«Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան ստեղծելու ամենամեծ ջատագովներից մեկը մշակույթի նախարարությունն է»
Արխիվ 12-16«ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՄԵՆԱՄԵԾ ՋԱՏԱԳՈՎՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է»
Դեկտեմբերի 30-ը երջանկահիշատակ երգչուհու` հայ հոգեւոր երգերի ու տաղերի անզուգական կատարող Լուսինե Զաքարյանի մահվան 23-րդ տարելիցն էր… Օրը տխուր էր ու մռայլ անդառնալի կորստի, իսկ նրա Կողբացի 42 հասցեում գտնվող բնակարանի վիճակով պայմանավորված` ամոթաբեր լուսինեասերների ու արվեստասերների համար: Այս մասին «Լուսինե Զաքարյան Lousine Zaqaryan» ֆեյսբուքյան էջի հիմնադիր-համակարգող ՊԵՐՃ ԴՈԼԻՆՅԱՆԻ կողմից հետեւյալ բովանդակությամբ նամակ էր ստացել նաեւ «Իրավունքը», երբ մեր հերթական «Ուղիղ կապի» հյուրն էր ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ, ինչը ներկայացնում ենք առանց խմբագրման.
-Մեծարգո պարոն Պողոսյան, ինձ այրող հարցը հետեւյալն է` գրեթե չորս տարի կոչերով, խոսքերով, գրելով` կառավարության, պատկան մարմինների եւ հանրության ուշադրությունը այդպես էլ չկարողացանք սեւեռել մեր համազգային երգչուհու` Լուսինե Զաքարյանի կործանվող բնակարանը փրկելու եւ այն տուն-թանգարան դարձնելու նպատակի վրա...Մշակույթի նախարարության «պատճառաբանություններն» այն մասին, որ բնակարանը սեփականություն է եւ ոչ թե պետության հովանավորության տակ գտնվող անշարժ գույք` ես չեմ արդարացնում, մեկ պարզ պատճառով` եթե պետությունը ցանկանար, անհատը կգտնվեր... Այդ իսկ պատճառով պահանջում եմ գտնել անհատին եւ բնակարանի ժառանգությունից զրկել նրան իր մեր ազգի սրբություններից մեկի թողած մասունքները կործանման մատնելու պատճառով:
Համոզված եմ, որ ՀՀ օրենսդրության մեջ պահանջս բավարարող կետ կամ ենթակետ անպայման գոյություն ունի, հետեւապես իմ հարցը եզրափակում եմ հետեւյալով` կարո՞ղ եք օգնել բնակարանը պետականացնելու եւ հետագայում պետություն-ժողովուրդ միացյալ ջանքերով այն թանգարանի վերածելու:
Ի պատասխան նամակի, թեպետ հարցն իր ոլորտից դուրս էր, բայց, այնուամենայնիվ, պարոն Պողոսյանը, լինելով խնդրից քաջատեղյակ, ասաց.
- Իմ կոլեգաները երկար փնտրտուքների մեջ են եղել եւ գտել են ժառանգներից մեկին ու առաջարկել` կա՛մ հիմնադրամ ստեղծեք ու այդ սեփականությունը փոխանցեք հիմնադրամին եւ թող այն դառնա ոչ պետական թանգարան, կա՛մ տվեք պետությանը, որից հետո մենք ցանկացած դեպքում կարող ենք աջակցել, որպեսզի թանգարանը ստեղծվի: Բայց այդտեղ այսօր սեփականության խնդիր կա, իսկ սեփականության իրավունքից ոչ ոք չի կարող մարդկանց զրկել: Ժառանգներից մեկը, ով հանդիպել էր նախարարի հետ, պարտավորվել էր, որ կգնա այդ խնդիրը մյուս ժառանգների հետ կքննարկի եւ իրենք ընդհանուր հայտարարի կգան, եւ այդ մասին կտեղեկացնեն մշակույթի նախարարությանը, սակայն մինչեւ հիմա որեւէ լուր չկա: Իհարկե, մեզ մտահոգում է այդ հարցը, բայց եկեք հասկանանք, որ սեփականության իրավունքը սահմանադրական իրավունք է, եւ այդտեղ սեփականությունից զրկել պետությունը չի կարող, եթե համաձայնությունը չլինի այդ մարդկանց: Եվ այն, որ Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան ստեղծելու ամենամեծ ջատագովներից մեկը մշակույթի նախարարությունն է, մի՛ կասկածեք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- «Ուղիղ կապի» շարունակությունը կարդացե՛ք այստեղ:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk