Արթուր Պողոսյան. «Կարողացանք մեր մշակույթը լայնամասշտաբ ձեւով ներկայացնել ամբողջ աշխարհին»
Արխիվ 12-16«ԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՁԵՎՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ»
«Իրավունքի» այս տարվա վերջին «Ուղիղ կապի» հյուրն էր ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ, ով մշակութասեր հանրության հեռախոսազանգերի եւ ֆեյսբուքյան օգտատերերի հնչեցրած հարցերի միջոցով ամփոփեց մշակութային տարին` ըստ ոլորտային ուղղությունների` կինո, թատրոն, կերպարվեստ, մշակութային կրթություն, հոբելյաններ:
«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՕՐԵՆՔՈՎ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒՆ ԴԵՄ ԵՆՔ»
- Այս տարի բավական մեծ աճ նկատվեց դասական երաժշտության ոլորտում, որը շատ ուրախալի էր: Բայց հիմա էլ, կարծես հետ է մնում էստրադան, ի՞նչ քայլեր են արվում այս ուղղությամբ, եւ 2016 թվականին երգարվեստի վերաբերյալ որեւէ օրենսդրական նախաձեռնություն հնարավո՞ր է: (ՏԻԿԻՆ ԳԱՅԱՆԵ)
- Շնորհակալ եմ գնահատականի համար, հաշվի առնելով, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցն էր, իսկապես փորձել ենք լուրջ ուշադրություն դարձնել դրա վրա: Ինչ վերաբերում է էստրադային, գուցե սա սուբյեկտիվ կարծիք է, բայց, ըստ իս, այն ավելի լավ վիճակում է այսօր եւ կարողանում է իր ճանապարհը հարթել, քան դասական երաժշտության, ազգային երգարվեստի կամ ընդհանրապես երաժշտարվեստի մյուս ճյուղերի հանրահռչակումն է: Իհարկե, էստրադայի հետ կապված ունենք որոշակի ծրագրեր, բայց դրանք հիմնականում ջազային երաժշտությանն առնչվող միջոցառումներ են: Իսկ օրենսդրական նախաձեռնության կամ օրենքների ընդունմանն անդրադառնալով` նշեմ, որ, անկեղծ ասած, ժամանակակից արվեստի ոլորտները օրենքով կարգավորելուն մենք դեմ ենք, որովհետեւ ինչ-որ տեղ դրանով սահմանափակվելու է ազատ ստեղծագործելու իրավունքը: Կարծում եմ` ժամանակակից արվեստի ոլորտում հնարավոր է միայն «Կինոյի մասին» օրենք ունենալ:
«ԴԵՌԵՎՍ «ՀԱՅՖԻԼՄԸ» ՉՎԵՐՑՐԱԾ` ԱՐԴԵՆ 21 ՖԻԼՄ ԹՎԱՅՆԱՑՐԵԼ ԵՆՔ»

- «Հայֆիլմը» վերադարձվեց պետությանը, ի՞նչ փոխվեց դրանից հետո, եւ արդյո՞ք մոտ ապագայում կունենանք նոր ֆիլմեր, որոնք մնայուն արժեք կդառնան: (ԳԱԳԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ)
- Այո, կառավարության որոշմամբ` անցած տարվանից սկսվել է «Հայֆիլմի» պայմանագրի լուծարման գործընթացը: Խոսքն առաջին հերթին` «Հայֆիլմի» ամբողջ տարածքները եւ ունեցվածքը նորից պետությանը վերադարձնելու մասին է, որից հետո, կարծում եմ, այն կանցնի Մշակույթի նախարարության լիազորության տակ, եւ կփորձենք, իսկապես, այդ գործընթացը սկսել: Ասեմ, որ մեզ համար այս գործընթացի մեջ առավել կարեւոր է, կինոժառանգության պահպանությունն ու դրա օգտագործման իրավունքը հետ վերցնելը, որովհետեւ «Հայֆիլմի» սեփականաշնորհումից հետո կինոժառանգության օգտագործման իրավունքն էլ էր 50 տարով տրամադրվել տերերին: Հիմա պետությունը հետ վերցնելով օգտագործման իրավունքը` առաջին հերթին սկսել եւ շարունակելու է կինոժառանգության թվայնացումը: Այսինքն` մեր այն շեդեվր համարվող ֆիլմերը, իսկ «Հայֆիլմ» կինոստուդիայի ամբողջ կինոժառանգությունը շատ լուրջ մշակութային արժեքներ են, առաջին հերթին պահպանելու խնդիր ունեն: Եվ այս տարի դեռեւս «Հայֆիլմը» չվերցրած` արդեն 21 ֆիլմ թվայնացրել ենք: Իհարկե, «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքները, հնարավորությունները, ռեկվիզիտները վերցնելուց հետո, կկարողանանք նոր ֆիլմեր նկարել: Բայց, դուք էլ հասկանում եք, որ այն ֆինանսական միջոցների հետ է կապված: Իսկ գաղափարներ եւ պատրաստակամություն մեր կողմից կան, եւ հենց այդ նպատակով էլ «Հայֆիլմը» հետ է վերադարձվել պետությանը: Այնպես որ, այսօր գույքագրում ենք մեր մշակութային կինոժառանգությունը, որը շատ բարդ եւ երկարատեւ աշխատանք է, բայց նպատակն այն է, որ այդ ամենը օգտագործվի նոր ֆիլմեր ստեղծելու համար:
«2015 ԹՎԱԿԱՆԻ ԳԵՐԱԿԱ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԷՐ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

- Գաղտնիք չէ, որ երեւանյան թատրոններն ունեն վատ տեխնիկական հագեցվածություն, չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին: 2016-ին իրավիճակը կփոխվի՞: (ՆՈԵՄ ՍԱՐԳՍՅԱՆ)
- Համաձայն եմ` տեխնիկական հագեցվածությամբ չենք համապատասխանում ընդունված չափանիշներին: Բայց բավական լուրջ աշխատանքներ են իրականացվում: Օրինակ` Սունդուկյանի անվան թատրոնն արդեն երրորդ ամիսն է չի աշխատում եւ մինչեւ 2016 թվականի մարտ ամիսը ամբողջությամբ կվերազինվի: Ինչպես գիտեք, դեռեւս նախանցած տարի ավարտվել է Օպերային թատրոնի տեխնիկական վերազինումը, իսկ անցած տարի` «Արամ Խաչատրյան» համերգասրահինը: Տարեվերջին կառավարությունը ֆինանսներ հատկացրեց նաեւ Երեւանի կամերային թատրոնի լուսաձայնային ողջ համակարգի համար, որը դեռ չեն ներդրել: Ընդհանուր առմամբ, որպես ենթակառուցվածքների զարգացում` այս տարի դահլիճային աթոռներով ապահովվեցինք Գորիսի թատրոնը, Գյումրու թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր դահլիճը: Եվ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Ընդհանրապես, փորձում ենք վերազինել բոլոր թատրոնները: Եվ հաշվի առնելով, որ 2015 թվականի գերակա ուղղություններից էր թատերական քաղաքականությունը, մենք հասցրեցինք բավականին լուրջ աշխատանքներ իրականացնել, որը տասնյակ տարիներով արված չէր:
«ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆՔ 42 ՀՈԲԵԼՅԱՆԻ»

- 2015-ին քանի՞ հոբելյան հաջողվեց իրականացնել, եւ քանիսն են նախատեսված 2016-ին: («ԻՐԱՎՈՒՆՔ»)
- Մինչեւ փետրվարի 15-ը բոլոր միություններից ստանում ենք հոբելյանների հայտեր եւ ամփոփում: Այս տարվա հոբելյանները բավական շատ էին: Իհարկե, մեր գործունեության ուղղություններից մեկն է դա, բայց իմ անձնական մոտեցումը մի քիչ այլ է: Այո, պետք է անդրադառնալ հոբելյաններին, բայց ավելի շատ փորձենք մնայուն գործեր ստեղծել: Երեկոներ կազմակերպելը շատ լավ է, որովհետեւ հանրահռչակում է այդ մարդու կենսագրությունը, թողած գործերը... Բայց ավելի լավ է տվյալ գործչի մասին փորձենք գիրք հրատարակել, իր ստեղծագործություններից մեկը տպագրել կամ ցուցադրել հեռուստատեսությամբ: Եվ այդ կարգի ձեւաչափերով 2015-ին անդրադարձել ենք մոտ 42 հոբելյանի: Ծրագրի շրջանակում մոտ 50-ից ավելի միջոցառումներ ենք իրականացրել` երեկոներ, համերգներ, ներկայացումներ, փառատոներ, շնորհանդեսներ: Ինչպես նաեւ 21 հեռուստահաղորդումով անդրադարձ է եղել հոբելյաններին, երեք վավերագրական ֆիլմ է նկարահանվել, հեռուստաեթերներ են եղել, տպագրվել է 28 գիրք, որից 5-ը նոտաներ, 23-ը` նվիրված այդ մարդկանց: Ու այս տվյալները նշում եմ` առանց Ցեղասպանության տարելիցի միջոցառումների: Եթե դա էլ գումարենք, ահռելի թիվ է կազմում:
ՏԱՐՎԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐԸ

- Մշակութային ոլորտում 2015 թվականին ունեցած ի՞նչ ձեռքբերումներ եւ ձախողումներ կառանձնացնեք: (ԼԻԼԻ, Արագածոտնի մարզ):
- Ե՛վ ձեռքբերումները, ե՛ւ ձախողումները շատ են: Գուցե ձեռքբերում չհամարենք, բայց կցանկանայի շեշտել այն լայնամասշտաբ միջոցառումները, որ իրականացրինք Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում: Խնդիրը ոչ միայն այն էր, որ պատշաճ կերպով հանրությանը ներկայացնենք 100-ամյա վաղեմության մեր ողբերգությունը, այլ այդ անվան, այդ կարգախոսի տակ կարողացանք մեր մշակույթը լայնամասշտաբ ձեւով ներկայացնել ամբողջ աշխարհին: Իսկ բացթողումներ ավելի շատ կարող եմ նշել: Այն նախարարությունը, որը չի կարողանում նշել բացթողումներ, նշանակում է չի վերլուծել իր աշխատանքը, կամ եթե գոհ է իր աշխատանքից, նշանակում է վատ է աշխատել: Բացթողումներից մեկը կարող ենք համարել այն, որ, օրինակ, կինոոլորտում նախատեսել էինք մեծ թվով ֆիլմեր թվայնացնել, որը չհաջողվեց: Իհարկե, մասնակի հաջողվեց, բայց մեր մոտեցումները եւ ցանկությունները շատ ավելի մեծ էին: Թատերարվեստի ոլորտում կարող եմ ասել, որ կցանկանայի ավելի շատ նոր բեմադրություններ լինեին: Չնայած` բավական մեծ թվով ունեցանք նոր բեմադրություններ, բայց դրանց մեջ կուզենայի տեսնել այնպիսիները, որոնք ավելի մեծ հաջողություն կունենային, քան այսօր ունեն: Կերպարվեստի ոլորտում կցանկանայի էլ ավելի հաջողություններ գրանցեինք, թեպետ այս տարի մեծ ձեռքբերում ունեցանք` Վենետիկի Բիենալեյում Հայաստանն առաջին տեղը գրավեց, եւ «Ոսկե առյուծ» ձեռք բերեցինք: Միեւնույն ժամանակ, պետք է նշեմ, որ ֆինանսական միջոցների պակասության պատճառով` անհատապես կերպարվեստի գործիչներին մեր աջակցությունը չկարողացանք այն ձեւով ցուցաբերել, որը ցանկալի էր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Շարունակելի...
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk