«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԱՄԱՆՈՐՅԱ ՍԵՂԱՆԻՆ ԽՈԶԻ ԲՈՒԴ ԿԼԻՆԻ՞
Արխիվ 12-16«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԱՄԱՆՈՐՅԱ ՍԵՂԱՆԻՆ ԽՈԶԻ ԲՈՒԴ
ԿԼԻՆԻ՞
Ինչպես հայտնի է, որ «Նոր Հայաստան» ճակատը Ամանորն անցկացնելու է Ազատության հրապարակում: «Իրավունք»-ը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից պարզեց` նա եւս մասնակցելո՞ւ է այդ միջոցառմանը: «Անպայման: Ոչ միայն ես, այլեւ իմ ընտանիքի անդամները»,- ասաց Մարտիրոսյանը:
Կես կատակ, կես լուրջ հարցրինք` «Նոր Հայաստան»-ի ամանորյա սեղանին խոզի բուդ կլինի: «Դե եթե դուք բերեք, ինչու չէ»,- կատակին կատակով պատասխանեց Մարտիրոսյանը:
«Ես չեմ կարող բերել, բայց «Նոր Հայաստան»-ի անդամները գուցե բերե՞ն»,- հետաքրքրվեցինք կուսակցության փոխնախագահից:
«Դե եթե դուք էլ բերեք, մեր անդամներն էլ, խոզի բդեր կլինեն: Իսկ եթե ավելի լուրջ` կարեւորը ոչ թե սեղանի , այլ ոգու բովանդակությունն է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Բայց չարժե՞ քաղաքացիներին շահագրգռել Ամանորյա ճոխ սեղանով, որպեսզի նրանք եւս գան հրապարակ: «Չեմ կարծում` հրապարակ եկող քաղաքացիները ճոխ սեղանների համար պետք է գան»,- հակադարձեց քաղաքական գործիչը:
Ի դեպ, Արմեն Մարտիրոսյանն առաջին անգամ չէ, որ մասնակցում է նման միջոցառման` 1990-ականներին Ազատության հրապարակում ընտանիքի անդամների հետ:
Բացի Արմեն Մարտիրոսյանից` Րաֆֆի Հովհաննիսյանը, նրա կինը`Արմենուհի Հովհաննիսյանը, ու նրա որդիներից մեկը եւս Նոր տարին կտոնեն Ազատության հրապարակում:
Ինչու են «Նոր Հայաստան»-ի միջոցառումները սակավաթիվ անցնում, արդյոք պայքարի այս ձեւը չի սպառել իրեն: «Ոչ»,- վստահ է «Ժառանգականը»:
Եթե հանրության մեծ մասը չի մասնակցում Նոր Հայաստան-ի միտինգներին, դա, ըստ Մարտիրոսյանի, չի նշանակում, որ ժողովուրդը խորը սիրով է լցված իշխանության հանդեպ. «Կա մի փոքր վհատություն, բայց կարծում եմ` ժամանակի խնդիր է: Որոշ ժամանակ անց մեր քաղաքացիները ակտիվ կմասնակցեն մեր հանրահավաքներին»:
«Նոր Հայաստան»-ի անդամները, մասնավորապես «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները մերժում են ընտրական գործընթացները`դրանք համարելով կեղծ երեւույթ: Սակայն խոսակցություններ կան, որ «Նոր հայաստան»-ը ներկայիս կազմով ցանկություն ունի մասնակցելու գալիք ընտրություններին: «Ժամանակին առաջ չընկնենք, այս պահին մենք այլ օրակարգ ունենք»,- եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk