Գյուղատնտեսության նախարարը ամփոփեց բերքառատ տարին ու անկեղծացավ. «Ակնկալում եմ ձեր օգնությունը»
Արխիվ 12-16ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՄՓՈՓԵՑ ԲԵՐՔԱՌԱՏ ՏԱՐԻՆ ՈՒ ԱՆԿԵՂԾԱՑԱՎ. «ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՄ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ»
ՀՀ գյուղատնտեսության նախարար ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ տարեվերջյան ասուլիսով ամփոփեց բերքառատ տարին եւ հատ առ հատ անդրադարձավ 2015 թվականի ընթացքում նախարարության գործունեության հիմնական արդյունքներին: Եվ, իհարկե, Ամանորին ընդառաջ անկեղծացավ լրագրողներիս հետ. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ` այս մեկ տարվա մեր համագործակցության եւ, ընդհանրապես, իմ աշխատանքի ժամանակ ձեզ հետ համագործակցության համար: Իհարկե, եղել են ժամանակներ, որ իրար չենք կարողացել լիարժեք հասկանալ, դժգոհություններ են եղել, բայց նորաղամիտ լինենք, թողնենք այն այս տարվա մեջ: Եկող տարի ձեզ հետ մենք ավելի թափանցիկ, ավելի սերտ ենք աշխատելու եւ այս հարցում ակնկալում եմ ձեր օգնությունը: Ընդունում եմ օբյեկտիվ քննադատական խոսքերը, որ եղել են տարվա ընթացքում: Դրանք շատ են օգնում մեզ հետագա աշխատանքում եւ համոզված եմ, որ եկող տարի էլ ավելի սերտ համագործակցությամբ կշարունակենք մեր աշխատանքը»:
«ՄԻԱՅՆ 2015 ԹՎԱԿԱՆԻՆ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ 18500 ՀԵԿՏԱՐՈՎ»

Խոսելով նախարարության ձեռքբերումների մասին` գյուղատնտեսության նախարարը նախ նշեց, որ Հանրապետության գյուղատնտեսությունում տնտեսավարողների ջանքերով եւ վարվող պետական աջակցության քաղաքականության արդյունքում գյուղատնտեսության ոլորտում 2015 թվականին գրանցվել են դրական տեղաշարժեր. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ օպերատիվ տվյալներով 2015 թվականի հունվար-նոյեմբերին գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 931.4 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 11.6 %-ով: Տնտեսական աճը, հիմնականում, արդյունք էր գյուղատնտեսությունում տնտեսավարողների քրտնաջան աշխատանքի, որին նպաստեցին նաեւ բարենպաստ բնակլիմայական պայմանները եւ ոլորտում իրականացված պետական աջակցության ծրագրերը: Տնտեսական աճի ապահովման հետ մեկտեղ կարեւորագույն ձեռքբերումներից է ցանքատարածությունների ավելացումը եւ արդյունքում` հողային ռեսուրսների նպատակային օգտագործման մակարդակի բարձրացումը»: Ապա ընդգծեց. «Միայն 2015 թվականին ցանքատարածություններն ավելացել են 18500 հեկտարով: Գյուղատնտեսության արտադրության ծավալների ավելացումը հանգեցրել է երկրի համախառն ներքին արդյունքի մեջ ոլորտի տեսակարար կշռի ավելացմանը: 2015 թվականին հանրապետությունում գրանցվել է գյուղատնտեսության բոլոր ճյուղերի արտադրության ծավալների զգալի աճ: Սակայն սա դեռ չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծվել են, ավելին, տարեց տարի մենք բախվում ենք նոր մարտահրավերների, որոնց լուծման համար պահանջվում են իրավիճակից բխող առավել արդյունավետ մոտեցումներ»:
«ԽՆԴԻՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՐ, ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵՑԻՆ 25-30 %-ՈՎ»
Ըստ Ս. Կարապետյանի, ընթացիկ տարվա խնդիրների մեջ առանձնանում էր բուսաբուծական մթերքների մթերումների խնդիրը, որը պայմանավորված էր ոչ միայն արտադրության ծավալների էական ավելացմամբ, այլեւ, հիմնականում, արտաքին գործոնների հետ կապված, մասնավորապես ռուսական ռուբլու եւ ԱՄՆ դոլարի հարաբերակցության փոփոխության հետեւանքով գինեգործական, կոնյակի, պահածոների արտադրատեսակների արտահանման ծավալների կտրուկ կրճատման, որը հանգեցրեց գյուղատնտեսական մթերք վերամշակողների շրջանառու միջոցների եւ գյուղատնտեսական հումքի պահանջարկի կրճատման. «Նշված խնդիրը միջազգային էր, արտաքին պարենային բորսաներում գները նվազեցին 25-30 %-ով: Վերը նշվածի հետ փոխկապակցված, խնդիրներ են առկա գյուղատնտեսական մթերքների նախորդ տարիներին ձեւավորված եւ ընթացիկ տարվա մթերումների գների մակարդակի եւ դրանց վճարումների առնչությամբ: Խնդրի հրատապությունը եւ դրա չհաղթահարման դեպքում առաջիկայում առավել սուր խնդիրներից խուսափելու նկատառումներով պայմանավորված` ձեռնարկվեցին համապատասխան օպերատիվ միջոցառումներ: Մասնավորապես, մասնավոր հատվածի արտադրողների հետ քննարկվեցին ծառացած խնդիրները եւ մշակվեցին առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ»: Սակայն, դեռեւս կարեւոր խնդիր է գյուղատնտեսական մթերքներ արտադրողների եւ վերամշակողների միջեւ պայմանագրային փոխշահավետ հարաբերությունների լիարժեք արմատավորումը. «Ընթացիկ տարվա առանձնահատկություններով պայմանավորված, վերը նշված խնդիրների հետ մեկտեղ, չնայած որոշակի դրական տեղաշարժերի, առկա են նաեւ խնդրիներ կապված հողային ռեսուրսների նպատակային օգտագործման, գյուղատնտեսությունում համատեղ գործունեության, մասնավորապես կոոպերացիայի զարգացման, ոլորտում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման, արտաքին շուկայի պահանջներին համապատասխան գյուղատնտեսական մթերքների որակի ապահովման անցման, իրացման համակարգի կատարելագործման եւ այլ ուղղություններին», - շեշտեց նախարարը:
«ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է ՄԱՏՉԵԼԻ` 14 % ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ, ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄՈՎ ՎԱՐԿԵՐ»
Գյուղատնտեսության կայունության եւ մրցունակության բարձրացման համար` Ս. Կարապետյանը կարեւորեց վարկային ռեսուրսներիմատչելիությանմակարդակի բարձրացումը. «Վերջինիս նպաստել է «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը: Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգին համապատասխան ոլորտին տրամադրվում է մատչելի` 14 % տոկոսադրույքով, հայկական դրամով վարկեր, որի 6 տոկոսային կետը սուբսիդավորվում է պետության կողմից: Ընդ որում, 6 տոկոսով ամբողջական սուբսիդավորումն սկսվել է իրականացվել 2015 թվականից: Ինչպես մայր գումարի, այնպես տոկոսադրույքի մարման համար սահմանված է արտոնյալ ժամկետ` առնվազն 6 ամիս»: Ի դեպ, 2011 թվականի ապրիլից մինչեւ 2015 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվել է 77.3 մլրդ դրամ ընդհանուր գումարով 88.8հազ. միավոր վարկ, ինչի մասին գործադիրի ներկայացուցիչն ասաց. « Նշված ժամանակահատվածում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ընդհանուր գումարը կազմել է 3.2 մլրդ դրամ: 2015 թվականին` ծրագրի առաջին փուլում, տրամադրվել է 8.2 մլրդ դրամի, երկրորդ փուլում` 7 մլրդ դրամի վարկ: Վերջին տարիներին գյուղատնտեսության մեջ գրանցված դրական տեղաշարժերն արդյունք են նաեւ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացման»: Իսկ ասուլիսի վերջում բանախոսը մաղթեց. «Շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարին, ցանկանում եմ երջանկություն, առողջությում: Ձեր ընտանիքներում եւ մեր երկրում թող խաղաղություն լինի, մեր տնտեսությունը թող հզորանա, մարդկանց եկամուտներն ավելանան: Ամենայն բարիք ձեզ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk