ՁՄԵՌԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻՑ ՀՈՒՅՍ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԿԱ
Արխիվ 12-16ՁՄԵՌԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻՑ ՀՈՒՅՍ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԿԱ
Ձմեռային մարզաձեւերը Հայաստանում մի ամբողջ տարի դադարի մեջ են: Հասկանալի է՝ Հայաստանի կլիմայական պայմաններն ուղղակի պարտադրում են հայ դահուկորդներին տարվա ընթացքում մարզումներն անցկացնել այլ երկրներում, եւ միայն այս ամիսներին է, որ մարզաձեւերի համար կարելի է ակտիվ շրջան գրանցել:
Բայց այսքանով հանդերձ՝ երբ հաշվի ենք առնում, թե որքան է կազմում հայկական սպորտին եւ հատկապես՝ ձմեռային մարձաձեւերին տրամադրվող բյուջեն, հասկանում ենք, որ ծախսատար այդ մարզաձեւերի զարգացման համար միայն նման հատուկենտ առիթները, մեղմ ասած, բավական չեն: Միաժամանակ՝ չենք կարող չնկատել նաեւ, որ վերջին տարիներին Հայաստանը միջազգային մրցաշարերում համեմատաբար ավելի լավ արդյունքներ է գրանցում: Միջազգային հարթակում ունենք մեկ բարձրակարգ մարզիկ՝ Սերգեյ Միքայելյանը, իսկ պատանիներից Միքայել Միքայելյանը, ամենայն հավանականությամբ, համարժեք իրավահաջորդ կլինի Սերգեյի համար: Որոշ աճ գրանցվում է նաեւ գեղասահքում: Ի դեպ, հայ գեղասահորդները տարին սկսել են նվաճմամբ՝ Լեհաստանի Տորուն քաղաքում անցկացված գեղասահքի Mentor Nestle Nesquik Torun Cup-2016 միջազգային ավանդական մրցաշարում արծաթե մեդալներ են նվաճել Հայաստանի ներկայացուցիչներ, մենասահորդներ Սլավիկ Հայրապետյանը եւ Անաստասիյա Գալուստյանը: Սա հայ գեղասահորդների համար լավ հնարավորություն է` բարձր արդյունքներ գրանցել նաեւ հունվարի 25-31-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությունում: