկացա, որ ընդհանրապես պետք չէ լարվել: Դրանից հետո հիմա ոչ մի անգամ չեմ լարվում, սովորական նվագում եմ ու վերջ: Նույնիսկ Գալկինի հաղորդման ժամանակ չեմ հուզվել, ազատ խոսում էի:
- Գալկինը միայն քեզ հետ է լուսանկարվել կուլիսներում, այդ ընթացքում խոսեցի՞ք:
- Գալկինն ասաց` շատ ապրես, Մերի ջան, լավ նվագեցիր, որ գամ Հայաստան, անպայման կմասնակցեմ քո համերգներին, կկապվեմ քեզ հետ:
- Չի՞ եղել, որ ձանձրանաս այդ ծանր գործիքից ու, ասենք, գնաս պարի:
- Ոչ, մայրիկն օգնում է ինձ: Գնացել եմ պարի, բայց ինձ դուր չեկավ, իմը չէր պարը: Ես սիրում եմ քանոնը եւ ուզում եմ հոլիվուդյան ֆիլմերում նվագել եւ ուզում եմ` ամբողջ երկրագնդի սիմֆոնիկ նվագախմբերի հետ նվագել հայկական քանոնը:
«ՄԵՐ ՏԱՆ ՈՂՋ ԽԱՂԱԼԻՔՆԵՐԸ ԵՂԲՈՐՍ ԵՆ ՊԱՏԿԱՆՈՒՄ»
- Ձմեռ պապիկին նամակ գրե՞լ ես:
- Այո, Բարբի տիկնիկ եմ խնդրել, որովհետեւ ես խաղալիք չունեմ, մեր տան ողջ խաղալիքները եղբորս են պատկանում: Ուղղակի, հավեսս տվեց Բարբիով խաղալ, ուզում եմ գոնե այս Ամանորի արձակուրդներին մի քիչ խաղալ:
- Իսկ Ամանորի ի՞նչ մաղթանք ունես:
- Ուզում եմ, որ ամենակարեւորը բոլորը լինեն առողջ, երջանիկ, որ խաղաղություն լինի մեր երկրում, որ Հայաստանում էլ կռիվներ չլինեն: Բոլորի գալիք Նոր տարին շնորհավոր լինի:
ՔԱՆՈՆՈՎ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ ՆՎԱԳԵՑ, ԳԱԼԿԻՆԸ` ԱՐՏԱՍԱՆԵՑ
Մ. Գալկինի հաղորդմանը մասնակցելու հայտը լրացրել է Մերիի մայրիկը, մինչդեռ այդ ընթացքում փոքրիկը համերգային շրջագայություններով` անտեղյակ ելույթ էր ունենում Փարիզում: Մերիի մայրը` ԱՆՈՒՇ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ, «Իրավունքին» պատմեց, որ հայտը լրացնելուց 10 րոպե անց զանգահարում են եւ տեղեկացնում, որ փոքրիկն առանց քասթինգի ընտրվել է` հաղորդմանը մ
ասնակցելու համար, եւ խնդրում, որ անմիջապես մեկնեն Մոսկվա:
- Այդպես մեկնեցինք, մեզ շատ լավ դիմավորեցին: Ի դեպ, եթերով կարճ հատված ցուցադրեցին, բայց իրականում բավականին հաջողված, ինչպես նաեւ հումորային հատվածներ կային, որոնք մոնտաժել էին: Օրինակ` Մերին Սայաթ-Նովա նվագեց, Գալկինն այդ երաժշտության տակ արտասանում էր ռուսերեն: Հետո ջազ նվագեց, ասաց, որ հայկական գործիքը կարող է նաեւ այս ոճում ներկայացնել: Այն հատվածը, երբ Մերին մատնոցները դրեց Գալկինի մատներին, նա այսպիսի արտահայտություն արեց. «Մերի, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք զագսում ենք...»: Իսկ երբ իբրեւ քանոն է նվագում, այդ ժամանակ նա նայելով տեսախցիկին դիմեց տիկնոջը, թե. «Ալլա, տես, արդեն տիրապետում եմ քանոնին...»: Իսկապես ափսոսում եմ այդ լավագույն կտորների համար, որոնք չցուցադրվեցին եթերում: Իր ամեն երկրորդ խոսքը Մերիի հետ, շեշտում էր կնոջը` Ա. Պուգաչովային, օրինակ, երբ սկզբում դիմեց Ալլա Պուգաչովայի «Մերի» երգով` ասելով. «Մերի, երեւի թե, Ալլան քեզ է նվիրել այդ երգը...»: Ինչեւէ, որպես ծնող շատ էի հուզվել, չկարողացա
նույնիսկ խոսել: Երբ Գալկինը Մերիի ձեռքը բռնեց ու իջեցրեց, աչքերս լցվեցին, աչքով-ունքով հասկացնում էի ադմինիստրատորներին, որ հանկարծ խոսափողն ինձ չփոխանցեն, որովհետեւ լեզուս կապ էր ընկել հուզմունքից:
- Հնարավորություն ունեցա՞ք շփվելու Գալկինի հետ:
- Ոչ, առհասարակ Գալկինն իր գործն ավարտում էր եւ արագ հեռանում, ոչ ոք իրեն չէր տեսնում: Նույնիսկ երկու օր մասնակցել ենք փորձերին, այդ ժամանակ էլ նա չկար, միայն շոուին էր ներկայանում: Գալկինի համար էլ էր բացահայտում Մերին, նա ետնաբեմում լուսանկարվել է միայն Մերիի հետ, ինչը մեզ համար մեծ պատիվ է: Մեզ այնքան լավ ընդունեցին, որ երկրորդ անգամ հրավեր ստացանք: Վերադառնալուց անմիջապես 4-5 օր անց զանգահարեցին, որ պիտի շտապ վերադառնաք Մոսկվա, Մերին կրկին լավագույնների ցանկում է եւ պետք է Ամանորի ծրագրին նկարահանվի: Երբ երկրորդ անգամ մեկնեցինք Մոսկվա, զուգահեռ քասթինգ էին անցկացնում: Ես օգնում էի Մերիին, որպեսզի քանոնը լարենք, Մալթայում բնակվող ռուս հյուրեր կային, նրանցից մեկը մոտեցավ ինձ, թե` Մալթայում եղե՞լ եք, ասացինք` այո, ասաց. «Ճանաչեցի քեզ, դու Մալթայի նախագահի մոտ էիր նվագել, ռուսական դեսպանատանը, այնտեղ ցնցել էիր բոլորին, ես գործիքից ճանաչեցի քեզ»:
8 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՎ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ «ԿԱՐՆԵԳԻ ՀՈԼՈՒՄ»
-Լավ, ինչո՞ւ Մերիին պարի, մոդելային դասերի փոխարեն, որոշեցիք տանել հենց քանոնի:
- Նա 6 տարեկան էր, պիտի դպրոց գնար ու զուգահեռ մտածում էի, որ ժողովրդական երաժշտական կրթություն էլ ստանա:
- Ինչո՞ւ, գեներում կա՞ն երաժիշտներ:
- Մեր փոքրիկ ընտանիքում` ոչ, բայց իմ հայրական կողմը` պապիկս եւ իր եղբայրները ժամանակին նվագել են թառ, քամանչա: Այդպես, մանկապարտեզի դաշնակահարը, որը նաեւ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ուդահարն է, խորհուրդ տվեց պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանին եւ նույնիսկ կազմակերպեց հանդիպում: Այդ ժամանակ Մերին ծանոթացավ գործիքի հետ, ասացի` կգնա՞ս, գլխով ասաց` այո: Այդպես, Մերիի հետ գնում էի, դասերի ժամանակ նստում էի, որպեսզի եթե ինչ-որ բան չէր հասկացել, ես տանը բացատրեի ու դասի ժամանակ տեսնում էի աշակերտներին, ասում էի` տեսնես կգա՞ մի օր, որ Մերիս մեծ բեմերում նվագի, եւ հոգուս խորքում ասում էի` հազիվ էլ 15 տարեկան դառնա, որ նոր հասնի այս մակարդակին: Պատկերացրեք, ի զարմանս ինձ, 6 ամիս անց իր առաջին համերգն ունեցավ Կամերային երաժշտության տանը: Այդտեղից սկսվեցին համերգային շրջագայություններ, սկսեց ավելի բարդ գործեր նվագել, 8 տարեկանում արդեն ելույթ ունեցավ Նյու Յորքի «Կարնեգի հոլում»...
- Իսկ չի՞ եղել որ տրտնջա, չցանկանա նվագել քանոն, որովհետեւ 21-րդ դարի երեխաներին դժվար է կտրել համակարգչից, համացանցային խաղերից:
- Ոչ, պատկերացրեք, Ձմեռ պապիկից Բարբի տիկնիկ է ուզել, նա դեռ մանուկ է, ուզում է խաղալ, բայց ժամանակ չունի: Մենք երբեմն մեծի նման ենք խոսում իր հետ, որ` Մերի ջան, այն, ինչ դրված է քո առջեւ, պետք է պատվով կատարես, չթերանաս, չծուլանաս...
- Նույնիսկ եթերում ասաց, որ շատ է սիրում քանոնը:
- Այո, այն իր համար այս աշխարհում ամենաաթանկն է: Նույնիսկ, տանը մի զավեշտալի դեպք ունեցանք: Մի օր կողքի սենյակից լսում եմ Մերին զրույց է անում, բարկացած կարծեցի` հեռախոսով է խոսում` անտեսելով դասերն ու քանոնը: Մտա ներս, տեսնեմ ինչ` հայելու առաջ կանգնած գործիքը ձեռքին խոսում է` քանոն ջան, դու իմ կյանքն ես, արդեն քեզնից մեծացել եմ, որովհետեւ գործիքը ժամանակին բոյով էր, հիմա հավասարվել են... Հասկացանք, որ իսկապես սիրահարված է գործիքին: Նա բոլորին, Աստծուն, Ձմեռ պապիկին խնդրում է իրեն ավելի մեծ գործիք նվիրի, թեպետ` իր գործիքը դիապազոնով մեծ է, բայց նա երկրորդ գործիքն է ուզում: Նա երազում է, որ մեր քանոնը աշխարհով մեկ ճանաչվի այնպես, ինչպես դուդուկը: Իր բաղձալի երազանքներից է, որ քանոն նվագի աշխարհի բոլոր սիմֆոնիկ նվագախմբերի հետ:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
