Խունտային կարմիր քարտ ցույց տալու ժամանակը
ՆերքաղաքականԵվ այսպես, քաղաքական պահանջներով հանրահավաքները սկսվել են: Մեկնարկը տվեցին Ռեֆորմիստները, ովքեր Նիկոլի հեռանալու պահանջ դրեցին եւ հանրահավաքի ներկայացել էին «կարմիր քարտերով»: Դրան հետեւեց «Կամք» նախաձեռնության հանրահավաքը, որը ազգաքանդ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջեց վերջինիս տերերից` Սորոսից:
ԱՅՍ ԱՄԵՆԸ ՔԱՅԼԱՍԵՐՎԱԾՆԵՐԻՆ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ՉԻ ԽՈՍՏԱՆՈՒՄ
Առաջին հանրահավաքները բազմամարդ չէին, սակայն չմոռանանք, որ 2018-ի իր հեղաշրջումը Նիկոլը սկսել էր Գյումրիից մեկնարկած առավել քան սակավամարդ քայլարշավով: Այնպես որ, առաջին փորձնական քայլերից հետո ընդդիմադիրները կարող են բարձրացնել մասսայականությունը: Առայժմ առանձին-առանձին քաղաքական գործողությունների հայտ են ներկայացնում, փորձարկում են սեփական ռեսուրսը, իսկ թե երբ կմիավորեն ուժերն` առայժմ դժվար է ասել: Համենայնդեպս, մասսայականություն եւ համապատասխան հուզական ֆոն ապահովելու տեխնոլոգիաներին տիրապետում է ոչ միայն Նիկոլն իր տերերով հանդերձ: Եվ փաստը մնում է փաստ` հականիկոլական ցույցերը դատապարտման չարժանացան երեւանցիների կողմից: Այն երեւանցիների, ովքերն ուղեղն անջատած խանդավառ ընտրել էին Նիկոլին, իսկ այնուհետ` կլոուն Հայկոյին: Որեւէ ինքնաբուխ հակացույց չեղավ, իսկ վարչական ռեսուրսով ցուցարար հավաքելու ձախողման փորձառություն Նիկոլն ունի դեռ 2019-ից, երբ նախաձեռնել էր դատարանները շրջափակելու հանցավոր օպերացիան: Հիմա առավելեւս վարչական ռեսուրսը չի աշխատի, եւ Նիկոլի վերջին հույսը կարող է լինել ոստիկանական բիրտ ուժը: Քաղաքացիական անձանցից կազմավորված հրոսակախմբերը աշխատող տարբերակ չեն, վկան` «Հեղափոխության պահապաններ» կոչվող բանդայի խղճուկությունն ու նույնիսկ սեփական պարագլխին պաշտպանելու անզորությունն է: Գումարած դրան, աչալուրջ են եւ կազմուպատրաստ ծանրքաշայինները` ռազմիկ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Առաջինը ուշագրավ հարցազրույց տվեց ռուսական ՌԲԿ հեռուստաալիքին, ուր հնչեցվեց ընդդիմադիր պայքարն առաջնորդելու պատրաստակամությունը, իսկ երկրորդը հանդես եկավ շախմատի թեմայով ճիշտ ու չիշտ այն տոնայնությամբ, որով հանդես էր գալիս իր իշխանության տարիներին: Իսկ այն իրավիճակում, երբ դեռ քիչ են խունտայի դեմ ակտիվ գործելու պատրաստ քաղաքացիներ, սակայն իսպառ բացակայում են Նիկոլի ակտիվ պաշտպանները, եւ ցանկացած ազդակ կարող է հանգեցնել զանգվածային ընդվզման մեծ ալիքի: Ի դեպ, Ֆեյսբուքում էլ առանձնապես ծպտուն չհանեցին նիկոլական ֆեյքերը` թերեւս նիկոլաքարոզիչները հասկացան, որ անգամ միամիտ մարդու վրա վիրտուալ ագրեսիան այլեւս տպավորություն չի թողնում: Ավելին, այժմ արդեն հավաքույթների ժամանակ նույնիսկ ոչ բարեկիրթ է համարվում նիկոլական լինելը: Այնպես որ ցուցարարների պարզած սիմվոլիկ »կարմիր քարտերը» ահարկու ալիքի վերածվելու ներուժ ունեն: Նիկոլն էլ այլեւս արտաքին աջակցություն չունի, որպեսզի կարողանա բողոքներն արյան մեջ խեղդելը մարսել: Սակայն դա չի նշանակում, որ հեռանալուց առաջ նա արյուն չի հեղի:
ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
Իսկ Սահմանադրական դատարանի հետ կապված ստեղծվել է այնպիսի շիլա, որ սատանան իսկ գլուխ չի հանի: Ու այդ իրավիճակում խունտան որոշում է արտակարգ դրությունը փոխարինել կարանտինով, գավառական խորամանկությամբ փորձելով այլ անվան տակ շարունակել հանրահավաքների եւ ցույցերի սահմանափակումները: Սակայն կարանտինը սահմանադրորեն չնախատեսված կարգավիճակ է, որն արտակարգ դրությունից առանձնացված չի կարող գործել: Հետեւաբար, ՍԴ-ն (բայց ի՞նչ կազմով) դա վիճարկելու հնարավորություն ունի: Ու մինչ քաղաքացիները կատակում են, որ արտակարգ դրությունը նախատեսված է միայն մարդկանց համար, իսկ կարանտինը կարող է սահմանվել նաեւ կենդանիների պարագայում, իրավապաշտպան, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, հրապարակավ դիմելով «ժողվարչապետին» եւ ժպտերեսիկ նախագահին, նրանց բացատրում է, թե իրավական ինչպիսի համապարփակ փոսում են նրանք հայտնվել. «Տիարք Սարգսյան եւ Փաշինյան: Կանխավ հայցում եմ ձեր ներողամտությունը ձեր «գերզբաղված» առօրյայից մի փոքր կտրելու համար: Խնդրելու եմ, որ ժողովրդի մասին մտածելուց ծռված ձեր մեջքը ուղղեք, հպարտ քաղաքացիների խնդիրներից արցունքով լցված ձեր աչքերը բացեք, մի պահ դուրս գաք մեսինջերից ու լսեք, թե ուր եք դուք ու միլիոններով պարգեւավճարներ ստացած ձեր Չիրավաբանները հասցրել երկիրը: ...Հիշո՞ւմ եք այն »սրտառուչ» պայքարը, որ դուք մղում էիք ՍԴ-ի դեմ մի լավ գովազդված ձրիակերի հորինած ճգնաժամը հաղթահարելու համար: Դե ուրեմն հանգիստ տեղավորվեք բազկաթոռի մեջ ու կարդացեք` ինչ եղավ, երբ «շաքարամանից երկու կտոր ադեկվատ իրավաբան պակասեց», ու ինչպես ստեղծվեց մեծամասշտաբ սահմանադրական ճգնաժամ: Եվ քանի դեռ աշխարհի «ամենամասնագիտական» սահմանադրական հանձնաժողովը դեպի տիեզերք մի ուղղությամբ տոմս չի գնել թագավորական ընտանիքի հետ նույն օդը շնչած «մեծաշուք» մարդու համար, հիշեցնեմ, որ ինքը ի պաշտոնե մի «թղթի»` ՀՀ Սահմանադրության պահապանն է ու ստորեւ նկարագրված իրավիճակի հանգուցալուծման պատասխանատուն»:
Իսկ կետերով տիկին Հովհաննիսյանի ներկայացրածն այնպիսի խայտառակություն է, որ անգամ տարրական իրավական գիտելիք ունեցողի սիրտը կճաքի: Բայց քայլասերվածները, երկու տարի շարունակ փորձելով բթացնել քաղաքացիներին, արդյունքում իրենք են բթացել եւ դարձել լրիվ ոչ ադեկվատ:
ԼՊԻՐՇՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ
ԵՎ ահա բռնապետիկը ոչ ավել, ոչ պակաս հայտարարում է, որ քաղաքացիները լավ կանեն, եթե մեկ-երկու տուփ ծխախոտ քիչ ծխեն եւ »մեկ-երկու շիշ արաղ» քիչ խմեն, դրանից բյուջեն կշահի: Այսինքն` սեփական անկուշտ թիմի լափն այժմ ուզում է ապահովել քաղաքացիների ծխախոտի ու խմիչքի հաշվին...
Քաղաքացիական գործիչ Բաբկեն Հարությունյանն այդ առնչությամբ դիպուկ նկատել է. «Ասֆալտ փռելը դրոշակ դարձրած` Նիկոլն այսօր եւս մի շարք զավեշտալի հայտարարություններ է արել, թե երկու տուփ ծխախոտ պակաս ծխեք, դրա փողը վճարեք բյուջե, մի շիշ արաղ պակաս խմեք, էլ չի ասում երկու շիշ պակաս խմեք, էդ փողը վճարեք բյուջե, որովհետեւ դա դառնալու է ճանապարհ: Գույքահարկը ավելացրել են, հո ինքը հոր տուն չի տանելու, ճանապարհ է կառուցելու: 300 տարվա պատմություն ունեցող գյուղն իբր առաջին անգամ է, որ ունի ասֆալտապատ ճանապարհ: Վերջում էլ բողոքել, թե 30 տարի ավերակների մեջ ապրողները, հիմա մի քար շարժվում է` դառնում են բողոքավոր: Նիկոլը «մեծահոգաբար» չի ասել, որ կարող ենք շոր ու կոշիկ չգնել, վատ սնվել, կյանքի հաճույքներից չօգտվենք ու էլ ավելի շատ հարկ մուծենք, որ ինքն ու իր պաշտոնյաները էլ ավելի շատ պարգեւավճար ստանան, որ էլ ավելի շատ ասֆալտ արվի: Լավ, ասաֆալտն` ասֆալտ, իսկ եթե իշխանափոխությունից հետո պարզվի, թե ինչու էր Նիկոլը այդքան շատ «սիրում» ասֆալտ անել, թե ինչու է Պապիկյան Սուրենը նախարարության գործառույթները մի կողմ գցած առավոտից երեկո նկարվում ասֆալտի ֆոնին, եթե պարզվի, որ ասֆալտի տենդերները ամենեւին էլ արդար չեն եղել ու ատկատ է եղել` ի՞նչ է ասելու Նիկոլը, այս անգամ քանի՞ տարի է նստելու Սուրենը, եւ վերջապես` ասֆալտ քիչ անելու համար նախկին իշխանություններին մերժածները ի՞նչ են ասելու...»:
Բայց, կարծում ենք, Բ. Հարությունյանը շատ լավատես է սրանց ապագայի վերաբերյալ: Իսկ մենք ծխախոտի ու »արաղի» աենչությամբ հիշեցինք Ֆրանսիայի հայտնի թագուհուն, որը հաց չունեցող ժողովրդին խորհուրդ տվեց կարկանդակ ուտել... Իհարկե, Աստված մի արասցե, բայց...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
