«Շատ լավ ձայներ ունենք, որոնց մի քանի տարի հետո վստահ եմ` մեծ բեմերում կտեսնենք»
Արխիվ 12-16«ՇԱՏ ԼԱՎ ՁԱՅՆԵՐ ՈՒՆԵՆՔ, ՈՐՈՆՑ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ ՀԵՏՈ ՎՍՏԱՀ ԵՄ` ՄԵԾ ԲԵՄԵՐՈՒՄ ԿՏԵՍՆԵՆՔ»
Հունվարի 17-ին կկայանա ArmBody.Project-ի «Լավագույններից լավագույնը» երաժշտական 2-րդ մրցույթի երկրորդ փուլը: Հիշեցնենք, որ մրցութային առաջին փուլ անցած 35 մասնակիցների առաջ պրոֆեսիոնալ ժյուրին խնդիր էր դրել կատարել համաշխարհային հիթեր: Արդյունքում առաջին փուլը հաղթահարեցին մասնակիցներից 23-ը, որոնք երկրորդ փուլում կներկայանան հայկական կատարումներով: Այս մասին «Իրավունքը» զրուցեց մրցույթի ժյուրիի անդամ, «Ծիածան» մանկապատանեկան վոկալ ստուդիոյի գեղարվեստական ղեկավար ՌՈՒԶԱՆՆԱ ՋԱՄԲԱԶՅԱՆԻ հետ.
- Երկրորդ փուլում` հայերեն երգեցողության ժամանակ, արդեն կերեւա բոլորի «կիկսերը»` բացթողումներն ու թերությունները, որովհետեւ հայերեն երգելը շատ ավելի բարդ է, քան անգլերեն երգելը:
- Տիկին Ջամբազյան, առաջին փուլում նկատելի էր, որ ժյուրին բավական դժվար ընտրության առաջ էր կանգնած, որովհետեւ արդեն իսկ նկատելի էին բավական լուրջ ձայնային տվյալներ ունեցող մասնակիցներ: Ի՞նչ կասեք այս մասին:
- Իրոք շատ բարդ էր: Առհասարակ, զարմացած եմ, որ մենք այսքան լավ երիտասարդություն ունենք: Ընդհանրապես, շատ լավ ձայներ ունենք, որոնց մի քանի տարի հետո վստահ եմ`մեծ բեմերում կտեսնենք: Համոզված եմ, որ այսօր ունենք լավ հիմք, որպեսզի ապագայում մեր երիտասարդները ներկայանան միջազգային երաժշտական հարթակներում:
- Ըստ Ձեզ, այս ձեւաչափով երաժշտական մրցույթները որքանո՞վ են
հեռանկարային:
- Հեռանկարային կարող է լինել, որովհետեւ փուլ առ փուլ արդեն իսկ տեսանելի աճ կա, ինչի համար շատ ուրախ եմ: Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Լավագույններից լավագույնը» երաժշտական մրցույթի կազմակերպիչ Արման Կիրակոսյանին, ով տալիս է հնարավորություն երիտասարդներին, որովհետեւ հիմա առհասարակ շատ քիչ տեղեր կան, որտեղ կարող ես ներկայանալ, երգել, ցույց տալ քեզ: Իսկապես, շատ գովելի է այս մրցույթը, որովհետեւ այսօր երիտասարդներին ընձեռվել է հնարավորություն ներկայանալու:
Ի դեպ, հավելենք, որ մրցույթի ժյուրիի կազմում են նաեւ երաժիշտ, երգահան, հեռուստատեսային երաժշտական բազմաթիվ հաղորդումների պրոդյուսեր Գիսանե Պալյանը, օպերայի մեներգչուհի, վոկալի մասնագետ Մարան Կարապետյանը, շոումեն, երգիչ Սամվել Գրիգորյանը, երգչուհի Ժաննա Քոչարյանը, երգչուհի Եվա Կանսը, երաժիշտ Արամ Այրումյանը եւ երգչուհի Արմինե Գրիգորյանը, որոնց դիտարկումները եւ մեկնաբանությունները մրցույթի մասին կշարունակենք ներկայացնել մեր ընթերցողների ուշադրությանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk