ԵԹԵ ԳՈՂԱՆՈՒՄ ԵՆ, ՈՒՐԵՄՆ ՍԵՎԱՆՈՒՄ ԴԵՌ ՄԻ ՔԻՉ ՍԻԳ ԿԱ
Արխիվ 12-16ԵԹԵ ԳՈՂԱՆՈՒՄ ԵՆ, ՈՒՐԵՄՆ ՍԵՎԱՆՈՒՄ ԴԵՌ ՄԻ ՔԻՉ ՍԻԳ ԿԱ
Պարզապես «հերոսական» աշխատանքի մասին վկայող փաստեր օրերս ներկայացրեցին ՀՀ բնապահպանության նախարարությունից: Պատկերացրեք՝ բնապահպանական պետական տեսչությունն անցած շաբաթ հինգ օրում իրականացված շրջայցերի ընթացքում նախ ապօրինի անտառահատումների ուղղությամբ է «ահռելի» գործ արել, եւ. «Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Վայոց ձորի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում ...»:
Այսպիսով՝ հայաստանյան անտառը ոչնչացումից «փրկելով»՝ անցել են Սեւանի կենդանական աշխարհին: Այս ուղղությամբ էլ արդյունքները «ցնցող» են. «Երեւանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 83կգ ¥175հատ¤ սիգ տեսակի ձուկ»: Դրանից զատ՝ 21 հատ «տիրազուրկ» սիգ հայտնաբերել են Գյումրիում, 17հատ՝ Աբովյանում, 208 հատ էլ՝ Գեղարքունիքում:
Այս հերոսություններից հետո պարզապես նման փաստ ներկայացնենք. մայրաքաղաքի փողոցներից մեկի ¥անունը չտանք, քանի որ նման տասնյակ փողոցներ կարող ենք ներկայացնել¤ կոնկրետ հատված արդեն ամիսներ շարունակ երկու-երեք կին են «մասնավորեցրել»՝ տեղում կազմակերպելով թարմ եւ ապխտած սիգ ձկան «բացօդյա ցուցահանդես-վաճառք»: Նույն փողոցում, քիչ ներքեւ տեղակայված են ձկան վաճառքով զբաղվող նաեւ երկու խանութ, որտեղ նույնպես այդ նույն ժամանակահատվածում սիգն անպակաս է: Ընդ որում ֆիքսենք՝ այս ընթացքում վաճառքի գները որոշակիորեն նվազել են, ինչը տնտեսագիտական տերմիններով նշանակում է առաջարկի գերազանցում պահանջարկի նկատմամբ: Շեշտենք նաեւ հետեւյալը. մի շարք հայտնի ձկնաբուծարաններ մեզ տեղեկացրին, որ իրենք սիգ չեն բուծում. «Դա մյուս ձկնատեսակների համեմատ ավելի բարդ է, եւ նախընտրում ենք սիգով չզբաղվել: Մանրածախ վաճառքում հիմնականում Սեւանի սիգն է»: Եվ վաճառողներն էլ իրենց հերթին են քանիցս հաստատել, թե, այո, վաճառում են Սեւանի սիգը: Էլ չասած, որ հիշատակված «բացօդյա» վաճառական կանանց խոսքի բարբառային առանձնահատկությունն արդենիսկ վկայում է, որ Սեւանի կողմերից են:
Այս մասին ժամանակին խոսելու առիթներ ունեցել են, ավելին՝ պատկան բոլոր մարմինների ուշադրությունը հրավիրել սիգի նման ապօրինի վաճառքի վրա: Եվ երբ միայն ամիսներ անց է Բնապահպանության նախարարությունը ողջ Երեւանից հինգ օրում հայտնաբերած 175 սիգից խոսում, իրոք դա «ցնցող» տպավորություն է թողնում: Այն էլ՝ «տիրազուրկ» սիգի, ինչը նշանակում է, որ ձկան վաճառքով զբաղվող խանութներից 1 սիգ անգամ չեն հայտնաբերել, իսկ, օրինակ, հիշատակված այն երկու-երեք կանայք «անտեսանելի» էին: Բայց չէ, հենց երեկ, երբ նախարարությունն այդ «հերոսական» թվերն էր ներկայացնում, առիթ ունեցանք հենց նույն «բացօդյա ցուցահանդես-վաճառքի» մոտով անցնել: Երեւի կռահեցիք՝ ամեն ինչ իր տեղում էր, այդ թվում՝ հենց գետնին դրված կեղտոտ արկղերից վաճառվող երեք-չորս տասնյակի չափով ձկները:
Ի դեպ, այս իրավիճակը լավ եւ վատ կողմ ունի: Լավն այն է, որ պետության հաշվին երկար ժամանակ Սեւան բաց թողնված ձկները հասցրել են մի քիչ վերակենդանացնել լճի ֆաունան, եւ որսագողությունը նորից դարձել է եկամտաբեր: Եվ վատը. թե այդ որսագողության հիմնական եկամուտը որ կոնկրետ գրպաններում է կուտակվում, դժվար չէ կռահել այն վերահսկողությունից, որը պատկան մարմինները կիրառում են այդ մեծ թալանի «դեմն առնելու» համար: Մի խոսքով՝ շուտով նորից Սեւանում սիգ չի մնա:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk