Հ. ՂԱԶԱՆՉՅԱՆՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ ՈՐԱԿԵՑ ՈՐՊԵՍ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՈՎ ԼԻ
Արխիվ 12-16Հ. ՂԱԶԱՆՉՅԱՆՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ ՈՐԱԿԵՑ ՈՐՊԵՍ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՈՎ ԼԻ
Հաշված օրեր անց այս տարին էլ պատմություն կդառնա, սակայն մինչ այդ Հայաստանի թատերական գործիչների մության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆՆ ամփոփելով անցնող տարին, այն որակեց որպես թատերական իրադարձություններով ու ձեռքբերումներով լի: Ըստ ՀԹԳՄ նախագահի` տարվա գլխավոր թատերական իրադարձությունը «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն է եղել, որն ավանդաբար անցկացվում է մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը, որի ժամանակ ՀԹԳՄ-ն ի մի է բերում նախորդ տարվա կատարված աշխատանքները: Այս տարի մրցանակաբաշխության շրջանակներում Երեւանում անցկացվեց մարզային թատրոնների ստուգատես, որի ընթացքում խոսվեց նաեւ մարզային թատրոններին վերաբերող մի շարք խնդիրների մասին:
Խոսելով մարզային թատրոններից՝ Հ. Ղազանչյանը կարեւորեց Աբովյանի քաղաքապետարանի հետ համատեղ, Աբովյան քաղաքում անցկացրած թատերական փառատոնը՝ նվիրված Աբովյան քաղաքի տոնին , որի շրջանակում ցուցադրվեց 11 ներկայացում` Երեւանի թատրոնների եւ Աբովյանի քաղաքային թատրոնի մասնակցությամբ:
«ՀԹԳՄ-ն շարունակում է ուշադրության կենտրոնում պահել մարզային
թատրոնների խնդիրները: Ուրախալի է, որ 2016-ին ավարտին կհասցվի Գավառի թատրոնի նոր շենքը: Ծրագրվում է Գավառում բացել դերասանական կուրս, ինչի անհրաժեշտությունը վաղուց հասունացել է»,- նշեց Հ. Ղազանչյանը եւ հավելեց. «ՀԹԳՄ-ն այս տարի, անվանի թատերական գործիչների խմբով, Սյունիքի մարզում կազմակերպել եւ մասնակցել է 2 թատերական միջոցառումների: Նախ, հոկտեմբերի 30-ին, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան թատրոնում հանդիպում կազմակերպվեց թատրոնի ստեղծագործական կազմի եւ մի խումբ հանդիսականների հետ, ապա, հոկտեմբերի 31-ին մեծ շուքով եւ հանդիսավորությամբ նշվեց Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի 80-ամյա հոբելյանը: Այս թատրոնի գլխավոր ձեռքբերումն այն է, որ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտին կից Կապանում բացվեց դերասանական կուրս, որը մեծ ջանասիրությամբ ղեկավարում է տաղանդավոր գործընկերներից մեկը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանը: Այս հրաշալի երիտասարդները, որոնք հավաքվել են այդ կուրսում, արդեն այդ թատրոնի դերասաններն են: Նրանք շատ որոշակիորեն մեզ ասում են, որ թատրոնի ապագան կա եւ թատրոնը շարունակելու է ժամանակին համընթաց ապրել եւ աշխատել: Անշուշտ, չեմ կարող թերագնահատել այն դերասաններին, որոնք արդեն երկար տարիներ այս թատրոնի մշակներն են: Նրանց հետ ինքս էլ պատիվ եմ ունեցել աշխատելու: Կասկած չունեմ, որ սերնդափոխությունն այս թատրոնում շատ ճիշտ կատարվեց եւ իր արդյունքները մոտ ապագայում տալու է»:
ՀԹԳՄ նախագահի խոսքով պատվիրակությունը պարբերաբար այցելում է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական թատրոն, դրա վառ ապացույցը` նոյեմբերի 9-ին Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացած Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի «Սովորական պատմություն» ներկայացման առաջնախաղին ՀԹԳՄ-ի ներկայությունն է եղել. «Պետք է ասեմ, որ լեփ-լեցուն դահլիճ էր, եւ ներկայացումն անցավ շատ մեծ հաջողությամբ: Հանդիսատեսը երկար ժամանակ բաց չէր թողնում ստեղծագործական խմբի անդամներին: Այս փաստը մեկ անգամ եւս ուրախացրեց մեզ, քանի որ տեսանք արդեն մի քանի տարի դժվար պայմաններում աշխատող Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի կոլեկտիվի ստեղծագործական կենսունակությունն ու նվիրումը: Ուրախալի է շատ, որ այս թատրոնում աշխատում են տաղանդավոր մարդիկ, եւ նրանց անօթեւան մնալը բացարձակապես չի ազդել թատրոնի ստեղծագործական որակի վրա»:
Խոսելով Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքի ներկայիս վիճակի մասին` Հ. Ղազանչյանը նշեց. «Ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ թատրոնի վերանորոգման աշխատանքները կավարտվեն մյուս տարի ամռանը, եւ թատրոնը կվերաբացի իր դռները հանդիսատեսի առաջ»:
Անդրադառնալով ձեռքբերումներին՝ ՀԹԳՄ նախագահն առանձնացրեց նոյեմբերի 19-26-ը ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ Մինսկում կայացած ԱՊՀ եւ Բալթյան երկրների եւ Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային II ֆորումը, որին ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ մասնակցել են երիտասարդ թատերական գործիչներ Գոռ Մարգարյանը, Անուշ Ասլիբեկյանը, Անահիտ Մութաֆյանը, Նելլի Բարսեղյանը, Ալինա Ալեքսանյանը, ինչպես նաեւ Պատանի հանդիսատեսի թատրոնը` «Մեղրի համը» ներկայացումով:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk