«ԻՐԱՎԻՃԱԿԸ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ Է, ՆԵՐԿԱՅՈՒՄ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՎՏԱՆԳ ՉԿԱ»
Արխիվ 12-16«ԻՐԱՎԻՃԱԿԸ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ Է, ՆԵՐԿԱՅՈՒՄ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՎՏԱՆԳ ՉԿԱ»
Այսօր ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Հանրապետությունում գրիպի եւ սուր շնչառական վարակների առումով համաճարակային իրավիճակն այսօր օրինաչափ է` նախորդ տարիների միեւնույն ժամանակահատվածի հետ: Այսպես, դեկտեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 2351 դեպք, նախորդ տարվա՝ 2240 դեպքի դիմաց: Նմանատիպ իրավիճակ է դիտվում նաեւ ընթացիկ տարվա նախորդ շաբաթների ժամանակ: Ըստ լաբորատոր հետազոտությունների արդյունքների, այսօր հանրապետությունում շրջանառում են գրիպի Ա (H1N1 ենթատեսակ) եւ Բ տեսակները»:
Ի դեպ, Հանրապետության առանձին բժշկական կազմակերպություններում հետգրիպային բարդություններով, թոքաբորբերով բուժում ստացող հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության եւ թեթեւ: Նրանց նկատմամբ սահմանվել է անհրաժեշտ բուժում, հիվանդներն ապահովվել են անհրաժեշտ հակավիրուսային պատրաստուկներով: Վերջիններս մոտ դիտվում է առողջացման դրական տեղաշարժ: Սակայն, վերջին օրերին արձանագրվել է գրիպի բարդացմամբ հետեւանքով մահվան 3 դեպք, որոնք պայմանավորված են ուշ դիմելիությամբ, արտահայտված ուղեկցող խրոնիկական հիվանդություններով, մասնավորապես՝ սիրտ անոթային, երիկամային անբավարարություն, ճարպակալում եւ այլն: Ուստի` հիմք ընդունելով վերը նշվածը, առողջապահության նախարարությունը զգուշացնում է. «Գրիպի եւ դրա բարդություններից խուսափելու նպատակով` խորհուրդ է տրվում գրիպանման երեւույթների արձանագրման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, հատկապես՝ տարեց անձիք, ովքեր տառապում են խրոնիկ հիվանդություններով, հղիները եւ երեխաները, քանի որ բարդություններ կարող են առաջանալ գրիպի ցանկացած տեսակի եւ ենթատեսակի դեպքում: Գրիպանման երեւույթների դեպքում, անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ, առանց բժշկի նշանակմամբ չօգտագործել հակաբիոտիկներ:
Անհրաժեշտ է հաճախակի օդափոխել փակ տարածքները` հետեւելով անձնական հիգիենային: Հագնվել եղանակին համահունչ: Եթե Ձեզ մոտ առկա են գրիպանման երեւույթներ, ապա անհրաժեշտ է սահմանափակել շփումներն այլ անձանց հետ, մնալ տանը եւ հետեւել բժշկի խորհուրդներին»:
Ընդգծենք նաեւ, որ հանրապետությունում խոցելի խմբերի շրջանում, կամավոր հիմունքներով, գրիպի դեմ իրականացվել են կանխարգելիչ պատվաստումներ: Իսկ նախարարությունը հիշեցնում է. «Տոնական օրերին ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններում սահմանվել է հերթապահություն, անհրաժեշտության դեպքում բժշկական օգնություն կազմակերպելու համար»: Ապա հավելում. «Իրավիճակը վերահսկելի է, ներկայում համաճարակի վտանգ չկա: Սակայն եղանակային ջերմաստիճանի կտրուկ նվազման հետ կապված խորհուրդ է տրվում պահպանել վերը նշված բոլոր կանխարգելիչ միջոցառումները»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk