18-ԱՄՅԱ ՀՈՎԻԿԸ ԵՐԱԶՈՒՄ Է ԲՈՒԺՎԵԼ ԵՎ ԾԱՌԱՅԵԼ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ
Արխիվ 12-1618-ԱՄՅԱ ՀՈՎԻԿԸ ԵՐԱԶՈՒՄ Է ԲՈՒԺՎԵԼ ԵՎ ԾԱՌԱՅԵԼ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ
18-ամյա Հովիկ Հովեյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, ապրում է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում, երազում է բուժվել եւ իր հասակակիցների նման մասնակցել դպրոցական վերջին զանգին, ծառայել հայոց բանակում, մարդկանց հետ շփվել եւ ունենալ շատ ընկերներ: Երեք ամսականում աղիքային ինֆեկիցիայով վարակվելուց հետո ծանր հիվանդացել է, բժիշկները ծնողներին հուսադրել են, թե ամեն ինչ լավ է լինելու եւ շուտով երեխան կառողջանա, սակայն մինչ այսօր Հովիկը չի բուժվել եւ բժիշկները չգիտեն, թե ինչ հիվանդությամբ է տառապում. «Հայաստանում չկա այնպիսի հիվանդանոց որտեղ Հովիկը բուժում ստացած չլինի: 18 տարիների ընթացքում ստացած այդ բուժումները որեւէ արդյունք չտվեցին: Բժիշկներն ասում էին, որ ամեն ինչ նորմալ է, բայց որդիս օրվա մեջ հաճախ է վատանում, նյարդայնանում ու ցնցումների մեջ ընկնում: Մի քանի ամիս առաջ նորից բժշկի մոտ էինք, որդուս զննեց ու խորհուրդ տվեց, որ գնանք արտասահման, հնարավոր է այնտեղ բուժվի»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Հովիկի մայրը`Թամարա Հովեյանը: Նրա խոսքով`Հովիկը միջնակարգ դպրոց հաճախել է ընդհամենը 10 օր`երկար չի կարողացել նստել դասերին եւ պահանջել է, որ մայրը միշտ իր հետ դպրոց գնա: Անհատական ուսուցում է պահանջվել, սակայն դպրոցն այդ հնարավորությունները չի ունեցել.«Մենք նույնպես հնարավորություն չենք ունեցել մանկավարժ վարձելու համար: Բժիշկները խորհուրդ են տվել Հովիկին հոգեբանի ու նյարդաբանի մոտ տանել, բայց դրա համար մեծ գումար է պահանջվել, կարողացել ենք հայթայթել միայն հիվանդանոցի համար պահանջվող գումարը: Ամեն ինչ վաճառել ենք, այսօր նույնիսկ մեր սեփական տունը չունենք»,-շեշտեց տիկին Թամարան եւ ավելացրեց.«18 տարի շարունակ ես ու ամուսինս պայքարել ենք մեր որդու առողջության համար եւ երբեք չենք հիասթափվել: Երբ մի քանի ամիս առաջ իմացանք, որ Հովիկը չի կարող Հայաստանում բուժվել` ընկճվեցինք, ինչը նկատում է նաեւ որդիս: Այժմ նա է մեզ հուսադրում, որ ելք կգտնվի եւ ինքը կբուժվի: Արտասահման գնալու համար վեց հազար եվրո է անհրաժեշտ, բայց այսօր նույնիսկ վեց հազար դրամ չկա: Մեր աշխատանքով կարողանում ենք միայն ընտանիքի հացն ապահովել ու ամիսը մի քանի անգամ Հովիկին հիվանդանոց տանել»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Տիկին Թամարան ամեն օր մեկ բանի մասին է մտածում`ում դիմել անհրաժեշտ 6 հազար եվրոն ունենալու համար: Այս պահին վաճառելու ոչինչ չունի, հարեւան -բարեկամներն էլ չունեն հնարավորություններ օգնելու համար: Ասում է, որ ամենաչնչին օգնությունն անգամ իրենց կօգնի:
Հովիկին օգնելու նպատակով Թ. Հովեյանի անունով ACBA բանկում բացվել է հաշվեհամար`AGCAAM22
220191205818000 (ՀՀ դրամ), 220191200595958 (ռուբլի) եւ 220191203508001 (ԱՄՆ դոլար), 2470049018200000 (EURO), Թամարա Հովեյանի հեռախոսահամարն է`077-24-79-61:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk