ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ԴՈՒՐԳԱՐՅԱՆՆ ԱՐԴԵՆ ԻՐԱ ՏԵՂՈՒՄ ՉԷՐ»
Արխիվ 12-16ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ԴՈՒՐԳԱՐՅԱՆՆ ԱՐԴԵՆ ԻՐԱ ՏԵՂՈՒՄ ՉԷՐ»


Արդեն մի քանի օր է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբն աշխատում է առանց ղեկավարի` Կարեն Դուրգարյանի, քանի որ թատրոնի գեղարվեստական ղեկավար ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ որոշմամբ` դա ավելորդ հաստիք էր: «Իրավունքի» հետ զրույցում Գ. Գրիգորյանը չհերքեց, որ որոշումը կայացվել է իր անձնական ցանկությամբ եւ առաջարկով: Ավելին` չբացառեց, որ որոշ ժամանակ անց հաստիքը կրկին կվերականգնվի: Ի դեպ, Գ. Գրիգորյանի կոլորիտը պահելով` զրույցը ներկայացնում ենք բառացի:
-Գլխավոր դիրիժորի հաստիքը կրճատելը` պատճառաբանել եք, որ Դուրգարյանը չի համապատասխանում, իսկ ինչի՞ն չի համապատասխանում:
- Ես նման բան չեմ ասել, լրիվ ուրիշ բան եմ ասել: Ես հիմա ուրիշ ծրագրեր ունեմ եւ ուզում եմ, որ ավելի շատ տարբեր դիրիժորներ մասնակցեն, չեմ ուզում, որ գլխավոր դիրիժոր լինի եւ առաջիկա մեկ, երկու տարի չի լինելու:
- Այսինքն` ստացվում է, որ առաջիկա 2 տարին օպերային թատրոնը կաշխատի առանց գլխավոր դիրիժորի՞:
- Այո, գլխավորի պաշտոնը դուրս ա գալիս, դա այսօր գործին խանգարում ա: Իսկ հետագայում` կտեսնենք: Նա այսօր չեմ ասում որպես դիրիժոր, այլ որպես գլխավոր դիրիժոր չի համապատասխանում: Գլխավոր դիրիժորը դա ուրիշ բան ա:
- Իսկ կհիմնավորե՞ք:
- Դա իսկի իր պրոֆեսիոնալիզմի հետ էլ կապված չի: Դա ղեկավարել ա, մարդկանց հետ ճիշտ քաղաքականություն վարել ա, ոչ թե` սեփականություն են դարձրել օրկեստրը: Չեմ ուզում, հիմա դա խանգարում ա աշխատանքին:
«ԵՐԲ ԹԱՏՐՈՆԻ ՄԻ ՄԱՍԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՄԵԿԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ...»
-Պարոն Գրիգորյան, այս վեց ամսվա գործունեությունից հետո նո՞ր` այս երկու օրվա ընթացքում պարզվեց, որ խանգարում է, ու նման հապճեպ որոշում կայացվեց:
- Ա՛յ, այդ վեց ամիսը պայքարում էինք դրա դեմ, թե ոնց անենք, որ ձեւը գտնենք ու այդ ամեն ինչն անենք: Փոխանակ նստենք աշխատանք կատարենք, դրա մասին էինք մտածում: Մի վեց ամիս էլ ժուռնալիստների հետ սենց պատասխաններ կտանք:
- Ասում են` այդ վեց ամսվա ընթացքում բազմիցս Դուրգարյանին ասվել է, որ դիմում գրի, սակայն` հրաժարվել է:
- Հենց առաջին օրից է ասվել:
- Փաստորեն, ստիպված դիմել եք այդ մեթոդին, որպեսզի հաստիքը հանվի՞:
- Այո, ես ուզում եմ այդ ձեւը, որովհետեւ ճիշտ ա էդ ձեւը, որպեսզի կարողանամ մարդկանց հրավիրեմ: Բաներ կա, որ խանգարում են, մինչեւ այսօր էլ խանգարում էր, որովետեւ, երբ թատրոնի մի մասը դառնում է մեկի սեփականությունը, հեչ լավ բան չի, սկսում ա բաժանվել իրարից:
- Իսկ հնարավո՞ր չէր շուտ այս հարցը լուծվեր, որ...
- Հնարավոր չէր, հիմա էլ կտեսնեք, որ ամեն օր այդ խոսակցություններն ա, դժվար բան ա...
«ԹՈՂ ՄՈՒԾԵՆ ԳՆԱ, ԻՆՉ ԱՍԵՄ»
-Թատրոնը հիմա ստիպված է 2 ամսվա աշխատավարձը, որպես տուգանք, վճարել Դուրգարյանին, քանի որ ըստ աշխատանքային պայմանագրի, իրեն պիտի առնվազն 2 ամիս առաջ տեղեկացվեր այդ մասին:
- Ես այդքան բաներ չգիտեմ, իրավաբան չեմ, ես իմ ցանկությունն եմ ասել, թե ինչ պիտի անենք: Իսկ դա իրավաբանական բան ա, դա չգիտեմ իրենք ոնց են արել, երեւի ժամանակին սխալ պայմանագիր են կազմել: Երեւի ինչ-որ օրենքներ կա, որ չեմ իմանում ու, փառք Աստծո, թե չէ կգժվեինք այդ օրենքների ձեռը: Բայց, պետք ա, թող մուծեն, գնա, ինչ ասեմ: Ավելի լավ ա մտածեն` ոնց ա լինում, որ միլիոններ են ստանում տարիներով ու բեմ էլ դուրս չեն գալիս: Այդպես բա ո՞նց ա լինում, դա բյուջետային փողից չի գնո՞ւմ: Շատ բաներ կա, որ եթե մենք վերցնենք, սկսենք փողերով հաշվենք, օգուտ կանենք:
- Դուրգարյանի անունը միշտ կոնֆլիկտների հետ է կապվում, նաեւ խոսակցություններ կան, որ 2008 թվականին, երբ Դուք Ձեր դիմումի համաձայն դուրս եկաք թատրոնից` կոնֆլիկտնե՞ր եք ունեցել իր հետ եւ հիմա էլ վերադարձել եք, որ այդ «հարցերը» լուծեք:
- Ոչ, իրա հետ չի եղել կոնֆլիկտը, ուղղակի ես այն ժամանակ իրեն նշանակեցի եւ նրա գլխին տեր էի կանգնում ու ահագին աշխատանք արվեց: Հետագայում, փոխանակ էդ աշխատանքը շարունակվեր որպես երաժիշտ, շարունակվեց որպես ուրիշ ձեւի ղեկավար, դա իմ դուրը չի գալիս, երբ որ դարձնում են... Փոխանակ աշխատեն օրկեստրի հետ, սկսում են ուրիշ ձեւի ղեկավարել, օրկեստրը սեփականություն չի, թատրոնի մի մասնիկն ա: Եվ, պարտադիր չի, որ օպերային օրկեստրը մրցի սիմֆոնիկ օրկեստրի կամ մյուսների հետ, այն իր ֆունկցիան ունի` թատրոնի մի մասը լինելու:
- Ստացվում է, որ Դուրգարյանը թատրոնը դարձրել էր իր «դուքանը» ու կոռուպցիայո՞վ էր զբաղված:
- Դուրգարյանի մասին մի քիչ քիչ մտածեք, Դուրգարյանն արդեն իր ա տեղում չէր: Երբ ես թատրոնում էի, ինքն իր տեղում էր, զբաղվում էր օրկեստրով, բեմադրություններ էինք անում, դա էր նրա գործը, բայց որպես ղեկավար... Բոլոր մարդիկ չեն, որ դառնում են լավ ղեկավարներ, դա բոլորս գիտենք: Բոլորին էլ մեկ հանում են, մեկ` նշանակում: Իսկ եթե ավելի փորձառու է, դնում են, հետո տեսնում են չի ստացվում, հանում են: Ինչ է, կրա՞կն ենք ընգել, ամեն տեղ ա տենց, հո մենակ թատրոնը չի՞: Մարդը պետք ա հանգիստ նայի տենց բաներին:
«ՋԱՆԼՈՒԿԱՆ ԻՄ ԱՋ ՁԵՌՔԸ ԿԼԻՆԻ»
-Դուրգարյանը միշտ խանդով էր վերաբերվում արտասահմանից եկած երաժիշտներին...
- Ես տենց բաներ չգիտեմ, տենց բաների մեջ չեմ մտնում:
- Կարծում եմ` կհիշեք, ամիսներ առաջ իտալացի երաժիշտ Անտոնիո Կոնսալեսի դեպքը. Դուրգարյանը պատճառ դարձավ, որ արտիստի համերգը չկայանա, եւ նեղացած հեռացավ Հայաստանից:
- Չգիտեմ տենց բաներ, որովհետեւ ես նրան ո՛չ լսել եմ, ո՛չ էլ: Մի բանը, որ ես չեմ արել, չեմ կարող ո՛չ մեկնաբանեմ, ո՛չ էլ դատապարտեմ:
- Ասում են` Ջանլուկա Մարչանոյին էլ պակաս խանդով չի ընդունել:
- Մենք համոզվեցինք մի քանի ելույթից հետո, որ Ջանլուկան հոյակապ դիրիժոր է: Ուրախ եմ, որ Ջանլուկային գտել եմ: Միայն նա չէ, էլի կային մարդիկ, ուղղակի նա համաձայեց այդ փողերով համարյա ստեղ ապրել: Հասկանում եք` նա հոյակապ գիտի ամբողջ օպերային գրականությունը, լեզուն, գիտի աշխատել սոլիստների հետ` էն ինչ-որ այսօր մեզ պետք ա թատրոնին:
«Ո՞ՆՑ ԿԱՐԵԼԻ Ա 50-60 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՈՒՇՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ»
-Ձեր ասած 2 տարի անց` հնարավո՞ր է, որ հաստիքը վերականգնեք ու Ջանլուկային էլ բերեք` որպես գլխավոր դիրիժոր:
- Դժվար, չէ, ես չեմ ուզենա, ինքն էլ չի ուզենա: Նրանք այն կարգի դիրիժորներ են, որ ամեն տեղ չափ են տալիս ու աշխատում են, հեչ միտք չունի: Ուղղակի աշխատանքը շատ հաճելի բան ա, եթե տենում ես պտուղը: Ու մենք համոզվեցինք դրանում` Ջանլուկայի մի 2 ներկայացումներից, համերգներից հետո: Մի օրում նենց հավաքվեց օրկեստրը` բարդագույն ծրագրով: Եվ շատ ուրախ եմ, որ Ջանլուկան կա, որովհետեւ նա նաեւ իմ աջ ձեռքը կլինի: Այդքան մենք երիտասարդ երգիչներ ունենք, հետները պետք ա աշխատի, որ աճեն, ո՞նց կարելի ա 50-60 տարեկան Անուշներ ունենալ:
- Հնարավո՞ր է, որ առաջիկայում նման էքսպերիմենտ էլ անեք...
- Դա էքսպերիմենտ չի, ես արդեն զրուցել եմ Բալոնյայի գլխավոր դիրիժորի հետ, որը կգա, չափ կտա, երեւի մի բեմադրություն կտանք: Տեսնենք ինչ կլինի էլի: Տենց մարդիկ կլինեն, որ մեր երաժիշտները տարբեր ոճեր ու աշխատանք տեսնեն: Եվ, իհարկե, մեր հայ դիրիժորներն էլ կմասնակցեն, հիմա արդեն պատրաստում ենք մանկական օպերա` դիրիժոր Ռուբեն Ասատրյանի հետ, որը հեռացվել էր թատրոնից, չգիտեմ ինչ պատճառներով: Կան մարդիկ, որ ուղղակի վերցրել ու հանել էին աշխատանքից, մի քիչ սխալ բաներ ա արված սոլիստների վերաբերյալ, ստաժորի գրուպան են հանել, բա էտ մարդիկ պետք ա աշխատեն, աճեն, չէ, երիտասարդ են, ո՞նց կարելի ա, դրա համար պետք ա վերականգնվի:
«ԷՏ Ո՞Վ Ա ՏԵՆՑ ԲԱՆԵՐ ԱՍԵԼ»
-Իսկ հնարավո՞ր է, որ նման էքսպերիմենտի արդյունքում նաեւ բալետմեյստերի հաստիքը հանեք, կամ երգչախումբը ղեկավար չունենա:
- Շատ դժվար հարց ա, չէ, ո՞վ ա ասում, որ պետք ա հանվի, էտ ո՞վ ա տենց բաներ ասել: Մենք ունենք գլխավոր բալետմեյստեր` Վիլեն Գալստյանն ա, եւ աշխատում ա բալետը, ինչ ա եղել:
Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk