«ԵՐԵԽԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ ԵՆ»
Արխիվ 12-16«ԵՐԵԽԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ ԵՆ»
Հաճելի է, երբ տարեմուտին տոնածառի տակ, կամ էլ` արդեն առավոտյան բարձիդ տակ գտնում ես Ձմեռ պապիկին` նամակով խնդրածդ նվերը: Հավանաբար մեզանից շատերը փոքր ժամանակ նվերն առավոտյան բարձի տակ գտնելու դեպքում, մտքում, կամ էլ` բարձրաձայն, նախատել ենք ինքներս մեզ, թե ինչո՞ւ արթուն չմնացի, որպեսզի անձամբ Ձմեռ պապիկից ստանամ նվերը, չէ՞ որ մի ամբողջ տարի էի սպասել այդ օրվան: Այնուամենայնիվ, մեծանալով ինքդ քեզ համար բացահայտում ես շատ բաներ, այդ թվում նաեւ քո «սեփական» Ձմեռ պապիկին: Բայց, դրանով չի սահմանափակվում ամեն ինչ. Ձմեռ պապիկի հեքիաթային առեղծվածը միշտ ուղեկցում է բոլորիս, որ տարիքում էլ լինի:
Դերասանուհի ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ Ձմեռ պապիկի առեղծվածը բացահայտել է դեռահասության շեմին, բայց մինչեւ այսօր հեքիաթային քաղցր հուշերն ուղեկցում են նրան: Մարիամը «Իրավունքին» պատմեց, որ նույն հեքիաթային մթնոլորտն ապահովում է արդեն իր դստեր` Նարեի համար:
- Որոշ մարդիկ, որ տարիքում էլ լինեն, հավատում են Ձմեռ պապիկի գոյությանը, ո՞ր տարիքում եւ ինչպե՞ս եք բացահայտել Ձմեռ պապիկի առեղծվածը:
- Բացահայտեցի, երբ արդեն փոքր եղբորս` Երվանդիկի Ձմեռ պապիկի հավատալու տարիքն էր: Ինձ արդեն ինչ-որ չափով մեծ էի համարում, չնայած` մոտ 10-11 տարեկան էի: Ամեն դեպքում, արդեն ինքս էի նրան հավատացնում այդ հրաշքին: Ուրախ եմ, որ դեռ մնացել են մարդիկ, որ չափահաս դառնալուց հետո էլ հավատում են «Ձմեռ պապիկ» հրաշքին: Քանի դեռ հավատում ես, ուրեմն մեջդ դեռ մի փոքրիկ տոկոս մանկություն կա: Ինքս էլ շատ անգամ հավատում եմ, որ հրաշք տեղի կունենա: Դա գուցե մխիթարանք է, կամ էլ` չգիտեմ... բայց դա ուժ է տալիս մարդուն: Հրաշքներին հավատում են նրանք, ովքեր դեռ հույսը չեն կորցրել եւ դեռ անելիք ունեն:
- Հիմա ինչպե՞ս եք Ձեր դստեր համար, պահպանում մանկության այդ քաղցր
առեղծվածը, չէ որ հոգեբանորեն գուցե ազդի երեխայի երեւակայության վրա, երբ բացահայտի իր իրական Ձմեռ պապիկն:
- Չեմ ցանկանա, որ նա երբեւէ դադարի երազել, կուզենամ միշտ հավատա յուրաքանչյուր հրաշքի, կլինի դա Ձմեռ պապիկ, թե բարի փերի, կարեւոր չէ: Իհարկե, կգա մի տարիք, երբ արդեն անկախ մեր կամքից` նա շատ բաներ կբացահայտի իր համար, կարեւորը` հավատն է, պիտի հավատաս, որ լինի:
- Ձեր խորհուրդը ծնողներին, նման դեպքերում ինչպե՞ս վարվեն, որպեսզի չփչացնեն իրենց եւ փոքրիկի տոնական տրամադրությունն ու երեխայի երեւակայությունը:
- Երեխայի տրամադրությունն ու երեւակայությունն ամենակարեւորն են այս կյանքում: Խորհուրդ կտամ` անգամ եթե երեխան անհնարին բաներից է խոսում, միշտ ձեւացնել, որ դա հնարավոր է: Միեւնույն է` տարիների ընթացքում յուրաքանչյուր երեխա էլ հասկանում է, թե ինչն ինչոց է: Բայց, կա մի շրջան, որ պիտի երեխայիդ ազատ թողնես, որպեսզի հետագայում` թեկուզ ժամանակին, հրաշքներին հավատալով կարողանա գոյատեւել նաեւ առանց քեզ:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk