ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿ. «ՓԱՐԹԻ ՉԻ ԵՂԵԼ, ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՈՐԴՈՒ ՀԱՐՍԱՆԻՔՆ ԷԼ ԴՈՒԲԱՅՈՒՄ ՉԻ ԱՆՑԿԱՑՎԵԼ»
Արխիվ 12-16ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿ. «ՓԱՐԹԻ ՉԻ ԵՂԵԼ, ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՈՐԴՈՒ ՀԱՐՍԱՆԻՔՆ ԷԼ ԴՈՒԲԱՅՈՒՄ ՉԻ ԱՆՑԿԱՑՎԵԼ»
Արդեն երկու օր է, որ լրատվամիջոցներն ու սոցցանցերը քննարկում են ՕԵԿ ղեկավար, ԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանի որդու` Վահան Բաղդասարյանի հարսանիքը, որը ըստ տեղեկությունների, անցկացվել է Դուբայում: «Իրավունք»-ը կապ հաստատեց ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանի հետ` պարզելուարդյոք ճիշտ են վերոնշյալ: «Հարսանիքը Դուբայում չի եղել, այլ Հայաստանում:Այն տեղի է ունեցել Ամանորից առաջ, նեղ շրջանակում` բարեկամական միջավայրում: Դրանից հետո եղել է ամուսնական ճամփորդություն դեպի Դուբայ»,- ասաց մամլո խոսնակը:
Ինչու է գաղտնի պահվում Բաղդասարյանի որդու հարսանյաց արարողության վայրը: Մամլո խոսնակը հակադարձեց. «Իսկ ինչ պարտադիր է, որ հրապարակվի: Եթե մենք չենք արձագանքում, որ այն, ինչ հրապարակվել է, ճիշտ է: Գրում են նավի վրա տեղի ունեցած փարթիի մասին: Դա սուտ է»,- հերքեց Ա. Միսակյանը:
ՕԵԿ պատգամավորներից ովքե՞ր են մասնակցել Բաղդասարյանի որդու հարսանիքին: «Հյուրերի ցանկին ես չեմ տիրապետում: Պարտավոր էլ չեմ իմանալու»,- ասաց մեր զրուցակիցը, ով, ի դեպ, իր խոսքով, չի մասնակցել այդ հարսանիքին:
Մի բան հաստատ է, որ քավորը եղել է ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով, ըստ Միսակյանի, որպես քավոր հնարավոր է մասնակցած լինի հարսանիքին:
«Հայկական վերածնունդ» շարժման անդամ Կարեն Թումանյանը լրատվականներից մեկի հոդվածի տակ գրել էր. «… մարդու քավորը (նկատի ունի Վահան Բաղդասարյանի քավորին` Արա Աբրահամյանին-խմբ.) մեծահարուստ մարդ է` իրավունք չունի՞ նրա կողմից թեկուզ այս ճամփորդությունը նվեր ստանա»: Կարո՞ղ ենք ենթադրել, որ նորապսակների Դուբայ մեկնելը Արա Աբրահամյանի նվերն է: «ՕԵԿ-ը Կարեն Թումանյան անուն-ազգանունով անդամ չունի: Երկրորդ` չեմ ճանաչում նման անուն-ազգանունով կոմպետենտ մարդու, ով կարող է նման հայտարարություն անել: Դա մարդու ենթադրությունների, բարի ցանկությունների կամ ֆանտազիայի ժանրից է, պետք է նրան հարցնել»,-պարզաբանեց կուսակցության մամլո պատասխանատուն:

Ինչպես կմեկնաբանվի այն, որ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի ու ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հեռախոսահամարներից լսվվում են արաբերեն խոսքերը, իսկ ՕԵԿ մյուս պատգամավորները, այս օրերին, եւս եղել են անհասանելի: Երջանիկ պատահականությո՞ւն է, թե՞ նպատակաուղղված քայլ, որ պատգամավորները հենց այս օրերին Դուբայում են: Միգուցե ՕԵԿ-ականները մասնակցում են իրենց շեֆի որդու ամուսնական ճանապարհորդությա՞նը: «Չեք կարող նման ենթադրություն անել, քանի որ պատգամավորներն իրենց արձակուրդը տնօրինում են այնպես, ինչպես ցանկանում են: Կարող են հանգստանալ մեր երկրում կամ երկրից դուրս: Իսկ երկրից դուրս լինելը արտառոց չէ: Բայց դա չի նշանակում, թե եթե մարդը, դիցուք, Դուբայում է, նա մասնակցում է հարսանեկան արարողությանը»,-պատասխանեց կուսակցության մամլո խոսնակը:
Իսկ թե որտեղ են անցկացնում իրենց արձակուրդը Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը, Արթուր Միսակյանն ասաց, որ այդ մասին տեղեկություն չունի, քանի որ դա մամլո խոսնակի պարտականությունը չէ:
Ամանորն արդեն ավարտվել է, պատգամավորներն արդեն անցել են աշխատանքի, սակայն ՕԵԿ խմբակցության պատգամավորները դեռ հանգստանում են: Ինչո՞ւ: «Ի տարբերություն շատերի, մենք մի քիչ շատ ենք աշխատել, դրա համար էլ երկար ենք հանգստանում»,- եզրափակեց ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk