Կորոնավիրուսը կարող է առաջացնել անպտղություն. Սեքսոպաթոլոգ
ԱռողջապահականՍեպտեմբերի 4-ը Սեռական առողջության համաշխարհային օրն է: Այդ առիթով զրուցեցինք ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ հետ:
- Կորոնավիրուս, խուճապ և սեռական առողջություն։
- Խուճապի ժամանակ շատանում է սթրեսային հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը, այն քայքայում է իմունային համակարգը, ինչի հետևանքով թուլանում է օրգանիզմի դիմադրողականությունը։ Մեր օրերում, ցավոք, արմատացել են տևական սթրեսները, որոնք օրգանիզմը ավելի խոցելի է դարձնում: Դրանից տուժում է նաև կյանքի որակը:
Պետք չէ խուճապի մատնվել։ Երբ մենք ենթարկվում ենք խուճապի, անհանգստանում ենք, լարվում, մեր մարմինը սթրես է ապրում: Այդ պահին բարձրանում է կորտիզոլի մակարդակը, նվազում տեստոստերոնը՝ մարդու սեռական առողջության հիմնական հորմոնը: Այդպես մենք անգիտակցաբար կարող ենք ինքներս մեզ քամել այնպես, որ ակտիվացնենք քնած հիվանդությունները և կորցնենք դիմադրողականությունը: Ցանկացած սթրեսային գործոն, ինչպիսին կորոնավիրուսն է, ինքնին առաջացնում է խուճապ։ Բայց այն պետք է վերահսկել և կառավարել։ Վիճակը ավելի են բարդացնում ԶԼՄ-ները, համացանցը, պարապուրդի մատնված մարդիկ, ովքեր համացանցում անդադար լարվածություն են ստեղծում, խրտնած ստատուսներ գրում, մեղավորներ փնտրում, դատ ու դատաստան պահանջում, անիծում, հայհոյում... Չի՛ կարելի։ Սա մերժելի և վնասակար մոտեցում է, որը միայն է՛լ ավելի է խորացնում իրավիճակը, ավելի է սրում սթրեսը՝ իր բոլոր հետևանքներով։
Այս հարցում շատ կարևոր է սթրեսակայունությունը. պետք է սահմանափակել ավելորդ և անպիտան ինֆորմացիայի հոսքը (հեռուստացույց, համացանց և այլն), չլսել և չկարդալ պաթոսաշունչ ճառեր, գրառումներ, առավել ևս՝ դրանք ոգևորված չտարածել՝ ուրիշներին է՛լ ավելի սթրեսի չենթարկելու համար։ Եթե մտովի մեր հոգեբանական դիմադրողականությունը չթուլացնենք, ոչ մի վիրուս մեզ չի վնասի։
- Վիրուսը փոխանցվու՞մ է սեռական ճանապարհով։
- Ամեն ինչ որոշում է հեռավորությունը։ Հնարավոր է ոչ թե սեռական ճանապարհով, այլ սեռական հարաբերության ժամանակ, երբ «կրողն» ու «զոհը», այսինքն՝ հիվանդն ու առողջը գտնում են միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորության վրա: Իսկ դա այդքան էլ բարդ գործընթաց չէ։ Հարաբերության ժամանակ վիրուսը հեշտորեն կարող է փոխանցվել հատկապես համբուրվելու ժամանակ։ Իսկ չվարակվելու համար անհրաժեշտ կլինի շատ ջանքեր գործադրել, որպեսզի սեռական հարաբերության ընթացքում մարմնի վերին հատվածի լորձաթաղանթների շփում տեղի չունենա, ինչը անկողնային կյանքում գրեթե անհնար է, լինելու դեպքում էլ զավեշտի կնմանվի (ասենք՝ դիմակով, պաշտպանիչ ակնոցով կամ դիմավահանով)։
- Այնուամենայնիվ, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ սեռական առողջության վրա։
- Կորոնավիրուսը կարող է «թաքնվել» ամորձիներում, ինչը տղամարդկանց ավելի խոցելի է դարձնում այդ վարակի հանդեպ։ Վիրուսը կարող է ամորձիներում ավելի երկար մնալ, քան այլ օրգաններում։ Արդյունքում ամորձիները դառնում են մի տեսակ «պահեստարաններ», որոնց շնորհիվ վարակը պահպանվում է։ Վարակը կարող է առաջացնել օրխիտ՝ ամորձիների բորբոքում, ինչն էլ իր հերթին կարող է տղամարդու մոտ հանգեցնել սերմնաբջիջների քանակի և որակի նվազման: Այդ իսկ պատճառով, հետագա բարդություններից խուսափելու նպատակով, կորոնավիրուսով վարակված տղամարդիկ պետք է կոնսուլտացիայի համար դիմեն բժիշկներին՝ պարզելու հիվանդությունը իրենց վերարտադրության վրա բացասական ազդեցութուն թողե՞լ է, թե՞ ոչ: Ժամանակին ցուցաբերված բժշկական օգնությունը թույլ կտա հնարավորինս շուտ հայտնաբերել խնդիրը և կարգավորել այն։
- Մեկուսացված վիճակը, ինչպե՞ս կարող է անդրադառնալ զույգերի, ամուսիների փոխհարաբերությունների վրա։
- Ցավոք, վերջերս շատացել են ամուսնական-սեռական աններդաշնակությունները։ Որպես փրկօղակ՝ անհրաժեշտ է պահպանել վարքի էթիկան։ Պետք է զուսպ և հանդուրժող լինել միմյանց նկատմամբ։ Սա արձակուրդ չէ, ինչպես որ երբեմն անվանում են, քանի որ ոչ ոք չի կարող ազատ անել այն, ինչ սովորաբար անում է արձակուրդին։
Օրվա ընթացքում հարկավոր է ընտանիքի յուրաքանչյուր անդամին ժամանակ հատկացնել։ Դա կնվազեցնի կոնֆլիկտների հնարավորությունը։
- Որպես սեքսոպաթոլոգ՝ ի՞նչ խորհուրդ կտաք զույգերին, ինչպե՞ս ներդաշնակությունը պահպանել ստեղծված իրավիճակում։
- Ինչպես ասում են՝ չկա չարիք՝ առանց բարիքի։ Կարանտինային մեկուցասումը լավ ժամանակահատված է ինքնազարգացման, ինքնառեսման, ինքնամաքրման համար։
Ցանկալի է, որպեսզի զույգերից յուրաքանչյուրը փորձի իր ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե մյուսի վրա, այլ ինչ-որ ուրիշ բանի, ասենք նոր հոբբիի։ Դա կարող են լինել նաև վիրտուալ տուրերը, օնլայն դասընթացները կամ օնլայն ներկայացումները։ Չպետք է մոռանալ նաև համատեղ ժամանցի մասին՝ լինի դա ֆիլմի դիտում, ինչ-որ ճաշատեսակի համատեղ պատրաստում, մարզումներ և այլն։
Պետք է լավատես լինել։ Մարդու միտքը ուժ ունի։
Զրույցը՝ Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ
