ԲԵՐՔԱԲԵՐ ԵՎ ՂԱԶԱՐԱՎԱՆ ԳՅՈՒՂԵՐԻ ՇՈՒՐՋ 100 ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՄԱՆՈՐԻ ՀՐԱՇՔԸ
Արխիվ 12-16ԲԵՐՔԱԲԵՐ ԵՎ ՂԱԶԱՐԱՎԱՆ ԳՅՈՒՂԵՐԻ ՇՈՒՐՋ 100
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՄԱՆՈՐԻ ՀՐԱՇՔԸ
«ՀՀ եւ ԼՂՀ սահմաններում, դիվերսիոն հարձակումներում, սիրիական ստեղծված թնջուկում հրաշքներ կա՞ն…», - խմբագիր, գրող ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆՆ ահա այսպես էր պատասխանել «Իրավունքի» այն հարցին, թե հավատո՞ւմ է Ամանորի հրաշքներին: Սակայն, կարճ ժամանակ անց պարզվեց, որ հրաշքների չհավատալով հանդերձ` Մ. Խուրշուդյանը Ամանորի հրաշքներ է ստեղծում այլոց համար: Իր հիմնադրած AAD.am կայքը օրերս իրականացրեց հերթական բարեգործական նախաձեռնությունը, որի ընթացքում Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր եւ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղերի շուրջ
100 երեխա արժանացան նվերների: Ամանորի հրաշք սպասվում էր նաեւ նույն գյուղերի 30 կարիքավոր ընտանիքներին, որոնք ստացան սննդե ծանրոցներ: Այս մասին Մ. Խուրշուդյանը մեզ հետ զրույցում նշեց հետեւյալը. «Միջոցառման ընթացքում իրենց օգնության ձեռքը մեկնեցին նվիրյալներ տարբեր բնագավառներից, մարդիկ, ովքեր հավատում, վստահում եւ միահամուռ ուժերով մեզ հետ լինում են այնտեղ, որտեղ օգնության կարիք կա, բարին ու դրականը փոխանցելու, հույս, հավատ սերմանելու անհրաժեշտություն կա: Նրանց թվում էին Բելգիայի Գենտ քաղաքի կիրակնօրյա դպրոցի սաները` տնօրեն Էլիզա Աթադջյանի ղեկավարությամբ, բելգիահայ երգչուհի Կարինե
Օհանյանը, Երեւանի ավագանու անդամ, ՀՀ փոքր հեկերի միության նախագահ Նաիրա Նահապետյանը, իրավապաշտպան Նարե Արամյանը, բժիշկ Մարատ Զաքարյանը, դերասան, բոդիբիլդեր-մարզիչ Ռուբեն Հակոբյանը, Երեւանի Լեւոն Միրիջանյանի անվան 155 դպրոցը` տնօրեն Լուսինե Դանիելյանի ղեկավարությամբ, Երեւանի Մուշեղ Իշխանի անվան 5 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները` տնօրեն Անահիտ Սարգսյանի ղեկավարությամբ, եւ այլք»: Ապա հավելեց. «Նոր տարին սկսվում է` հենց այդպիսի մարդկանց առողջություն, սեր, երջանկություն մաղթելու բուռն ցանկությամբ, թող բոլոր այդ
ընտանիքների օրհնանքները սփռվի Ձեր ընտանիքի վրա, շենանանք եւ միշտ մեր կողքին լինեք»:
Այնպես որ, հավատացեք Ամանորի հրաշքներին, բայց հրաշքների սպասելու փոխարեն, ստեղծեք հրաշքներ նրանց համար, ովքեր ունեն դրա կարիքը:
Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ
Լուսանկարները` Գոռ Իսկանդարյանի
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk